Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սիմոնյանը ստում է. Արայիկ Հարությունյան

Փետրվար 21,2019 12:17

«Գիտեմ, որ Արամ Սիմոնյանը ձեզ մոլորության մեջ է գցել: Արամ Սիմոնյանին ոչ մեկ չի ստիպել դուրս գալ, նա ստել է՝ ձեզ ասելով, որ ԵՊՀ 100-ամյակը չի նշվում, քանի որ ինքը ռեկտոր է և այսպես շարունակ: Որոշումը, պատասխանատվությունը ձերն է՝ մտնե՞լ Արամ Սիմոնյանի կեղծիքի տակ, թե՞ ոչ»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի՝ բուհի գիտխորհրդի արտահերթ նիստում հնչեցրած այն կարծիքին, թե իր վրա ճնշումներ են գործադրվում, քանի որ ՀՀԿ անդամ է, այսպես արձագանքեց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նա հայտարարեց՝ ԵՊՀ-ն այս խղճուկ վիճակում, կեղծիքի մեջ չպետք է լինի և զգուշացրեց՝ ԿԳՆ-ն այս առումով խորհրդին ոչ մի բան չի ասելու. բուհը լիարժեք ինքնավար է:

Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ իր հետ զրույցում Արամ Սիմոնյանն ասել է, թե ԵՊՀ-ն իրեն պետք է ինքնապաշտպանվելու համար ու, դիմելով գիտխորհրդի անդամներին, ասաց՝ ձեզ բոլորիդ սարքել է վահան իր ինքնապաշտպանության համար:

ԿԳ նախարարն ասաց, որ նախարարությունում կան բազում ՀՀԿ-ականներ, որոնց հետ արդյունավետ աշխատում են: Օրինակ բերեց աշխատակազմի քարտուղարին՝ նշելով, որ ՀՀԿ-ական է, բայց նրա հետ արդյունավետ աշխատում են:

Ըստ նախարարի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը գիտխորհրդի նիստ հրավիրելու շտապողականության պատճառը ոստիկանության երեկվա հրապարակումներն են. «Չէի հասկանում՝ ինչու է Արամ Սիմոնյանն այդպես խուճապահար մեր մեծ տոնի օրը գիտխորհրդի նիստ հրավիրում: Նա նախ ստում է, որ հարյուրամյակի միջոցառումները մենք խափանում ենք և հարյուրամյակի միջոցառումներ չեն լինելու: Շաբաթներ առաջ նույն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո ես գնացել եմ վարչապետի մոտ և նրա հետ միասին քննարկել ենք, որ մեծ, շատ մեծ շուքով նշելու ենք ԵՊՀ 100-ամյակը: Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, և ես վարչապետից նման հանձնարարական ստացել եմ: ԵՊՀ 100-ամյակի հանձնաժողով չի ստեղծվել մինչև այս պահը մի պատճառով, որ ես գլխավորում եմ նաև Թումանյանի 150-ամյակի, Կոմիտասի 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովները և զուտ տեխնիկական պատճառով այդ հանձնաժողովն այս պահին ստեղծված չէ, բայց հաջորդ շաբաթ անպայման կստեղծվի: Սիմոնյանի այն պնդումը, թե իր անձի հետ է կապված հանձնաժողովի չստեղծումը սուտ ու կեղծիք է: Ես կարծում եմ, որ Սիմոնյանն այս ամիսներին շատ լայն հնարավորություն էր ստացել արժանապատիվ գործելու, քանի որ ինքնակառավարման այնպիսի լայն հնարավորություն, որ այս իշխանության օրոք են ստացել, երբևէ չեն ունեցել: Եվ նա կարող էր իրեն բավականին արժանապատիվ պահել և նման կեղծիքի չգնալ: Ինչ-որ արժանապատվության նշույլներ այս ընթացքում նրա կողմից տեսա, փաստացի այս կեղծիքը, որ արեց գիտխորհրդի նիստին, վերջնականապես հաստատեց, թե ինչպիսի ղեկավար է նա եղել, է և ուզում լինել»:

RA PM Serzh Sargsyan and rector of YSU Aram Simonyan

Դառնալով Արամ Սիմոնյանի հայտարարություններին՝ նախարարը շարունակեց. «Մարդիկ խոսում են ինքնավարությունից ու խոսում են մարդիկ, որոնք նախկին հոգաբարձուների խորհրդի հետ նկարներում ուղիղ մեջքով որևէ նկար չունեն: Ինչ վերաբերում է իմ և ռեկտորի զրույցին, ապա խոսել ենք տարբեր թեմաներով, այո, այդ զրույցի ժամանակ վերջում ես իմ մտահոգությունն եմ հայտնել և հորդորել, որ չեմ պատկերացնում իր մասնակցությունը հարյուրամյակի միջոցառումներին: Բոլոր այն խախտումները, նեգատիվը, որ կան համալսարանում, կապված են իր հետ: Ուսանողների, դասախոսների սահմանափակումները, բուհի ինքնավարությունը պլենտուզի մակարդակի իջեցնելն ամբողջությամբ իր հետ է կապված: Որպես կառավարական հանձնաժողովի նախագահ, բնականաբար, մտահոգություն պիտի հայտնեի: Եթե պետք է նման մեծ շուքով ու հանդիսավորությամբ նշվի այդ միջոցառումը, ի՞նչ մեսիջ ենք տալու մեր հանրությանը, երբ Արամ Սիմոնյանը շարունակում է պաշտոնավարումը, էլ տոնակատարությունն ինչի՞ համար է: Ամենակարևորը դրան եղել է Արամ Սիմոնյանի արձագանքը, երբ նա ասել է, որ 100-ամյակն ինձ չի հետաքրքրում, գնացեք, կազմակերպեք, ես չեմ էլ մասնակցի այդ 100-ամյակին, հետո ասում է, եթե իմ դեմ քրեական գործ հարուցվի, համալսարանն ինձ պետք է, որպեսզի ես պաշտպանվեմ»:

Արայիկ Հարությունն ասաց, որ հիմա Արամ Սիմոնյանը ինչ-որ մարդկանց միջոցով, որոնց մեջքը միշտ էլ ծուռ է եղել, ափալ-թափալ տեքստեր են պատրաստում գիտխորհրդի համար:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728