ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջանային այցով ժամանել են Երեւան, հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱԳ նախարար Մնացականյանի հետ։ Այսօր նրանք մեկնելու են Բաքու։ Փաշինյանի հետ հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության մեջ նշված էր, որ վարչապետը համանախագահներին ներկայացրել է Ալիեւի հետ Դավոսում ոչ պաշտոնական հանդիպման մանրամասները։ «Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացի համապատասխան մթնոլորտի ձեւավորման շուրջ, ուրվագծել են հետագա քայլերը։ Կարեւորվել է հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը»։
Ու քանի որ այս անգամ համանախագահները չեն մեկնելու Ստեփանակերտ, Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը ասել է՝ երբեմն նման բացառություններ լինում են, իսկ չգալու պատճառ կարող է լինել նաեւ այցի թեմատիկան։ Ըստ նրա՝ այս անգամ համանախագահները եկել են, որպեսզի կազմակերպեն ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարների ու պատասխանատուների միջեւ հանդիպումը. «Այդ դեպքերում նրանք սովորաբար Արցախ չեն գալիս, գալիս են, որ պայմանավորվեն ղեկավարների հանդիպման տեղի, ժամի վերաբերյալ»։
Նկատենք, որ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, համանախագահների հետ վարչապետի հանդիպման մասին պաշտոնական տեղեկատվության մեջ որեւէ խոսք չկա Իլհամ Ալիեւի հետ հանդիպման մասին, այլ ընդամենը հեռավոր ակնարկներ՝ «հետագա քայլերն ուրվագծվելու» մասին։ Մինչդեռ Արցախի նախագահի խոսնակն, ընդհակառակը, պնդում է, թե ՄԽ համանախագահների այցի նպատակը երկու երկրների ղեկավարների հետ հանդիպումը կազմակերպելն է։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում