Լրահոս
Օրվա լրահոսը

Պատասխան են տալու ոչ միայն Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու, այլեւ 20 տարի առաջ իր եւ իր թիմակիցների արտահայտած տգետ մտքերի համար. «Հրապարակ»

Փետրվար 21,2019 11:43

Հայաստանի մաշված հանրությունը երիցս համոզվել է, որ Քոչարյանն իր ողջ թիմով, «իրավահաջորդով» քաղաքական հալածյալ չէ, այլ՝ հանցագործ, որի  համար բոլորը պատասխան են տալու։  Պատասխան են տալու ոչ միայն Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու, այլեւ 20 տարի առաջ իր եւ իր թիմակիցների արտահայտած տգետ մտքերի համար։

Բերենք մի քանի նմուշ 1998թ. հունվարի 8-ի Անվտանգության խորհրդի նիստից. «Շրջափակումները չեն ազդում Հայաստանի տնտեսության զարգացման վրա», «Ղարաբաղյան հակամարտությունը խոչընդոտ չէ արտասահմանյան ներդրումների համար», «Հայաստանի բյուջեն կարելի է 2-3 անգամ մեծացնել՝ պայքարելով ստվերային տնտեսության դեմ», «Սփյուռք-Հայաստան հարաբերությունների սերտաճման դեպքում Սփյուռքից կարելի է ստանալ տարեկան 400-500 միլիոն դոլարի օգնություն», «Հնարավոր չէ Հայաստանը մեկուսացնել։ Մեզ կօգնեն Ռուսաստանը եւ Իրանը» (նկատի ունեն ռազմական օգնությունը), «Իսրայելի օրինակը ցույց է տալիս, որ կարելի է զարգանալ մեկուսացման պայմաններում» (երբ Իսրայելն ունի հարյուրավոր կիլոմետրեր ծովային սահման), եւ ամենաանհեթեթ միտքը. «Ղարաբաղի հարցում հիմա կարիք չունենք փոխզիջման գնալու։ Կզիջենք այն ժամանակ, երբ հարկադրված լինենք»։

Քիչ է ասել՝ անհեթեթ, որովհետեւ «Կզիջենք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք» միտքը նույն կապիտուլյացիան է, երբ ոչինչ չես զիջում, այլ հլու-հնազանդ ընդունում ես այն, ինչ փաթաթում են քո վզին։ Որպես բիզնեսի «հայրեր»՝ ընդհանրապես նրանց խելքի բանը չէ, որ քաղաքականության մեջ, ինչպես բիզնեսում, հաջող են համարվում միայն այն գործարքները, որոնցից շահում են երկու կողմերը։ Երբ շահում է միայն մեկ կողմը, գործարքը հաջողված կամ տեւական չի լինում։ Ի վերջո, վարդագույն ցանկությունները ներկայացնել որպես քաղաքական լրջմիտ հաշվարկներ, մեղմ ասած, տգիտություն է՝ մարտնչող տգիտություն։

Թավշյա հեղափոխության նվաճումներից է նաեւ այն գիտակցումը, որ ղարաբաղյան կնճիռը որքան էլ շահարկեն, ձգձգեն, միեւնույն է՝ հարթվելու է։ Լուծումն ինքնատիպ է լինելու, հաղթողներ եւ պարտվողներ չեն լինելու։ Ապացույցն ԱԺ ընտրություններում հրձիգ-քաղաքական ուժերի պարտությունն էր։ Պարտվեցին, սակայն դրանց գաղափարակիրներն այնքան նեղմիտ գտնվեցին, որ չհասկացան, թե ինչու է հանրությունը հոգնել իրենցից, եթերում նրանց տեսնելիս, խոսքը լսելիս փոխում են ալիքը, մամուլում հայտնվելիս փոխում են էջը։ Եվ այսպես շարունակ՝ թուղթ ու եթեր են մրոտում ու դիրքավորվում, չզարմանանք, Արցախում:

Մարտին եւ Արամայիս ԱՍԼԱՆՅԱՆՆԵՐ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728