Նախօրեին ավարտվել է Մասիսի ՀՀԿ-ական քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և ևս 10 հոգու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել 11 հոգու, այդ թվում՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, նրա եղբորը՝ Գոռ Համբարձումյանին, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին։
Այս գործով մեղադրյալների շահերի պաշտպան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ գործի նյութերը ստացել են դեռևս հունվար ամսվա վերջում, ծանոթացել են նյութերին, այս ընթացքում մի քանի միջնորդություններ են ներկայացրել, որոնք մերժվել են։ «Խայտառակ նախաքննություն է, ապացույցներ չկան, եղածն էլ կատարվել է ակնհայտ թերի։ Պարզված չեն դեպքի պատճառները, հետևանքները։ Առերեսման միջնորդություններ ենք արել, որոնք մերժվել են։ Ոչինչ չի արվել, քանի որ ցանկացած օբյեկտիվ քննություն կբերեր այս գործի կարճման։ Գործն ամբողջությամբ կտապալվի դատարանում, եթե դատախազությունը հաստատի մեղադրական եզրակացությունը, և գործը գնա դատարան։ Իսկ եթե դատախազությունը խելամիտ գտնվի՝ առհասարակ չի հաստատի մեղադրական եզրակացությունը, և այս գործը կկարճվի»,- ասաց Աթանեսյանը։ Նրա խոսքերով՝ գործի հետևում կանգնած է իրավապահ մարմինների ցանկությունը՝ շողոքորթելու ներկայիս իշխանություններին։ «Չեմ կարծում, որ բարձրագույն իշխանության պատվերն է սա, այլ ընդամենը իրավապահները փորձում են լավը երևալ իշխանության աչքերում»,- նկատեց փաստաբանը։
Դիտարկմանը՝ Դավիթ Համբարձումյանի և նրա եղբոր արարքը հաստատող բազմաթիվ տեսանյութեր կան համացանցում, Աթանեսյանը պատասխանեց, որ Դավիթ Համբարձումյանի մասով առհասարակ որևէ ապացույց չկա, իսկ նրա եղբոր մասնակցությամբ Կորյուն-Հերացի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպը «հիմարություն է, սովորական ծեծ է, խուլիգանություն չկա։ Ցուցարարների կողմից էլ են եղել հարվածներ, գույքի վնասում, որը իրավապահների կողմից անտեսվել է»։
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: