Գուցե փոքր-ինչ «ոչ գիտական» միտք արտահայտեմ, բայց ասեմ. ես խիստ վերապահումներով եմ մոտենում այն պնդմանը, որ հասարակության զարգացման միակ շարժիչ ուժը մրցակցությունն է: Իմ վերապահումն, իհարկե, հակասում է այն գաղափարախոսությանը, որը վերջին երեք դարերի ընթացքում Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում փորձում են մտցնել մարդկանց գլուխները՝ իբր ավելի լավը, ավելի արդյունավետը դառնալու համար դու պետք է տեսնես ուրիշի հաջողությունները, «բարի նախանձով» լցվես ու ամեն ինչ անես, որպեսզի ունենաս ավելի մեծ ու ավելի տպավորիչ հաջողություններ:
Իհարկե, եթե տնտեսության մեջ չկա մրցակցություն, ապա ցանկացած մենաշնորհատեր կարողանում է «նաղդել» իր թանկ ու անորակ ապրանքը: Այդ առումով որքան մեծ է բազմազանությունը, որքան հավասար են տնտեսվարողների հնարավորությունները, այնքան լավ՝ պետության, տնտեսության եւ սպառողների համար: Բայց նույնիսկ տնտեսության մեջ մրցակցության դերը ես չէի բացարձակեցնի. ենթադրում եմ, որ, օրինակ, նրանք, ովքեր 21-րդ դարում հեղափոխական քայլեր են իրականացրել՝ Սթիվ Ջոբսը, Բիլ Գեյթսը, Մարկ Ցուկերբերրգը, Իլոն Մասքը չեն առաջնորդվել զուտ «մրցակիցներին խեղճացնելու» պարզունակ ցանկությամբ:
Մրցակցությունը չարժե ֆետիշացնել հատկապես այն ոլորտներում, որոնք կապված են հոգեւոր կյանքի հետ՝ ներառյալ գիտությունը, արվեստը, մեդիադաշտը: Այստեղ հաճախ ավելի գերադասելի է լինել ոչ թե առաջինը (թերեւս այնքան էլ պարզ չէ, թե ինչ է դա նշանակում), այլ՝ լինել յուրահատուկը, անկրկնելին, ունենալ սեփական դեմքը: Դա հատկապես արդիական է դառնում վերջին տասնամյակներում զարգացող զանգվածային արտադրության եւ «սպառողական հասարակության» պայմաններում:
Այդ առումով մեդիադաշտում առավել մեծ դեր է խաղում, կարծում եմ, Հանրային հեռուստատեսությունը: Ամենեւին չնսեմացնելով այն, ինչ արվել է նախորդ տարիներին, կարծում եմ, այսօր՝ «հետհեղափոխական» Հայաստանում անհրաժեշտ է փոխել նաեւ Հ1-ի հայեցակարգը: Այժմ այն պարզապես հեռուստաընկերություններից մեկն է, ինչն անտրամաբանական է անգամ մրցակցության տեսանկյունից. պետբյուջեից պատկառելի գումարներ ստացող մեդիան մրցակցության մեջ է գտնվում սեփական միջոցներով գոյատեւող մասնավոր հեռուստաընկերությունների հետ եւ հարկատուների ռեսուրսն օգտագործում է՝ նույնատիպ բովանդակությունը՝ կոնտենտն ավելի գրավիչ դարձնելու նպատակով: Խնդիրը հենց այն է, որ Հանրային հեռուստատեսության կոնտենտը պետք է յուրահատուկ լինի, կրի, այսպես ասած, «ոչ կոմերցիոն», «ոչ վարկանիշային», «ոչ մրցակցային» բնույթ: Հանրությունը փող է տալիս Հանրայինին, որպեսզի վերջինս սպասարկի իր շահերը՝ ներկայացնի պետական, ազգային շահերից բխող բովանդակություն:
…Եթե Մեսրոպ Մովսիսյանը մասնակցի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնի մրցույթին, դա, ինձ թվում է, ճիշտ որոշում կլինի: Այդ դեպքում Հ1-ի խնդիրները նա շատ ավելի մանրամասն կձեւակերպի: Մեսրոպը հեռուստատեսությունում է աշխատում… 1969 թվականից:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Մրցակցության մեջ մենաշնորհությունը անարդար է, ինչպես նաեւ մենաշնորհության մեջ՝ մրցակցությունը: Մենաշնորհը պատկանում է բոլորին, օրինակ, երկրի հողն ու ջուրն ու օդն ու ընդերքը պետք է պատկանի բոլորին, այսինքն՝ պետական են, նմանապես, հանճարեղ գիտնականն ու հանճարեղ բանաստեղծն էլ մենաշնորհ են, նրանք նույնիսկ իրենք իրենց չեն պատկանում, նրանք պատկանում են բոլորին եւ եթե համաշխարհային մակարդակի հանճար են, ուրեմն պատկանում են մարդկությանը եւ տվյալ ազգի մենաշնորհը չեն: Իսկ այն ինչ մենաշնորհ չի, դա մասնավորն է եւ պետք է լինի մրցակցային, մրցակցության իմաստը մենաշնորհների հայտնաբերման մեջ է, մենաշնորհները՝ դրանք ժողովրդի ու մարդկության ադամանդներն են կամ մարդկության հիմնասյունները, առանց մենաշնորհների մրցակցություն չի լինում, մենաշնորհներն են նշում այն նշաձողը, որին հասնելու համար մասնավորները իրար հետ մրցում են: Դրա համար լավագույնն ու ամենաարդյունավետը պետք է լինի պետական, իսկ մասնավորները պետք է ձգտեն հասնել պետականի մակարդակին՝ մասնավորներն իրար հետ մրցելով:
Ահասկանալի Է և տարօրինակ թե ինչւ են հայկական լրագրողները և կայքերը Մարկ Զակերբերգի (Mark Zuckerberg) ազգանւնը գրւմ Ց-ով։ Անգլերեն գրվւմ է Զ տառով և այդպես ել կարդացվւմ։