Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զարուհի Բաթոյանը պատմում է, թե ինչ նվերներ են փորձել տանել իր «կաբինետ»

Փետրվար 21,2019 16:00

Պարզվում է՝ վարչապետի աշխատասենյակ մտնելիս նախարարներն էլ են մանրակրկիտ ստուգման ենթարկվում՝ վերարկուի գրպաններից սկսած:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագիրը ԱԺ-ում ներկայացնելիս ասաց, որ իր մոտ մտնող բոլոր մարդկանց խիստ ստուգման են ենթարկում, որ իր կաբինետ նվերներ չտանեն. «Շատերը դա ուղղակի կապում են իմ անվտանգության հետ: Բայց ես ուզում եմ ձեզ ուղիղ խոստովանել, որ դա միակ ճանապարհն է կասեցնել նվերների հոսքը դեպի վարչապետի կաբինետ: Ուրիշ ոչ մի տարբերակ չկա: Մարդիկ գալիս են, սկզբում գալիս է գիրք, հետո ոսկեղեն, թանկարժեք ինչ-որ բաները, կուլոնները, մատանիները, խաչերը, ականջօղերը: Հնարավոր չէ կանխատեսել, թե ով ինչ կանի: Դրա համար այսօր նույնիսկ օդանավ մտնելիս մարդիկ այդքան խիստ հսկողություն չեն անցնում, որքան վարչապետի կաբինետ մտնելիս, որովհետեւ դա միակ տարբերակն է: Խնդրելով, աղաչելով, համոզելով, չես կարա անընդհատ մարդկանց վիրավորես, ասես՝ վեկալ նվերդ, այստեղից գնա: Նրանցից մեկը պոտենցիալ ներդրող է, ո՞նց կարելի է վիրավորելով դուրս վռնդես»:

«Առավոտի» հետ զրույցում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը մեր հարցին՝ կառավարության անդամները հիմնականում Նիկոլ Փաշինյանի մարդիկ են՝ իր թիմից են, ովքե՞ր են վարչապետին այդ նվերներ տանողները, պատասխանեց. «Ես չգիտեմ ովքեր են այդ նվերներ տանողները, բայց կարող եմ ասել, որ ինքս առնչվել եմ նաեւ այդ անվտանգության գործողություններին, որովհետեւ երբ մենք իսկապես գնում ենք վարչապետի մոտ քննարկման կամ հանդիպման, թե՛ հեռախոսների, թե՛ պայուսակների, թե՛ նույնիսկ վերարկուների մասով այդ բոլոր միջոցառումները կան ու որեւէ բացառություն չկա որեւէ անձի նկատմամբ: Թե ովքեր են տանում նվերները, չգիտեմ, չեմ կարող ասել, բայց ես եւս տեղյակ եմ, որ պատճառը հենց այդ խստության ու այդպիսի միջոցառումներ կիրառելու հենց դա է»:

Մեր հարցին՝ այս ժամանակակից աշխարհում արդյո՞ք նվերները այդպես կաբինետ տանելով են անում, չե՞ն կարող հաշվեհամարին փող փոխանցել, կամ այլ ճանապարհներով դա անել, ոչ թե ոսկու կուլոնը, խաչերը դնել գրպանն ու գնալ կառավարություն՝ Զարուհի Բաթոյանը պատասխանեց. «Որքան էլ տարօրինակ է, բայց հավատացեք, որ արվում է»:

Նախարարը սեփական փորձից օրինակ բերեց. «Նախարար աշխատելիս դեռ չի եղել, բայց փոխնախարար աշխատելիս եղել են առիթներ, որ տարբեր նվերների տեսքով եղել են վերաբերմունքի ցուցաբերման դրսեւորումներ: Մի կողմից դժվար է էթիկայի տեսակետից դրանցից տեղում հրաժարվելը, որովհետեւ մենք չենք կարող անմեղության կանխավարկածը խախտել եւ դիտարկել, որ այլ նպատակներ ունի անձը՝ քաղաքացին, բայց մյուս կողմից նաեւ անհարմար դրության մեջ ենք հայտնվում: Այդ իմաստով վստահեցնում եմ, որ կա նման խնդիր եւ այդ մշակույթը, ցավոք, տիրում է: Իրավիճակը փոխելու համար ժամանակ է հարկավոր եւ կարճ ժամանակահատվածում ամեն ինչ իր տեղը կընկնի»:

Հարցին՝ Ձեզ ի՞նչ կարգի նվերներ են առաջարկել այս ընթացքում, երբ կառավարության անդամ եք եղել՝ Զարուհի Բաթոյանը պատասխանեց. «Չեն առաջարկել, ուղղակի բերել են: Երբեմն դրանք եղել են քաղցրավենիքի, նման բաների տեսքով, բայց նույնիսկ այդ դեպքում ես կարծում եմ, որ դա անիմաստ է եւ դրա կարիքն ամենեւին չկա»: Ոսկիներ, շատ թանկարժեք նվերներ Բաթոյանը վստահեցրեց, որ չի ստացել:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ ասաց, որ ինքը վարչապետի աշխատասենյակում երբեւէ չի եղել, նվերներ չի տվել ու չի ստացել: Հարցին՝ նվերները վարչապետի կաբինետ այդպես ոսկու ձուլակտորներով, «բեռ ու բարձով» գնալո՞վ է անպայման արտահայտվում, չե՞ն կարող «նվեր քարտ» տանել, հաշվեհամարին փող փոխանցել ու վերջ՝ Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց, որ նման տեղեկատվություն ինքը չունի, որ Նիկոլ Փաշինյանի հաշվեհամարին փող են փոխանցել:

Մենք կառավարության որ անդամին հարցրեցինք՝ վստահեցրին, որ իրենք վարչապետին նվեր չեն տարել ու չեն էլ փորձել դա անել: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը վստահեցրել էր, որ նախկին իշխանության օրոք էլ նման նվերներ չի տարել կառավարություն. «Ես դա չեմ հասկանում ուղղակի, չեմ հասկանում ոչ նպատակը, ոչ իմաստը: Բոլորը կենդանի մարդիկ են, կարող է եւ կան մարդիկ, ովքեր ֆիզիկապես մեզ հետ չեն, բայց ովքեր մեզ հետ են, կարող եք ճշտել, այնպես չի, որ գաղտնիք է»: Ջանջուղազյանը հավաստիացրել էր, որ անգամ ծննդյան տոներին Սերժ Սարգսյանին նվեր չի տարել:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

20.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728