ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը` աղմուկ հանած տեսանյութի եւ ատելության մասին:
– Պարոն Մանուկյան, լրատվամիջոցներում եւ սոցցանցերում տարածում գտավ մի տեսանյութ, որտեղ մի ադրբեջանցի ատելության եւ վիրավորանքի ակցիա է իրականացնում Թբիլիսիի հայկական եկեղեցում, այնուհետեւ անարգում եւ այրում է Հայաստանի դրոշը։ Ի՞նչ է սա ըստ ձեզ, ի՞նչ որակում կարելի է տալ այս արարքին։
– Իրավիճակն ինքնին ծայրահեղ վտանգավոր, իսկ տեսանյութի հեղինակի վարքագիծը ծայրահեղ ցինիկ է, անկախ դրա քրեաիրավական կողմից։ Հիշեցնեմ, որ տեսանյութում Ադրբեջանի մի քաղաքացի Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցում պատարագի ընթացքում նախ ադրբեջաներենով վիրավորական արտահայտություններ է հնչեցնում հայերի ու Հայաստանի հասցեին, հակահայկական կոչեր անում, դիմում համաքաղաքացիներին՝ հորդորելով «հայկական բոլոր դեսպանատների եւ եկեղեցիների մոտ ակցիաներ անել՝ Ղարաբաղի ազատագրման համար»։ Այնուհետեւ տղամարդը տրորում է հայկական դրոշը, թքում վրան, հետո այրում։ Քրեաիրավական գնահատական տալու համար առավել շատ տեղեկություններ են անհրաժեշտ, քան տալիս է այս տեսանյութը, սակայն կարծում եմ՝ այդտեղ արդեն բավարար հիմքեր կան նյութեր նախապատրաստելու եւ հետաքննություն իրականացնելու համար։ Մասնավորապես, պետք է գնահատական տալ, թե արդյոք այստեղ առկա՞ են ազգային կամ կրոնական թշնամանք հարուցելու հատկանիշներ։ Վստահ եմ՝ Վրաստանի քրեական օրենսդրությունն ունի համապատասխան կարգավորումներ։
– Տեղեկություններ տարածվեցին, թե տեսանյութը նոր չէ։ ՀԱԵ վիրահայոց թեմի առաջնորդ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը մամուլին հայտնել էր, որ դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 2-ին:
– Ի՞նչ է նշանակում նոր չէ։ Այսինքն՝ հանցագործության վաղեմության ժամկետն է անցել, թե երկու ամիս հետո նմանատիպ վիրավորանքը կարելի է մարսել… Անլուրջ եմ համարում նման հարցադրումը եւ, ընդհակառակը, պետք է հասկանալ, թե ինչպես կարող էր նման դեպքը արձագանք չստանար, ինչպես կարող էր ծածկադմփոցի առարկա դառնար։
– Բայց կարծես թե հայտարարվեց, որ Վրաստանի իրավապահ մարմինները դեպքով զբաղվում են՝ փորձելով գտնել ադրբեջանցուն, որը Վրաստանի քաղաքացի չէ:
– Նախ ասեմ, որ ժամանակակից ինֆորմացիոն դարում որեւէ մեկին գտնելը դժվար չէ։ Մեր տեղեկություններով՝ այդ մարդակերպը ոմն Իսմայիլ Հեյդար Օղլի Զալովն է, ՌԴ Կալինինգրադ քաղաքում գրանցված անհատ ձեռնարկատեր, նաեւ ներգրավված է ակտիվ հասարակական գործունեության մեջ։ Բայց նրանից բացի, դեպքի վայրում են եղել նաեւ Վրաստանի քաղաքացի հանդիսացող եւս երկու ադրբեջանցիներ, որոնք ներկայացել են որպես օտարերկրյա զբոսաշրջիկներ ու նկարահանումներ են արել եկեղեցու բակում եւ ներսում: Այնպես որ, ցանկության դեպքում հայտնաբերելու եւ բացահայտելու բարդություններ չկան։ Սակայն ես հստակ տեղեկություններ չունեմ՝ դիմե՞լ են, արդյոք, մեր եկեղեցու թեմի ներկայացուցիչները պատկան մարմիններին, թե՞ ոչ, հարուցվա՞ծ է քրեական վարույթ, թե՞ ոչ, կա՞ պատշաճ հսկողություն գործի քննության նկատմամբ, թե՝ ոչ…
– Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է անել այս իրավիճակում։
– Եթե քրեական գործ հարուցված չէ, ապա պետք է հետամուտ լինել դրա հարուցմանը եւ նախաքննության մարմնի հետ սերտ համագործակցության պայմաններում հասնել գործի բացահայտմանը։ Հանցագործների պատժվելը հետագա նմանատիպ գործողությունների կանխարգելման լավագույն նախադեպն է։
Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ,
20.02.2019