«Ո՞նց ես, ո՞նց չես», «ի՞նչ կա-չկա»: Սրանք այն հարցերն են, որ հաճախ տալիս են հայերը, երբ հանդիպում են մեկմեկու: Հայկական հեքիաթները, ինչպես հայտնի է, սկսվում են «լինում է, չի լինում», «կար-չկար», «եղել է, չի եղել» արտահայտություններով:Տրամաբանական առումով այդպիսի արտահայտությունները թերեւս կարելի է համարել անհեթեթ, սխալական եւ անլուրջ: Սակայն զարմանալի է, որ ե՛ւ հարց տվողը, եւ՛ պատասխանողը, ե՛ւ հեքիաթասացն ու լսողը չեն խորշում այդ անտրամաբանականից եւ շարունակում են այդպիսի արտահայտությունները օգտագործել եւ փոխանցել հաջորդներին: Առաջին հայացքից կարող է թվալ, թե ինչու՞ առաջին անգամ այդպիսի արտահայտությունն օգտագործելուց հետո հաջորդները չեն շտկել, խուսափել այդ անհեթեթությունից, այլ դարձել են դրանց կրողները, ինչի հետեւանքով էլ դրանք վերածվել են լեզվական կաղապարների: Բնականաբար հարց է առաջանում, թե ինչով է պայմանավորված նման հարցադրումը, մանավանդ, երբ ծանոթանում ես այլ ժողովուրդների հեքիաթներին, նման հակասական հարցադրումը բացակայում է: Նման հանգամանքը ստիպում է եզրակացնել,որ մեզանում այդքան տարածված «ի՞նչ կա-չկա»-ն ամենեւին էլ պատահական չէ:
Այսպիսի եզրահանգման պատճառն այն է, որ լեզուն եւ գիտակցությունը փոխկապակցված են եւ լեզուն արտահայտում է այն ամենը ինչ կա մարդկային գիտակցությունում (նաեւ անգիտակցականում եւ ենթագիտակցականում) եւ լեզուն ժողովրդի ոգու արտահայտությունն է:Իզուր չի ասվում, որ այն ամենը, ինչ կա մարդու մտքում, գտնվում է լեզվի ծայրին: Այսինքն նշանակում է «ինչ կա-չկան» առկա է մեր գիտակցությունում, ինչը իր հերթին արտահայտում է հայի մտածողության կերպը, աշխարհի նկատմամբ իր վերաբերմունքը, հարցերի լուծման իր պատկերացումները: Սրա հետ մեկտեղ, եթե արձանագրենք, որ «կա»-ն արտահայտում է որոշակի, վերջնական քանակով, կոնկրետ, արդեն հայտնի առարկաների, երեւույթների, վիճակների ամբողջություն, իսկ «չկա»-ն չճանաչվածի, անհայտի, անվերջի ոլորտից է, հետեւաբար, «կա-չկա»-ն արտահայտում է մարդու մշտական ներքին ձգտումը՝ «չկա»-ն դարձնել «կա»:
Խոսելով այդ հարցի շուրջ, ակամայից հիշում եմ մի հին անեկդոտ. համակարգչի մասնագետները ստեղծում են մի այնպիսի ծրագիր, որով համակարգիչը կարող է պատասխանել ցանկացած հարցի: Բոլորը հիանում են համակարգչի աշխատանքով: Բայց օրերից մի օր համակարգչին մեկը մի հարց է տալիս, որին համակարգիչը երկար ժամանակ չի պատասխանում, ի վերջո, խափանվում է: Այդ հարց տվողին հարցնում են, թե նա ինչ հարց է տվել, որ համակարգիչը շարքից դուրս է եկել: Նա պատասխանում է. հեչ՝ հարցրեցի «ի՞նչ կա-չկա»:
Հասկանալի է, որ համակարգիչը հրաշալի կարող է արձագանքել «կա»-ին, իսկ «չկա»-ին բնականաբար չի կարող, որովհետեւ «կա»-ն ռացիոնալ է, իսկ «չկա»-ն իռացիոնալ: Համակարգիչը ստեղծվել է ռացիոնալ մտածողության զարգացման արդյունքում եւ, հետեւաբար, այն կարող է պատասխանել միայն ռացիոնալ , տրամաբանական ձեւակերպում ունեցող հարցերին: Ինչ վերաբերում է մարդուն, ապա նա ռացիոնալի եւ իռացիոնալի միասնությունն է, եւ կարծում եմ, դժվար է ասել, թե այդ երկուսը ինչ համամասնությամբ են ներդաշնակվում:
Հայտնի է, որ արեւմտյան քաղաքակրթությունը զարգացել է ռացիոնալ, իսկ արեւելյանը՝ իռացիոնալ մտածողության հենքի վրա: Այնինչ հայկական քաղաքակրթությունը ոչ մեկն է, ոչ էլ մյուսը, այլ դրանց սինթեզն է: Չխորանալով մանրամասների մեջ, ցանկանում եմ միայն ասել, որ հենց «կա-չկա»-ն դրա արտահայտությունն է:
Կարծում եմ, որ հայերենում առկա նման «անհեթեթ» արտահայտությունները հայի ինքնության դրսեւորումներից է եւ ցույց է տալիս «չկա»-ն բացահայտելու ներքին մղումը: (Առաջարկում եմ կարդալ նաեւ)
Հարկ եմ համարում նաեւ նշել, որ անհայտը բացահայտելը հատուկ է առհասարակ մարդուն եւ, հետեւաբար, նաեւ բոլոր ժողովուրդներին եւ եթե նրանց լեզվում նման արտահայտությունները բացակայում են, ամենեւին չի նշանակում, որ նրանք զուրկ են այդ ներքին ձգտումից, այլ նշանակում է, որ յուրաքանչուր ժողովրդի լեզվում այդ ձգտումը արտահայտվում է լեզվական այլ ձեւերով:
Եվ վերջում. «էլ ի՞նչ կա-չկա»:
Վ. ՊՈՂՈՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
20.02.2019
Իննուսականերին ,,ինչ կա-չկա,, հարցի ամենատարածված պատասխանը ,,ինչ կար-չկա,,ն էր:Կարող եք փոխանցել համակարգչին….