Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ուսումնասիրելով կերակրի աղի շուկան, առեւտրի եւ սննդի օբյեկտներում խախտումներ է հայտնաբերել: Ըստ այդմ, սննդամթերքում օգտագործվող աղը չի համապատասխանել սահմանված նորմերին:
«Առավոտի»՝ փետրվարի 1-ի՝ «ՏԷՑ-ի կռուգում» կիսաքանդ պահեստ են վարձում, արդյունաբերական աղը կերակրի աղի տեղ վաճառում» հոդվածում անդրադարձել էինք հայկական շուկայում կերակրի աղի կասկածելի երեւույթներին: Մեզ հետ զրույցում Ավանի աղի կոմբինատի տնօրեն Արեգ Ղուկասյանն ահազանգել էր՝ Հայաստան է ներկրվում տեխնիկական, արդյունաբերական աղն օգտագործվում է սննդի օբյեկտներում:
Հայաստանում չի թույլատրվում չյոդացված աղ օգտագործել, իսկ տեխնիկական աղը յոդացված չէ, թեեւ արտաքնապես ու համով այն կերակրի աղից չի տարբերվում: Տեխնիկական աղը մաքսային սահմանին ենթակա չէ ստուգման: Ղուկասյանը պնդել է՝ Հայաստան ներմուծվող տեխնիկական աղը կերակրի աղի անվան տակ են վաճառում:
«Արդյունաբերական աղը վաճառում են սննդի օբյեկտներին»,-այս մասին վստահեցրել է Արեգ Ղուկասյանը: Նա նաեւ վստահեցրել է՝ այդ տեխնիկական աղ ներկրողները հաշիվ-ապրանքագրով չեն աշխատում, նրանք ուղղակի ՀԴՄ կտրոն են խփում, պատահական, սակայն վաճառում են պարկերով: «ՀԴՄ-ով 70 դրամ է խփում, մյուս ծայրը չի երեւում՝ ում է վաճառել: Այդպես ՀԴՄ-ներ է խփում, հետո պարկերով տանում է սննդի օբյեկտին վաճառում, ասում՝ ընտիր աղ է, Իրանից ենք բերել, էժան է: Սնունդ արտադրողը չի էլ հասկանում, որ այդ աղով արտադրած երշիկը ռումբ է մեր ազգաբնակչության տակ»,-ասել է գործարարը: Ղուկասյանը նաեւ վստահեցրել է՝ իր մատնանշած սուբյեկտները ՀԴՄ-ի վրա աղի իրացման գին են նշում 70 դրամ, սակայն հաճախորդին ավելի բարձր գնով վաճառում. «Աղը բերում են «ՏԷՑ-ի կռուգում» կիսաքանդ պահեստում վաճառում»:
Այս առնչությամբ, մեր հարցմանն ի պատասխան, ՊԵԿ-ը հաստատել է՝ որոշ սուբյկետներ ՀԴՄ-ով աղի գինը վաճառքի իրական գնից ցածր են նշել: ՊԵԿ-ը նաեւ մեր հարցմանն ի պատասխան վստահեցրել էր, որ որոշ բացահայտումների եւ փաստերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է հաղորդվել ՀՀ ՊԵԿ հետաքննության վարչություն՝ այդ երեւույթներին քրեաիրավական գնահատական տալու համար եւ, ինչպես ՊԵԿ-ն է հայտնել, հաշվի առնելով, որ վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ արդյունաբերական աղ ներկրող ընկերությունից ձեռք բերումներ են կատարել ՀՀ-ում սննդամթերք արտադրող եւ սննդամթերքի առեւտրով զբաղվող կազմակերպություններ, ուստի դրա վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է հաղորդվել նաեւ ՀՀ կառավարությանը ենթակա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին:
«Առավոտը» ՍԱՏՄ-ին հարցում էր ուղարկել, պարզելու՝ արդյոք Ղուկասյանի մատնաշած վտանգավոր խախտումները հայտնաբերվել է սննդամթերքի արտադրությամբ զբաղվող օբյեկտներում, եւ ի՞նչ տեսակի գործունեություն ծավալող ընկերություններ են եւ ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ, եթե կերակրի աղի փոխարեն օգտագործվի տեխնիակական աղը:
ՍԱՏՄ-ն նախ տեղեկացնում է՝ աղերը դասակարգվում են 3 տեսակի՝ արդյունաբերական, տեխնիկական եւ կերակրի, որոնք միմյանցից տարբերվում են մշակման, լվացման եղանակով, բայց բոլորի քիմիական կազմը մեկն է՝ (NaCl):
Կառավարության դեռեւս 2004 թվականի որոշմամբ, ինչպես հայտնում է տեսչական մարմինը, «հանրային սննդի օբյեկտները կամ սննդի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը պարտավոր են ՀՀ-ում իրացման համար արտադրվող սննդամթերքի մեջ օգտագործել միայն յոդացված կերակրի աղ (բացառությամբ այն դեպքերի, երբ յոդացված կերակրի աղի օգտագործումը չի թույլատրվում արտադրության տեխնոլոգիայով)»:
Չյոդացված աղի օգտագործումը, ըստ ՍԱՏՄ-ի մասնագետների, կարող է բացասաբար ազդել բնակչության անհրաժեշտ յոդի քանակներով ապահովվածության վրա, ինչը կնպաստի հանրային առողջապահական խնդիրների՝ մասնավորապես՝ յոդի անբավարարությամբ պայմանավորված հիվանդությունների առաջացմանը: 2018-ին տեսչական մարմինը կերակրի աղում յոդի պարունակության վերահսկողություն է իրականացրել: Թե ի՞նչ խախտումներ է հայտնաբերել տեսչական մարմինը, ի պատասխան մեր հարցմանը, տեղեկացնում է՝ ներմուծվող խմբաքանակներում, արտադրության եւ շրջանառության փուլերում կերակրի աղում յոդի պարունակության նորմերի խախտումներ է հայտնաբերել: Տեսչական մարմնի տեղեկացմամբ՝ «Ուսումնասիրել են առեւտրի 91 օբյեկտ, դրանցից չեն համապատասխանում նորմերին՝ 8-ը, ուսումնասիրվել են հանրային սննդի 106 օբյեկտ, դրանցից չեն համապատասխանում նորմերին 11-ը, սննդամթերքի արտադրության 92 օբյեկտ, դրանցից չեն համապատասխանում նորմերին 7-ը»:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, սակայն, մեզ ուղարկած իր պաշտոնական պատասխանում, այսպես ասած՝ «կիսատ-պռատ» պատասխան է տվել. չի մանրամասնել, թե կոնկրետ ի՞նչ խախտումներ են՝ աղը տեխնիկակա՞ն է եղել, թե՞ կերակրի, բայց յոդացվածության մակարդակը չի համապատասխանել, եւ ոչ էլ տեղեկացրել է, թե կոնկրետ որ օբյեկտներն են: Մինչդեռ մենք այդ մասին էլ էինք հետաքրքրվել տեսչական մարմնից: Ի վերջո, հանրային առողջության համար պատասխանատու մարմիններից մեկն է նաեւ այս տեսչական մարմինը, որը, եթե որեւէ վտանգ է այդ շուկայում հայտնաբերում, ուղղակի պարտավոր է հանրությանը տեղեկացնել: Իսկ եթե անգամ հայտնաբերած խախտումները այդքան էլ վտանգավոր չէին, տեսչական մարմինը պետք է որ այդ մասին էլ տեղեկություն տրամադրեր:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
20.02.2019