Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հինգ միլիոն դրամի պատճառով թոշակառուներին կվտարե՞ն 78 քմ մակերեսով տնից

Փետրվար 21,2019 14:00

Տիգրան Մեծի 44 շենքի 8/1-ի 65-ամյա տանտիրուհուն՝ մանկավարժ Մարգարիտա Շահինյանին, նրա ամուսնուն՝ թոշակառու, պատմաբան Գագիկին, նրանց միակողմանի ծնողազուրկ, հիվանդ թոռանն ու դստերը վտարելու պահանջով դիմել են դատարան:

Բազմաբնակարան շենքը, որը կառուցվել է 1935 թվականին, ունի երկրորդ հարկ, որը Մարգարիտա Շահինյանն ամուսնու, որդու, դստեր եւ անչափահաս փոքրիկի հետ գնել էր 2002թ.-ին:
«Առավոտը» այցելելով այս ընտանիքին, պարզել էր, որ Շահինյանի որդին՝ իր երկու անչափահաս երեխաների հետ, աշխատանք գտնելու նպատակով մեկնել է Ռուսաստան, իսկ ընտանիքը շարունակում է ապրել 78 քմ մակերեսով տանը:

Տունն անմխիթար, ծայրահեղ վատ վիճակում է, ծածկը՝ շիֆերները, հնացած են, հատակը՝ փայտյա, պատերը՝ ոչ պիտանի, առաստաղն էլ հորդառատ անձրեւներից հետո բացվել էր եւ ընկել երեխաների մահճակալի վրա:

Երկու թոշակառուները ստիպված վարկ են վերցրել՝ տանը կոսմետիկ վերանորոգում իրականացնելու նպատակով: Մարգարիտա Շահինյանը դիմել էր «Առէքսիմբանկ»-«Գազպրոմբանկի խումբ» ՓԲ ընկերությանը, եւ ստացել երեք տարով 6 միլիոն դրամի վարկ: Գրավ է դրվել նկարում պատկերված տունը:

Կենսաթոշակառուներն ասում են, թե իրենք մուծել են մայր գումարից էլ ավելի գումար՝ 6 միլիոն 700 000 դրամ: Հետագայում բանկից գրություն են ստացել, համաձայն որի՝ նրանք դեռ պարտք են մոտ չորս միլիոն դրամի չափով տույժ եւ տուգանքներ, իսկ մեկուկես միլիոն էլ մայր գումարից:

Ի դեպ, բանկն առաջին իսկ փորձով ԴԱՀԿ-ի աճուրդով գնել էր վիճելի տունը, այն էլ՝ 5 միլիոն 300 000 դրամով: Գլխուղեղի հիվանդությամբ տառապող կինը մի քանի անգամ գնացել էր բանկ, հայտնել, թե ԴԱՀԿ-ի աճուրդի ժամանակ եղել է հիվանդանոցում, խնդրել էին, որպեսզի փուլ առ փուլ վճարեն երեք հարյուր հազար դրամը, այսպիսով, մայր գումարից էլ ավելի, սակայն բանկը չէր համաձայնել:

Կենսաթոշակառուները դիմել էին վարչապետին, խնդրել, որպեսզի ներվի իրենց «պարտքը», ինչպես ներվել են տասնյակ քաղաքացիներինը, եւ իրենց չվտարեն սեփական փոքրիկ անկյունից:

Բանկի գլխավոր տնօրեն Ա. Անանյանն էլ գրություն էր ուղարկել մեկ տարի առաջ, թե՝ «Ի պատասխան Ձեր դիմումի, որով խնդրում եք ժամանակ տրամադրել վճարված գումարներն ուղղել մայր գումարի եւ վարկի մարման համար, սույնով հայտնում ենք, որ քննարկման արդյունքում բանկը նպատակահարմար չի գտնում Ձեր դիմումը բավարարել»: Երկու կենսաթոշակառուների թոշակը միասին 85 000 դրամ է կազմում:

Նրանք իրենց կյանքի, առողջության գնով վարկի մայր գումարից ավելի են վճարել բանկին: Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, եթե հիշում եք, կառավարության հաստատմանն էր տարիուկես առաջ ներկայացրել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, եւ ասել, թե առաջարկվող լրացման անհրաժեշտությունը պայմանավորված է բռնագանձման արդյունքում պարտապան ֆիզիկական անձանց վերջին կացարան ունենալու հնարավորությունից չզրկելու նպատակով, որն ուղիղ աղերս ուներ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածով պաշտպանվող սեփականության իրավունքին: Այն է. «Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի նրան զրկել գույքից, բացառությամբ ի շահ հանրության եւ այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

20.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728