Լրահոս
Օրվա լրահոսը

Արագիլների ու ջրհորների գյուղը՝ սահմանապահ Մարգարան

Փետրվար 21,2019 13:00

Արաքսի ձախափնյա հարթավայրում գտնվող Մարգարա գյուղը սահմանակից է Թուրքիային: Այստեղ ապրող յուրաքանչյուր երեխա լսել է, թե ինչ կա փշալարերից այն կողմ: Կամ տանն են պատմել, կամ դպրոցում: Հատկապես որ բնակիչների նախնիների մեծ մասը 1828-1831 թվականներին գաղթել է Մուշից եւ Իգդիրից: Մարգարայի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Նաիրա Մարտիրոսյանը նշում է, որ դպրոցում շուրջ 150 աշակերտ է սովորում, կոմպլեկտավորված դասարաններ էլ ունեն: Անցյալ տարի երեք շրջանավարտ են ունեցել, որոնցից մեկն ընդունվել է բուհ ու ամուսնացել: Առաջին դասարանցիների խնդիր չեն ունենում:
«Մարգարան սահմանամերձ գյուղ է, գյուղի բնակիչներն էլ ծնված օրից սահմանապահներ են»,-ասում է տիկին Մարտիրոսյանը:

Նրանից հետաքրքրվեցինք՝ արդյոք երեխաները հարցեր տալի՞ս են, թե ինչ կա սահմանից այն կողմ, ինչո՞ւ է սահմանը փակ: «Իհարկե, լինում են նման հարցեր, քանի որ պատմությունը չենք կարող թաքցնել»,-ասում է տիկին Մարտիրոսյանը, որը երրորդ անգամ ավագանու անդամ է ընտրվել ու քաջ ծանոթ է իրենց գյուղի բոլոր խնդիրներին՝ խմելու, ոռոգման ջուր: Ասում է՝ ընդհանուր առմամբ, խնդիրները նույնն են, ինչ մյուս գյուղերում: Այստեղ մարդիկ արտեզյան ջրհորներից են օգտվում եւ խմելու համար օգտագործում այդ ջուրը:

Գյուղի դպրոցում ջերմ մթնոլորտ է տիրում, երեխաներն աշխույժ են ու հյուրընկալ: Անծանոթներին տեսնելիս՝ իրենք են մոտենում ու բարեւում: Շատերի ցանկությունը մեկն է՝ լավ սովորել ու իրենց խոսքով, կարեւոր մարդ դառնալ:

Մարգարայի խորհրդանիշն ամեն քայլափոխի հանդիպող արագիլներն են, նրանք բույն են հյուսել գյուղի ամենաանհավանական անկյուններում, անգամ մոռացված վերամբարձ կռունկների վրա: Տեղացիները սիրում են իրենց գյուղը, ոմանք կցանկանային, որ սահմանը բացվեր ու առեւտուր անեին, ոմանք էլ ինչ-ինչ մտավախություններ ունեն:

Դպրոցի փոխտնօրենը

Գյուղացիներից մեկի կառուցած մատուռը

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

20.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728