Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի գրքի գրախոսությունից մինչեւ «Տղամարդն ու իր կանայք»

Փետրվար 21,2019 12:30

Հարցազրույց գրող, թարգմանիչ, «Լիտերատուրնայա գազետա»-ի «Երկիր Նաիրի» հավելվածի պատասխանատու խմբագիր Լիա Իվանյանի հետ

– Փոքր երկրների օրինակով, նույնիսկ տեխնիկական առաջընթացի մեր օրերում, յուրաքանչյուր ոլորտի, այս դեպքում՝ արվեստի, ցանկացած շարժ՝ դեռ չտպագրված գիրք, չբեմադրված ներկայացում, չցուցադրված ֆիլմ եւ այլն, հայտնի են դառնում: Տիկին Իվանյան, մեր տեղեկություններով՝ ձեր՝ դեռեւս հրատարակչությունում գտնվող «Տղամարդն ու իր կանայք» վեպի շուրջ տարաբնույթ խոսակցություններ են պտտվում: Մի թեմա, որ բոլոր ժամանակներում եւ մշակույթի բոլոր ժանրերում մեծ ձգողականություն ունի…

– Իրավացի եք: Գիրքը տպագրության ընթացքում է եւ հավանաբար մարտին կկայանա շնորհանդեսը: Ժամանակային առումով երկար տարիների աշխատանք կարող է դիտվել այն՝ 2010-18թթ., բայց ընդհանուր հաշվով 8-10 ամիս եմ աշխատել: Այդ ընթացքում հրատարակել եմ 4 թարգմանություն, 2 պիես, «Լիտերատուրնայա գազետա»-ի «Երկիր Նաիրի» հավելվածի 11 թողարկում: Իսկ 2012-ին երկար ժամանակ պահանջվեց «Իրանահայոց հանրագիտարանի» խմբագրումը: Իսկ վերջին տպագրված գործս 2018թ. «Դրամատուրգիա» ամսագրում տեղ գտած «Ձախորդ ասպետի հակակոռուպցիոն անտիուտոպիա» պիեսն է:

– Յուրաքանչյուր արվեստագետի, դուք էլ բացառություն չեք, սեփական ստեղծագործությունները տարբեր ճանապարհ են անցնում: Ձեր առաջին տպագրված գիրքը հարավաֆրիկացի գրող Պիտեր Աբրահամսի «Կղզին այսօր» վեպի թարգմանությունն էր 2003թ., որի թեման հիմա էլ է ակտուալ, այն է՝ ինչպես է ժողովրդական ալիքով իշխանության եկած առաջնորդը կարճ ժամանակահատվածում բռնապետ դառնում…

– Ստեղծագործություններիս հիմնական թեման անցումային Հայաստանն է՝ իր վայրիվերումներով եւ արժեհամակարգի փոփոխություններով: 2003-ից հրատարակել եմ էսսե, պատմվածքների ժողովածու, վեպ, պիեսներ… Ինձ են թարգմանել, ես եմ թարգմանել ռուս գրականություն՝ մեկական պատմվածք Կուպրինից եւ Դոստոեւսկուց ու չորս վապ՝ մեր ժամանակների ականավոր ռուս գրող Յուրի Պոլյակովից: Ասում եք՝ նույն ստեղծագործողի տարբեր գործեր տարբեր ճանապարհ են ունենում: Անկեղծ ասած՝ մոռացել եմ, թե որ գործս ինչ ճանապարհ է անցել, որովհետեւ ամեն նոր լույստեսածն իրենով ծածկել է նախորդին եւ ստեղծարար դատարկություն ապահովել հաջորդի համար: Եվ քանի որ դեռ ներքուստ գտնվում ես լիցքավորման- պարպման պրոցեսում, մի տեսակ ժամանակ չես ունենում անցյալի «փառքով» ապրելու: Գրքերիցս յուրաքանչյուրն ինձ համար իր տեղն ունի, բայց դրանց գնահատողը ոչ ես, ոչ էլ իմ մերձավորներն են, այլ ժամանակն ու ընթերցողը… Չնայած դա էլ այսօր խախտված է, քանի դեռ գտնվում ենք թացն ու չորն իրար խառնած պոսմոդեռնիզմի գրկում: Այս ամենի գիտակցումն աստիճանաբար նվազեցնում է առաջին գրքերի խանդավառությունը եւ շարունակում ես գրել, թարգմանել, խմբագրել, գրախոսել, քանի որ, մեծ հաշվով՝ քո գործն էլ դա է: Ինչ վերաբերում է տարբեր ճանապարհներ անցնելուն, շա՜տ տարբեր հմտություններ են պահանջվում մի բան ստեղծելու եւ ստեղծածը իրացնելու համար: Գրական ստեղծագործությունը՝ մտքի փայլատակումից մինչեւ տպագրված գիրք, անցնում է բարդ, երկար ուղի, որի խմորումները գրողի մեջ են եփվում, նա իր բաժին գործն է անում՝ թղթին է հանձնում մարդ արարծին հուզող իրադարձությւոնները, զգացողությունները, ապրումները, ֆանտազիաները… Բայց ստեղծածն այդպես էլ ձեռագիր կմնա, եթե չլինեն մարդիկ, ովքեր այն ընթերցողին կհասցնեն՝ հրատարակիչներ, տպագրիչներ, վաճառքի եւ գովազդի մենեջերներ: Տեսեք՝ ինչքան լավ են նրանք աշխատում վերջին շրջանում աշխարհում խիստ մոդայիկ դարձած հայտնի մարդկանց, քաղաքական գործիչների, պետությունների առաջնորդների, սպորտսմենների եւ արտիստների կենսագրական կամ ինքնակենսագրական գրքերի գովազդի եւ վաճառքի դեպքերում…

– Դուք էլ «մոդայից» հետ չմնացիք, հանդիսանալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գրքի գրախոսը…

– Ինքս մեծ հետաքրքրությամբ եմ ընթերցել եւ այո, սիրով գրախոսել երկրորդ նախագահի ինքնակենսագրական հրաշալի գիրքը: Փաստեմ, որ այսօր մեծ պահանջարկ ունեն «ճիշտ» ապրել-թքելու-հարստանալու գաղտնիքները բացող խորհրդատվական գրքերը: Սրանք, իհարկե, ժամանակի պահանջն են, ինչի հետ չես կարող հաշվի չնստել: Բայց չէ՞ որ գեղարվեստական գրականությունը բոլոր ժամանակների անցողիկ հոսանքների կողքին մշտապես սեփական ճանապարհով ընթացող երեւույթ է: Եվ բոլոր ժամանակներում էլ գրողն իր գրածը տեղ հասցնելու գործում օժանդակության կարիք է ունեցել:

– Քաղաքակիրթ երկրներում մշակույթի բոլոր ոլորտներում արվեստագետի գործունեությունը պայմանավորված է իմպրեսարիոյի, մենեջերի, ագենտի կամ՝ ինչպես ուզում եք անվանել նրանց, սերտ համագործակցությամբ…

– Մեր իրականությունում դա հիմնականում թողնված է «առուտուր»-ում «անբաշար» գրողի վրա, ինչի պատճառով այսօր ստեղծված իսկապես բարձրարժեք գործեր դուրս չեն գալիս փոքրաթիվ ընթերցող-գնահատողների շրջանակից, ինչն էլ տպավորություն է ստեղծում, թե գրողները մեզանում վերացել են: Պատճառները բազմաթիվ են… Պետական մոտեցումները միշտ են թերի եղել, իսկ եղած հրատարակչական կառույցները սպասարկում-գովազդում են համախոհներին: Մինչդեռ իրական ազատ ստեղծագործողը պարտավոր չէ անդամակցել կամ ծափահարել որեւէ կառույցի, ինչը նրա մեկուսացման կամ անտեսման պատճառ չպետք է որ դառնա: Ցավոք, հենց այս դրվածքն է գործում: Ասածս չի նշանակում, թե թախտին նստած պիտի սպասես, որ ընթերցող-վաճառող-բեմադրողները դռներդ ինքնակամ ջարդեն… Ոչ, պարզապես հոգնում ես բազում անգամ գրքերդ վաճառքի դնել-հանելուց, պիեսդ տարբեր թատրոններ տանելուց ու ի վերջո ասում ես՝ դե ձեր հե՛րն էլ անիծած: Տպավորություն չստեղծվի, թե իմ նկատմամբ վերաբերմունքից եմ բողոքում: Միշտ արել եմ այն, ինչ ճիշտ եմ համարել ինքս եւ առանձնապես հակված չեմ մեծ ուշադրություն դարձնել դրվատանքին կամ քննադատությանը: Անշուշտ անչափ կարեւոր է ընթերցողի կարծիքը, բայց ոչ երբեք թայֆայական ինչ-որ գնահատականներ: Եվ եթե ուշադրություն դարձնեի դրանց, չէի անդրադառնա այնպիսի նուրբ թեմայի, ինչպիսին են կին-տղամարդ հարաբերությունները:

– Երկու նախադասությամբ կներկայացնե՞ք «ձեր» տղամարդուն ու նրա կանանց:

– Ինչպես գրքիս նախաբանի առաջին տողում եմ գրել, հիմա էլ շեշտում եմ՝ ես ֆեմինիստուհի չեմ, պարզապես այս վեպը կին հեղինակի կողմից փորձ է՝ բացահայտելու կանանց հոգեբանության մի քանի շերտեր, որոնց հասկանալուն է ուղղված տղամարդկանց կողմից ստեղծված համաշխարհային գրականության մի պատկառելի մասը: Նշեմ, որ դժվար էր պահպանել էրոտիզմի զգայուն սահմանագիծը… մի ավել բառ եւ կարող ես գռեհկանալ: Շատ գրառումներ տեղ չեն գտել վեպում, գուցե երկրորդ մասն ավելացնեմ ավելի հասուն ու «ամոթազերծ» տարիքում…

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ, 

20.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728