Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսահայ անվանի երաժիշտը «Մեր հայրենիքի» մասին մի ամբողջ «դոսյե» ունի

Փետրվար 21,2019 12:00

1991թ. հուլիսից գործող եւ ի սկզբանե հայության մեծ մասին մինչ օրս «անհանգստացնող» ՀՀ օրհներգը մեկ անգամ եւս քննարկելու շարժառիթը փետրվարի սկզբին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի արած գրառումն է ֆեյսբուքյան էջում: «…Ես ունեմ միջանկյալ լուծում այս թեմայի վերաբերյալ, որը շուտով ի կատար կածեմ իմ ուժերով, քանզի հավատում եմ, որ իմ հայրենիքը թշվառ եւ անտեր չէ այլեւս: Իսկ մինչ այդ, որպես պետական այր, որպես հայ մարդ, ես ոտքի կկանգնեմ եւ հարգանքով կմոտենամ գործող օրհներգին եւ, գնահատելով հինը, կարարեմ նորը, Ձեր հետ միասին»,- գրել է նա:

«Առավոտը» ժամանակին քանիցս անդրադարձել է այս թեմային: Հիշեցնենք, որ 2006թ. Հայաստանի նոր օրհներգի համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել խաչատրյանական երաժշտությունը եւ մրցութային հանձնաժողովը որոշել էր դիմել կառավարությանը՝ կոմպոզիտորի երաժշտության տեքստի համար առանձին մրցույթ հայտարարելու խնդրանքով: Կայացած քվեարկության արդյունքում Խաչատրյանի երաժշտությունը ստացել էր 15 ձայն, Ռոբերտ Ամիրխանյանինը՝ 1, իսկ 1 քվեաթերթիկ ճանաչվել էր անվավեր: Իսկ դրանից շուրջ երկու ամիս առաջ մրցույթի առաջին փուլում հանձնաժողովի անդամների մեծամասնությունը հավանություն էր տվել Տիգրան Մանսուրյանի երաժշտությանը, որը կայացած մրցույթում ոչ մի ձայն չէր ստացել: Այն ժամանակ մասնագետները, եւ ոչ միայն, մեզ հետ զրույցում հանձնաժողովի անդամների նման վերաբերմունքը համարեցին ուղիղ ասած՝ ոչ բարոյական: Եվ տարակուսանք էր հարուցում այն, որ Խաչատրյանի երաժշտությունը Արսեն Սողոմոնյանի բառերով երկրորդ փուլ էր անցել, թեեւ հանձնաժողովը հաղթող էր ճանաչել միայն երաժշտությունը: Սա դեռ մեկ «պատառիկ» է մեր օրհներգի ոդիսականից:

Վերջերս «Առավոտի» հյուրը՝ կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը հավաստիացրեց, որ ֆրանսահայ անվանի խմբավար, երաժշտության տեսաբան, Ֆրանսիայի Ռոմանս քաղաքի կոնսերվատորիայի հիմնադիր տնօրեն, հասարակական գործիչ Ալեքսանդր Սիրանոսյանը մի ամբողջ «դոսյե» ունի «Մեր հայրենիքի» «ծագումնաբանության» մասին:

Կապվեցինք մեր հայրենակցի հետ: «Ամենավաղ շրջանում գրված «Մեր հայրենիքը» պատկանում է Թիֆլիսում ծառայող Եզնիկ քահանա Երզնկացուն (1879թ.): Քահանան իր հուշերում նշում է, որ ստեղծել է մի ժողովածու, որտեղ ներառված են ինչպես ծանոթ, այնպես էլ իր կողմից հորինված ստեղծագործություններ: Ընդ որում, այդ ժողովածուն գրված էր այն ժամանակ դպրոցներում ուսուցման համար եւ հենց ժողովածուում տեղ գտած «Մեր հայրենիքը» արագ տարածվել էր Թիֆլիսում եւ Կովկասում ընդհանրապես,- հավաստիացնում է մեր զրուցակիցը, ապա հավելում,- հետագայում 1880-ականներին այս նույն մեղեդին մշակում է նաեւ Կարա Մուրզան, ապա Բարսեղ Կանաչյանը: Մինչդեռ «Մեր հայրենիքի» հետ կապված ժամանակին Երեւանում ընթացող քննարկումներին հնչում էր ընդամենը այն միտքը, որ այդ մեղեդին Գլազունովն օգտագործել է իր «Ռայմոնդա» բալետում (1898թ.): Այո, օգտագործել է, քանի որ կոմպոզիտորը հաճախ էր այցելում Թիֆլիս, որտեղ դպրոցականից մինչեւ տարեց մարդիկ փողոցում սուլում էին այդ երաժշտությունը…»:

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

20.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728