Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 8-ամյա Հայկը երազում է բժիշկ դառնալու մասին

Փետրվար 20,2019 22:52

8-ամյա Հայկ Մարկոսյանը սովորում է Վանաձորի թիվ 6 ներառական դպրոցի առաջին դասարանում: Հայկն ունի մանկական ուղեղային կաթված: Մայրը՝ Լիլիթ Մխիթարյանը, տղային նկարագրում է՝ որպես լուսավոր ու կենսախինդ բալիկ: Սիրում է շփվել ու լինել ուշադրության կենտրոնում:

Բուժման 7 երկար ու ձիգ տարիների արդյունքում, արդեն մեկ տարի է երեխայի սիրելի զբաղմունքը դարձել է քայլելը. «Սկզբից 2 քայլ արեց, հետո երեք քայլ եւ այդպես կամաց-կամաց: Մեր ձեռքբերումը եղել է շատ փոքր քայլերով, բայց այս պահին ունենք մեծ արդյունք: Հիմա էլ դպրոց է հաճախում: Բոլորը դասարանում իրեն սիրում ու օգնում են: Դասամիջոցներին, երբ մտնում եմ՝ երեխաներից մեկն ասում է՝ ես իրեն կոնֆետ եմ տվել, մյուսն ասում է՝օգնել եմ, որ կոնֆետը բացի: Դասարանում շատ ջերմ մթնոլորտ է, ոչ թե խղճալու, այլ օգնելու»,-պատմում է Լիլիթը:

Թիվ 6 դպրոցը, որտեղ սովորում է Հայկը, մարզում առաջններից էր, որ անցավ ներառական կրթության: Դպրոցի հոգեբան Արմինե Ղարագյոզյանը գտնում է, որ երեխաների շահերից ելնելով, կա անհրաժեշտություն վերանայելու ինտելեկտուալ ծանր եւ խորը խանգարումներով երեխաների կրթության կազմակերպումը հանրակրթական դպրոցում. «Որովհետեւ մեր դիտարկման արդյունքում եկել ենք այն եզրակացության, որ հանրակրթական դպրոցում նման խնդիրներ ունեցող երեխաները մեծ ծանրաբեռնվածության են ենթարկվում: Ըստ էության նրանց անհարժեշտ է անհատական օլիգոֆրեն մանկավարժի աշխատանք, որն անհատական պարապմունքների դեպքում զգալի արդյունքներ է տալիս: Եթե օրենքով նախատեսվում է, որ նման երեխաները պետք է հաճախեն հանրակրթական դպրոց, այդ դեպքում կրթությունը կարելի է այլ կերպ կազմակերպել:

Երեխաները հաճախեն հանրակրթական դպրոց, աշխատեն տվյալ դպրոցի մասնագետների հետ: Բայց առավոտյան ժամը 9-ից մինչեւ 3-ը գտնվել դպրոցում, դա երեխաներ համար մեծ ծանրաբեռնվածություն է, եւ խիստ անդրադառնում է նրանց եւ՛ ֆիզիկական, եւ՛ հոգեկան աշխարհի վրա: Դա մենք նկատել ենք: Եվ հիմնավորում ենք հենց մասնագիտորեն»:

Տիֆլոմանկավարժ, լոգոպեդ Լինա Սահակյանը ոլորտում ունի 5 տարվա աշխատանքային փորձ: Ինչպես պատկան մարմիններն, այնպես էլ Լինան նշում է, որ դպրոցներն ունեն ոչ միայն համապատասխան մասնագետների, այլ նաեւ հարմարեցված լինելու ու կահավորման կարիք: Խնդիրը մեծ ու ակնառու է հատկապես մարզի գյուղական համայնքներում. «Վանաձորում հատկապես հատուկ մանկավարժների կարիք ունենք՝ տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ, օլիգոֆրենոմանկավարժ, լոգոպեդ: Ավելի շատ կարիք կա օլիգոֆրենոմանկավարժների, որոնք աշխատում են մտավոր խնդիրներ ունեցող երեխաների հետ: Մասնագետների պակասն իմ կարծիքով կապված է նաեւ նրա հետ, որ մեր համալսարանը չունի նման մասնագետներ պատրաստելու համապատասխան բաժին»,- ասում է Լինան եւ նշում, որ հատուկ դպրոցների փակման գործընթացին բացասական է վերաբերվում. «Յուրաքանչյուր մարզի համար գոնե մեկ հատուկ դպրոց պետք է լիներ: Մեզ մոտ այդ գործընթացը շատ կտրուկ եղավ, դպրոցը փակվեց, շատ ծնողներ մոլորվեցին, թե ինչ պետք է անեն: Այդ դպրոցներում երեխաներին ոչ միայն կրթություն էին տալիս, այլեւ նրանց խնամքն էր ապահովվում: Բացի այդ, դպրոցների փակման հետեւանքով նաեւ շատ խելացի մասնագետներ պարզապես հայտնվեցին դրսում»:

Մինչդեռ՝ Հանրակրթության մասին ՀՀ օրենքում ասվում է, որ ներառական կրթություն` յուրաքանչյուր երեխայի համար, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների եւ հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով կրթական գործընթացին առավելագույն մասնակցության եւ հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքի ապահովում:

Թեեւ դպրոց գնալու ճանապարհը փոքր ինչ երկար ու դժվար է Հայկի համար, սակայն երեխայի հետ աշխատող լոգոպեդը վստահ է, որ տղայի ընտանիքում ճիշտ որոշում են կայացրել՝ նրան հանրակրթական դպրոց բերելով. «Հայկի համար տնային ուսուցման կարիք չեմ տեսնում, ինքը մեծ սիրով է դպրոց հաճախում: Իհարկե, ծնողի համար գուցե դժվար է դպրոց հասնելը, բայց դա փոքր խնդիր եմ համարում, քանի որ Հայկը դպրոցում իրեն շատ լավ է զգում, իրեն դրսեւորում է, որպես լիարժեք անհատ: Իր խնդիրը չի խանգարում կայանալ, հաճախել դպրոց, եթե հաշվի չառնենք դպրոց հասնելու հենաշարժողական խնդիրները: Մնացած բոլոր առումներով ինքը հարմարված է, դասարանի երեխաները նույնպես: Երեխաներն իրենց կամ Հայկի միջեւ տարբերությունը չեն դնում, այսինքն դասարանում բոլորը հավասար են: Բայց Հայկն ինքն իրենով, իր մտածելակերպով շատ առանձնահատուկ երեխա է»:

Լոռին համընդհանուր ներառական կրթության է անցել 2017 թվականի սեպտեմբերից: Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի տվյալներով հունվարի 1-ի դրությամբ մարզում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունի 718 երեխա: Նրանք գնահատվել են համապատասխան տարածքային աջակցության գնահատման կենտրոնների կողմից. «Գերակշռող մասը կազմում են ինտելեկտուալ մտավոր ֆունկցիայի խանգարում ունեցող երեխաները, չնայած, որ ունենք նաեւ՝ տեսողական, լսողական, ձայնային եւ խոսքի ֆունկցիայի խանգարում ունեցող երեխաներ: Հիմնականում խնդրով երեխաները բնակվում են Վանաձորում եւ Ստեփանավանի տարածաշրջանում»,- ասում է բաժնի առաջատար մասնագետ Հասմիկ Անդրեասյանը:

Մինչ մասնագետներն ու ոլորտի պատասխանատուները քննարկում ու առաջարկություններ են անում երկրում ներառական կրթություն ավելի զարգացնելու համար, մի քիչ կամակոր Հայկը գնում է իր երկրորդ երազանքի հետեւից: Տղան սիրում է սովորել, բայց միայն դպրոցում՝ սիրելի ուսուցիչների ու ընկերների շրջապատում: Օգտվելով երեխայի կրթություն ստանալու եւ ուսումնական հաստատություն ընտրելու իրավունքից, Հայկի մայրն ընտրեց ոչ թե տանը մնալու ու անհատական կրթություն ստանալու, այլ դպրոցում կրթվելու տարբերակը: Տղայի առաջին ու մեծ երազանքը եղել է քայլելը: Իսկ այժմ երազում է՝ մեծանալու, սովորելու ու բժիշկ դառնալու մասին. «Ես ուզում եմ սովորեմ, բժիշկ դառնամ, որ բուժեմ ու ուրախացնեմ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթեւիկ Ղազարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728