ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր այցելել են Հայաստան: Այս առնչությամբ Aravot.am-ի հարցին՝ գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը մտահոգություն է հայտնում, որ Նիկոլ Փաշինյանի առանձին հանդիպումները Ալիեւի հետ ի վերջո կարող են բերել նրան, որ Մինսկի խումբը ինչ-որ փուլում կհեռանա արանքից, ինչը կլինի Ադրբեջանի սրտով, համանախագահները կասեն, որ այդ առանձին հանդիպումներում դուք առանձին ինչ-որ բան եք պայմանավորվել՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը պատասխանեց. «Մենք պետք է զգույշ լինենք տերմինների հետ, որեւէ հանդիպում Հայաստանի վարչապետի կամ Ադրբեջանի նախագահի տեղի չի ունեցել: Եղել են ուղղակի շփումներ բազմակողմ հանդիպումների ժամանակ, դա շատ կարեւոր է: Մինչ այս պահը չի եղել նման բան ու վարչապետ Փաշինյանը բացատրել է, թե ինչ հանգամանքով ու ինչպես են այդ շփումները եղել: Արդյոք այդպիսի հանդիպումները կամ շփումները, որոնք եղել են ու կլինեն, կարող՞ են փոխարինել Մինսկի խմբի ձեւաչափը՝ իհարկե, ոչ: Հաշվի առնելով, որ հայկական կողմն ուղղակի կոնցեպտուալ ձեւով է պնդում, որ Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին, այստեղ բացառվում է, նույնիսկ եթե այդպիսի հանդիպումները լինեն բանակցային շրջանակներում, բացառվում է, որ դրանք համարվեն բանակցություն, որովհետեւ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը այսպիսի նույնիսկ ցանկացած շփման ժամանակ կներկայացնի հայ ժողովրդի այն զանգվածը, որն իրեն ձայն է տվել, մասնակցել է ԱԺ քվեարկությանը, վերջ, այդ հարցը փակված է»:
Իգիթյանն ասաց. «Մոտակա ժամանակներս, երբ սկսվեն բանակցությունները, եթե Ղարաբաղն ուղղակի ձեւով նստած չեղավ սեղանի շուրջ, դա չի նշանակի, որ նրանք ներկա չեն, որովհետեւ այդ ձեւաչափը, որը մենք ունենք 1998-ից, երբ Ռոբերտ Քոչարյանի որոշմամբ ԼՂ-ն դուրս մղվեց բանակցություններից, Քոչարյանը որոշեց, որ ինքը կարող է երկու կողմի տեսակետը ներկայացնել, բայց նույնիսկ այս ընթացքում ամեն անգամ Մինսկի խումբը ներկայացնում է տեսակետ Հայաստանին, Ադրբեջանին եւ ներկայացնում է նաեւ Լեռնային Ղարաբաղին: Մենք ունենք 97-ի նախադեպը, որ Լեռնային Ղարաբաղը վետո է դրել փաստաթղթին: Այստեղ որեւէ բան չի փոխվել, Մինսկի խումբը գիտի, որ ի վերջո այս ամեն ինչը, ինչն արվում է, արվում է Լեռնային Ղարաբաղին առաջարկ ներկայացնելու համար»:
Մեր հարցին՝ եթե մենք դիրքորոշում ենք որդեգրել, որ պետք է անպայման Արցախը վերադարձնենք բանակցությունների սեղան, այդ դեպքում հարց է առաջանում, այդ առանձին շփումների ժամանակ՝ Նիկոլ Փաշինյան-Ալիեւ, կամ արտգործնախարարների մակարդակով, ի՞նչ է քննարկվում՝ Իգիթյանը պատասխանեց. «Դավոսում կամ որեւէ տեղ Լեռնային Ղարաբաղը այդ շփումներում նույնիսկ չէր կարող լինել: Ինձ թվում է ավելի, քան վարչապետ Փաշինյանն արդեն նշել է այդ շփումների մասին, չեմ կարող ասել, որովհետեւ իմ կարծիքով գոլություն չունի, հիմնականում փոխանակվում էին իրենց տեսակետներով իրավիճակի մասին: Ես տեսնում եմ, որ այդ հանդիպումները տեղավորվում են Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների շրջանակներում, որովհետեւ օրակարգային միակ հարցը, որ կա, ես համոզված եմ, որ այսօր Մինսկի խումբն այդ հարցն է քննարկում այստեղ՝ ինչպես ստեղծել մի մթնոլորտ, որտեղ հարմար լինի շարունակել այն բանակցությունները, որոնք խզվել են Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների պատճառով 2016-ի քառօրյա պատերազմի ժամանակ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ