Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՊԵԿ նախկին նախագահը ևս Գյումրու պատմական կենտրոնում կառույց է գնել ու ներդրումը կիսատ թողել

Փետրվար 20,2019 17:57

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Գյումրու պատմական կենտրոնը տուրիզմի գոտու վերածելու ծրագրի շրջանակում «Կումայրի» արգելոց-թանգարանի տները գնած մեծահարուստները իշխանափոխությունից հետո հրաժարվեցին ներդրումներից։

Ինչպես տեղեկացրել ենք, հրաժարվողներից մեկը ռուսաստանցի մեծահարուստ գործարար, «Տաշիր Գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանն է, որը Ռուսթավելու փողոցում պատրաստվում էր ռեստորանահյուրանոցային համալիր կառուցել, սակայն Կարեն Կարապետյանի պաշտոնաթողությունից անմիջապես հետո մտափոխվեց․ պատրաստվում է այդ տարածքը պուրակ դարձնել՝ դեկորատիվ ծառերով:

Պարզվում է՝ Գյումրու Ռուսթավելի և Շահումյան փողոցների անկյունում, Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյին պատկանող «Խաշխանա» կոչվող շենքի դիմաց կիսավեր կառույց է գնել նաև Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք ՊԵԿ նախագահի պաշտոնը զբաղեցրած Վարդան Հարությունյանը՝ նախնական ծրագիր ներկայացնելով տվյալ հողամասում հյուրանոցառեստորանային համալիր կառուցելու։ Այն ձեռք բերելուց հետո մեկ ու կես տարի անց դեռ ոչինչ արված չէ (Տես լուսանկարում)։

Պարզվում է, նրանից բացի կան նաև պատմական հատվածում տներ գնած այլ ռուսաստանաբնակ հայեր, որոնք նույնպես դեռ չեն կառուցապատել։ Եղել են նաև հստակ պայմանավորվածություններ գնորդների և՛ տուն վաճառողների միջև, որոնք սակայն իշխանափոխությունից հետո որպես գործարք ավարտին չեն հասել։ Մեզ Գյումրու քաղաքապետարանից հավաստիացնում են, որ ներդրում կատարելու ցանկություն ունեցող անձանց մեջ հայտնի անուններ չկային, նրանց ցանկում եղել են նաև գնորդներ Շվեդիայից։

Ինչևէ, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն Aravot.am-ին վերջերս տված հարցազրույցում այս առիթով ասաց․ «Կան ներդրողներ, որոնք պատմական փողոցների վրա տներ են գնել, երևի թե կսկսեն շինարարական աշխատանքները։ Նրանք վաղուց են գնել այդ տները, հիմա տեսնենք «Կումայրի վերածնունդ» հիմնադրամն ինչպիսի աշխատանք է ծավալելու։ Մենք քննարկում ունեցանք դրա շուրջ, քանի որ կիսատ վիճակում է, չեմ ուզում որևէ բան ասել այս պահին, բայց հետագայում ես հետևողական կլինեմ, որպեսզի «Կումայրի վերածնունդն» աշխատի և այդ փողոցներում գոտիավորումը, որ արված է․ մեծ աշխատանք է կատարված, հենց այդ նկարագրով վերակառուցենք այդ փողոցները»։

Մենք այս թեմայի շուրջ կփորձենք պարզաբանումներ ստանալ նաև Վարդան Հարությունյանից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728