Ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, միջազգային ակադեմիաների պատվավոր անդամ, Հայրենական Մեծ պատերազմի կամավոր մասնակից, հայկական հեռուստատեսության հիմնադիրներից, “Հայ Փոքրիկ Երգիչներ” միջազգային ասոցիացիայի երկար տարիների փոխնախագահ՝ ԷԼՄԻՐԱ ՀԵՔԵՔՅԱՆԸ։
Մեծ և հիշվող արժեքներ է ստեղծել Էլմիրա Հեքեքյանը, ապրել բազմաբովանդակ, նվիրյալի կյանք՝ լի արվեստով, արարումով, տիտանական աշխատասիրությամբ, գաղափարի շուրջ մարդկանց համախմբելու, բոցավառելու, անհնարինն իրականություն դարձնելու տաղանդով։
Կյանք, որի կենտրոնում սերն է առ հայրենիքը, զավակներն ու գեղեցիկը՝ գեղեցիկը շրջապատում, մարդկային հոգում, հարաբերություններում, արվեստում ու բնության մեջ։
Աստված հոգին լուսավորի։
Էլմիրա Հեքեքյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա ս. թ. փետրվարի 22-ին 18:00-19:30, հրաժեշտի արարողությունը և թաղման կարգը՝ փետրվարի 23-ին 11:30-12:30 Կոնդի ս. Հովհաննես եկեղեցում։
Կարգ հոգվոցն հանգուցելոց և հուղարկավորություն՝ Սաղմոսավանի եկեղեցում և գերեզմանատանը փետրվարի 23-ին, ժամը 13:30:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր Էլմիրա Հեքեքյանը շուրջ 43 տարի՝ կյանքի լավագույն տասնամյակները, նվիրել է հայկական հեռուստատեսության կայացմանն ու զարգացմանը:
Ստեղծագործական առաջին քայլերը, որպես դերասանուհի, կատարել է Բաքվի Երեմյանի անվան հայկական պետական թատրոնում՝ մարմնավորելով Սոնայի դերը Շիրվանզադեի «Չար ոգիում», Ադայի դերը՝ Ջակոմետիի «Ոճրագործի ընտանիքը» բեմադրությունում`որպես մեծն Վահրամ Փափազյանի զուգընկեր:
Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում ուսանելու տարիներին միակ՝ Գրիբոյեդովի անվան թոշակառուն էր: Դեռ ուսանողական տարիներից (1948 թվական), թղթակցել է ռադիոկոմիտեի լուրերի բաժնին, անդամակցել Հայաստանի Թատերական գործիչների միությանը: 1953 թվականին ռեժիսորի կարիերան սկսել է Գորիսի, ապա՝ Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոններում:
1957 թվականից Էլմիրա Հեքեքյանի կյանքն ընդմիշտ կապվում է հայկական հեռուստատեսության հետ. բեմադրություններ, սցենարներ, 50-ից ավելի հեղինակային հաղորդաշարեր, փաստավավերագրական ֆիլմեր՝ «Մեր տան պատիվը», «Հասմիկ» հանդես, «Վարք ու բարք», «Գեղարվեստ», «Թատերական մանրանվագներ», «Թատերական հուշեր», «Համաշխարհային թատրոնի պատմության էջերից», «Զրույցներ գեղագիտության մասին», «Գեղեցիկի աշխարհում»: Նրա հաղորդումները մշտապես արժանանում էին «Շաբաթվա», «Ամսվա», «Տարվա լավագույն հաղորդում» կոչմանը:
1964 թվականին նրա նկարահանած «Մինչև 16 տարեկաններին թույլատրվում է» կինոնկարն առաջին միջազգային դափնիներն է բերել հայկական հեռուստատեսությանը՝ նույն թվականին արժանանալով Համամիութենական, իսկ 65-ին՝ Պրահայի միջազգային կինոփառատոնների Առաջին մրցանակներին:
«Եթերում Երևանն է» իր գրքում Ստեփան Մարուքյանը գրում է. «Էլմիրա Հեքեքյանը կարճ ժամանակամիջոցում ստեղծեց յուրօրինակ, հիշարժան հաղորդումներ, որոնք իբրև նոր խոսք գնահատվեցին հեռուստատեսային արվեստում»:
1960-ականներին երկու տեսախցիկով եռակի էքսպոզիցիա ստանալը ռեժիսոր Հեքեքյանի տեխնիկական նորարարությունն էր, իսկ Ջորդանո Բրունոյի դրամատուրգիան բացահայտելն ու նրա «Մոմակալը» պիեսը բեմադրելը՝ համամիութենական մասշտաբի իրադարձություն և համաշխարհային պրեմիերա:
«3000-րդ հերոսուհի մայր» հաղորդման համար Է. Հեքեքյանը պարգևատրվել է ՀՍՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով (1967):
1969 թվականին Էլմիրա Հեքեքյանին շնորհվել է համամիութենական հեռուստատեսությամբ հաստատված բարձրագույն կարգի ռեժիսորի որակավորում:
Ստեղծագործական գործունեությանը զուգահեռ՝ 65 տարի զբաղվել է մանկավարժական գործունեությամբ՝ որպես թատերական մանկավարժ, իսկ 38 տարի անմնացորդ նվիրումով ծառայել է Հեռուստառադիոյի կամերային և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբերին:
Մեծ հայրենասեր Էլմիրա Հեքեքյանը պարբերաբար օգնել է Սպիտակի, Վանաձորի և Գյումրիի աղետյալներին, նեցուկ կանգնել Շահումյանի, Գետաշենի փախստականներին: Արցախյան պատերազմի հենց սկզբից Ստեփանակերտի հանրապետական մանկական հիվանդանոցում 3000 երեխաների համար ստեղծել է կաթնախոհանոց:
Էլմիրա Հեքեքյանը 2-րդ աշխարհամարտի կամավոր մասնակից է:
Մեծապես կարևորելով անկախ Հայաստանում ապրող սերունդների ռազմահայրենասիրական դաստիարակության դերը՝ Մոնթե Մելքոնյան, Փոքր Մհեր, Տիգրան Մեծ ռազմամարզական վարժարանների մշտական հյուրն էր Հայաստանի Փոքրիկ երգիչների հետ միասին:
Պարգևատրվել է 14 աշխատանքային, զինվորական, հոբելյանական մեդալներով, ՀՀ կրթության և գիտության, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարությունների, Թատերական գործիչների միության Ոսկե մեդալներով: Երեք միջազգային մրցույթների դափնեկիր է, Բնական գիտությունների եվրոպական (Գերմանիա), ռուսական և ՀՀ տեխնոլոգիական ակադեմիաների իսկական անդամ, Հեռուստատեսության և Ռադիոյի պատվավոր ակադեմիկոս:
Մեծ և հիշվող արժեքներ է ստեղծել Էլմիրա Հեքեքյանը, ապրել բազմաբովանդակ, նվիրյալի կյանք՝ լի արվեստով, արարումով, տիտանական աշխատասիրությամբ, գաղափարի շուրջ մարդկանց համախմբելու, բոցավառելու, անհնարինն իրականություն դարձնելու տաղանդով: Կյանք, որի կենտրոնում սերն է առ հայրենիքը, գեղեցիկը, զավակներն ու հոգեզավակը՝ Հայկական հեռուստատեսությունը:
Հայաստանի փոքրիկ երգիչները