«Հետքը» հրապարակել էր, որ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը պետական մակարդակով բիզնես է խլում, ինչին արձագանքել էր նաեւ Սանասարյանը՝ նշելով, որ մենաշնորհների հետ կապված հարց է այդտեղ եղել:
Խոսքը «Ֆրեզենիուս Մեդիքլ քեյր» գերմանական ընկերության հայաստանյան գործընկեր «Ֆրեզեն» ՍՊԸ-ի մասին է: Այս առնչությամբ այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հարցին, թե իրավական տեսանկյունից մասնավոր ընկերության գործունեության մեջ ՊՎԾ-ն կարո՞ղ է միջամտել, երբ նման լիազորություն չունի՝ պատասխանեց. «Առանձին մասնավոր ընկերության ներքին գործերի մեջ, բնականաբար, չի կարող միջամտել, բայց եթե մասնավոր ընկերությունները, որպես այդպիսին, մասնակցել են ինչ-որ պետական մրցույթի եւ պետբյուջեից ֆինանսավորվող ծրագրեր են իրականացրել, այդ մասով վերահսկողություն իրականացնել արդեն թույլատրելի է, որովհետեւ դա ուղղված է ճիշտ եւ օբյեկտիվ ծախսման հետազոտմանը, իսկ խնդիրների առկայության դեպում՝ նաեւ վերացմանը: Եթե այդպես է տեղի ունեցել՝ իրավաչափ է: Բայց եթե մասնավոր ընկերության մասնավոր այլ հարաբերություններ եւս ուսումնասիրության տակ են առնվում, այս առումով խնդրահարույց է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ