Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղինակային իրավունքը Հայաստանում խախտվում է երևի ամեն րոպե

Փետրվար 20,2019 16:44

«Հեղինակի, կատարողի կամ իրավատիրոջ հեղինակային իրավունքը Հայաստանում խախտվում է երևի ամեն րոպե»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հայկական ԶԼՄ-ներում հեղինակային իրավունքների պաշտպանության խնդրի մասին՝ ասաց «Հայհեղինակ» ՀԿ-ի գլխավոր տնօրեն Սուսաննա Ներսիսյանը: Վերջինիս խոսքով՝ եթե վերլուծենք՝ մտավոր սեփականության առնչությամբ ինչպիսին է իրավիճակը, ապա ինքն օրենսդրական դաշտը կգնահատի շատ դրական, որովհետև այն միշտ ուշադրության կենտրոնում է և կառավարության, և պետական մարմինների, և հանրության կողմից: Ըստ բանախոսի՝ հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին օրենքը հաճախակի վերանայվում է, որովհետև հեղինակային իրավունքի օբյեկտները, ժանրերը շատանում են, անընդհատ ավելանում են նաև օգտագործման ձևերը: Տիկին Ներսիսյանն ընդգծեց, որ հատկապես խախտվում է հեղինակային իրավունքը:

«Ինչ քայլեր պետք է անել, պետք է շատ խոսել, բարձրաձայնել: Հիմնականում այս խնդրի պատճառն այն է, որ վախ չկա, որ հեղինակային իրավունքը խախտողը խախտում է նաև երրորդ անձի իրավունքը, մյուս պատճառն էլ այն է, որ դատական գործընթացները միշտ վերջանում են ի վնաս հեղինակային իրավունքի սուբյեկտի»,- նկատեց տիկին Ներսիսյանն ու հավելեց, որ եթե այսպես շարունակվի՝ երկիրը կկորցնի և գիտությունը, և արվեստը, մարդիկ կլքեն երկիրը և կընկնի մեր երկրի վարկանիշը:

«Ֆոտոլուր» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մելիք Բաղդասարյանը նշեց, որ իրենց հիմնական ֆինանսական աղբյուրը նկարների վաճառքն է. «Շատ վիրավորական է, երբ մեր լուսանկարները գողանում են: Միշտ խուսափել եմ այդ գողացողների հետևից գնալուց, մտածել եմ համայնքը փոքր է, ճանաչում ենք իրար, ամոթ է, կասեն՝ էս «Ֆոտոլուր»-ի տնօրենը բան ու գործ չունի, դատի մեջ ՝ ընկնում սրա նրա հետ, երբ, մանավանդ բոլորս իրար ճանաչում ենք, բայց վերջերս համբերության բաժակս լցվեց: Դիմեցի դատարան, որ «Նոյյան Տապան»-ի հետ մեր հարաբերությունները պարզենք»:

Պարոն Բաղդասարյանի խոսքով՝ «Նոյյան Տապան» լրատվական գործակալությունը ժամանակին եղել է իրենց բաժանորդը, ստացել է նկարներ, բայց հետո ֆինանսական պատճառաբանությամբ նրանք հրաժարվել են բաժանորդագրումից. «Լավ արեցին: Է, ինչո՞ւ վճարեն, երբ կարող են անվճար վերցնել»:

Պարոն Բաղդասարյանը, խոսքն ուղղելով լրագրողներին, վստահեցրեց, որ մենք այս ամենից ավելի լավ ենք հասկանում, քան դատարանը:

«Դատավորը ոչինչ չհասկացավ, ամենայն պատասխանատվությամբ եմ ասում դա: Դատարանի արդյունքները ինձ չբավարարեցին, ես վճռաբեկում բողոքարկելու եմ այն: Դատարանի որոշման մեջ ասվում էր՝ «Նոյյան Տապան»-ը սնանկ է ճանաչվել և փակվել է: Բոլորդ իմացեք, որ «Նոյյան տապան» չկա, որ գնում են ասուլիս, թերթեր են լույս տեսնում, այդ Նոյյան տապանը չկա: Բա որ չկա, ո՞նց է լույս տեսնում»,- այսպիսի հարցադրմամբ հանդես եկավ բանախոսը:

Վերջինս խոսեց նաև այն խնդրից, որ լինում է նկարը լոգոյով հրապարակում են, իսկ այլ լրատվամիջոցներ նկարը կտրում են՝ լոգոն հեռացնում, և էջում լուսանկարն օգտագործում առանց որևէ թույլտվության:

Հեղինակային իրավունքի խախտման դեմ պայքարի «Մեդիամաքս»-ի փորձը ներկայացրեց գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը:

«Առաջին 14 տարին մենք պայքարում էինք տնավարի: Հայտնաբերելով մեր հեղինակային նյութերի, լուսանկարների գողությունները՝ անձամբ ճանաչելով՝ զանգահարում էինք, ընկերաբար-բարեկամաբար խնդրում, եթե չէր ազդում ավելի կոշտ էինք խնդրում հեռացնել խախտումը կամ դարձնել օրենքին համապատասխան: Վերջին հինգ տարին մենք այդ գլխացավը փոխանցել ենք համապատասխան իրավաբանական կազմակերպության: Համատեղ մոնիթորինգ ենք իրականացնում համացանցում, մեր գործընկերները, հայտնաբերելով խախտման սկզբնաղբյուրը, փնտրելով և գտնելով խմբագրին, զգուշացնում են այն պատասխանատվության մասին, որը նրանց սպառնում է, եթե այդ խախտումը չվերացնեն: Փորձը ցույց է տալիս, որ իրենք հասկանում են, որ խախտումը հեռացնելը ավելի ձեռնտու է, քան եթե շարունակեն առճակատումը»,- ասաց Դավիթ Ալավերդյանը:

Վերջինս ընդգծեց նաև, որ չի կարող գնահատական տալ դատական ատյանների պատրաստվածությանը, բայց համոզմունք հայտնեց, որ չունենք այնպիսի դատավորներ, որոնք մասնագիտացած են մեդիաիրավունքի մեջ, հատկապես առաջին ատյանի դատարաններում, ըստ պարոն Ալավերդյանի, դատավորները հիմնականում ծանոթ չեն այդ խնդրին:

Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728