Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպման էր: Հանդիպումը տեւեց ուղիղ երկու ժամ: Հրապարակում կար, որ Արսեն Թորոսյանին ծանր օր է սպասվում:
Հանդիպումից հետո մեր հարցին՝ ծա՞նր էր օրը՝ նախարարը պատասխանեց. «Այնքան ծանր էր, որ էս հանդիպումը ես էի խնդրել, ոչ թե իրենք: Պարզապես շատ սպասելով, որ տեսա՝ իրենք չեն կանչում, ես խնդրեցի, որ հանդիպում լինի: Օրակարգում բազմաթիվ հարցեր էր, հիմնականում հանդիպեցի պատմելու համար, թե մենք ինչ ենք անում, որպեսզի նույն էջի վրա լինեն կառավարությունն ու պատգամավորները»:
Մեր հարցին՝ Արա Մինասյանը դատարանում պահանջում է, որ դուք իրենից ֆեյսբուքյան ձեր էջում ներողություն խնդրեք, պատրաստվո՞ւմ եք ներողություն խնդրել՝ Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Այդ հարցով զբաղվում է իմ փաստաբանը: Ես ասել եմ այն, ինչ ասել եմ, իմ խոսքերից հետ չեմ կանգնում»:
Հարցին՝ ծխելու դեմ նախագիծն ի՞նչ փուլում է` նա պատասխանեց, որ կառավարությունում է, հետո կգա ԱԺ, կլինեն բուռն քննարկումներ: Թե ի վերջո նարգիլե վաճառողների հետ համաձայնության կարողացա՞ն գալ՝ նախարարը պատասխանեց. «Առաջարկներ ստացել ենք անցյալ ուրբաթ օրը, բանակցում ենք»: Հարցին՝ նրանց բիզնեսը կարգելվի՞՝ Թորոսյանը պատասխանեց. «Մենք բիզնեսների հետ գործ չունենք, ժողովուրդ, մենք ընդամենը ծխելու վայրերի սահմանափակում ենք դնում, որ պաշտպանենք մեր քաղաքացիների, այդ թվում՝ ծխող քաղաքացիների առողջությունը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ