Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես առնչություն չունեմ որեւէ բժշկական կենտրոնի հետ, սեփականատեր չեմ». Արսեն Թորոսյանը՝ ՄԻԲՍ-ին, «Աստղիկ»-ին շատ փող տալու մասին

Փետրվար 20,2019 15:39

«ՀՀ 2019-ի բյուջեով եղել է մոտ 10 մլրդ դրամի աճ, հետեւաբար գրեթե բոլոր բժշկական հաստատությունները ստացել են ավելի շատ գումար, քան ստացել են 2018-ին, այդ թվում՝ ձեր նշած կենտրոնը»,- այսօր լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսպես պարզաբանեց Սամվել Ալեքսանյանին պատկանող «Աստղիկ» ԲԿ-ին տրամադրվող գումարներն ավելացնելու լուրը:

Հիշեցնենք, որ նախարարն իր անվան հետ կապվող «ՄԻԲՍ» ԲԿ-ին հատկացվելիք պետական ֆինանսավորումը նույնպես ավելացրել է շուրջ 2,5 անգամ: Բացի այդ, ավելացրել է նաեւ Իջեւանի բժշկական կենտրոնին հատկացումները, պակասեցրել Բերդինը:

Այս առնչությամբ նախարարն ասաց. «Ընդամենը մի քանի կենտրոններ են Երեւանում ստացել քիչ ֆինանսավորում, որովհետեւ գումարների բաշխումը կատարվել է սկզբունքով, թե իրենք ինչքան ծառայություն են մատուցել անցյալ տարի, նաեւ՝ վճարովի: «Աստղիկի», «Էրեբունիի», «Արաբկիրի» ֆինանսավորումը աճել է, նույնիսկ Հանրապետական հիվանդանոցի ֆինանսավորումն է աճել»:

Նա ասաց, որ հատկացումները հնարավոր է տարվա ընթացքում վերանայվեն. «Կան բժշկական հիմնարկներում ծառայություններ, որոնք ստաբիլ մնում են՝ դիալիզի ծառայություն, օրինակ, ծննդօգնությունը, սրտի ծրագրերը: Այս տարի նոր ծրագրեր են ներդրվել, օրինակ, կաթվածի ծրագրերը եւ հավելյալ գումարներ են ներդրվել «Առաջին հիվանդանոցում» եւ «Էրեբունի» ԲԿ-ում»:

Ինչ վերաբերում է ՄԻԲՍ-ին, նախարարն ասաց, որ այդ կենտրոնը 2017-ին ընդհանրապես պետական ֆինանսավորում չի ստացել, 2018-ին մարտին է ստացել 25 մլն դրամ ու եղել է բոլոր կենտրոններից ամենաքիչ ֆինանսավորում ստացողը: Թե ինչու է այդ կենտրոնը կապվում իր անվան հետ՝ Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Որովհետեւ ես այդ կենտրոնի տնօրենն եմ եղել ընդամենը»:

Մենք հարցրեցինք՝ պատահականությո՞ւն է, որ Իջեւանի բժշկական կենտրոնի ֆինանսավորումն ավելացվել է՝ նկատի ունենալով, որ վարչապետն Իջեւանից է, իսկ Բերդինը՝ իջեցվել՝ նախարարը պատասխանեց. «Պատահական չի եղել, դա շատ մտածված է եղել՝ համահարթեցման շրջանակներում իմ ասած չափորոշիչները դնելով: Մենք փորձել ենք մարդաշնչի հաշվարկով մարզերում համահարթեցում անել»:

Լրագրողները ճշտեցին՝ այնուամենայնիվ, ՄԻԲՍ-ի հետ դուք առնչություն չունե՞ք՝ նա պատասխանեց. «Ես առնչություն չունեմ որեւէ բժշկական կենտրոնի հետ, որեւէ բժշկական կենտրոնի սեփականատեր չեմ»: Նա հերքեց նաեւ, որ այդ կենտրոնը կապ ունի իր կնոջ՝ Վարդուհու հետ:

Հարցին՝ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ֆինանսավորումը հատո՞ւկ է իջեցվել՝ նա պատասխանեց. «Հատուկ չի իջեցվել, հատուկ բարձրացվել էր նախկինում: Հիմա քանի որ կատարողականը իջած է, իրենք 1 մլրդ դրամ քիչ են ծախսել անցյալ տարի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728