Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Խաչատրյան. «Կառավարությունը հավանություն է տվել Սինեմաթեքի նախագծին»

Փետրվար 20,2019 15:33

«Սովետական միությունից ստեղծագործական միությունների մասին վատ կարծիք է մնացել, որովհետեւ սա եղել է ԿԳԲ-ի ստեղծած հիմնարկը, որը հիմնականում հետապնդում էր արվեստագետներին, որպեսզի նրանք խորհրդային քաղաքականության կուրսից դուրս չգան…Որովհետեւ արվեստագետները լինում են կամ շատ համարձակ, կամ ստորաքարշ: Այնպես որ անցել են այդ ժամանակները, եւ միությունները դարձել են մշակութային կենտրոններ եւ արհմիություններ»,- փետրվարի 20-ին հրավիրված ասուլիսում ասաց Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը: Նա ներկայացրեց անցյալ տարում եւ դրան հաջորդած 4 ամիսների ընթացում Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության դահլիճներում եւ Բուխարու սրահում իրականացրած 150 միջոցառումներն ու նախագծերը, ցուցահանդեսներն ու կինոդիտումները:

Մանրամասները` տեսանյութում

Հավելեց, որ ստեղծել են ապագա կինոթանգարանի` Հայաստանի ազգային Սինեմաթեքի նախագծային-հաշվարկային փաստաթղթերը, նամակներ են ուղարկել ՀՀ վարչապետին, նախագահին, մշակույթի նախարարին, քաղաքաշինության կոմիտեի նախագահին:

«Սկսել ենք կարգի բերել քանդված, հուսահատված կինոմիությունը»,-ասաց նա: Ընդգծեց, որ շարունակում են օգնել միության անդամներին, սակայն նախկինի նման ոչ թե սիսեռ ու մթերք են բաժանում, ինչը ստորացուցիչ է, այլ գումարն են տրամադրում, նաեւ սոցիալական ծրագրերի մասով շարունակում են բժշկական ապահովագրությունը, նախկինում տարեկան 7 մլն դրամ ապահովագրության գումարը 2018 թ հասցրել են 10 մլն-ի: «Ամենակարեւորը կինոմթնոլորտ ստեղծել է եւ կինոյի մարդկանց իրավունքները պաշտպանելը, ինչի համար էլ ստեղծված են միության ներսում գործող գիլդիաները»,- ասաց Հարություն Խաչատրյանը:

Մանրամասները` տեսանյութում

Ինչ վերաբերվում է Սինեմաթեկին, բանախոսի ասելով, այն չի լինելու միայն կինեմատոգրաֆիստների միության սեփականությունը. «Լինելու է եւ մշակույթի նախարարության եւ քաղաքի մշակույթի կենտրոնը եւ ծառայելու է ողջ երկրին, ծառայելու է դպրոցին, տուրիզմին, բարձրագույն կրթությանը, երիտասարդների հետաքրքրություններին…Մի խոսքով, հետաքրքիր կենտրոն է դառնալու; Հուրախություն բոլորիս, մենք անցյալ տարի դիմեցինք կառավարությանը, վարչապետին, պատմելով մեր ծրագրերի մասին, եւ ստացանք իրենց դրական արձագանքը: Ընդ որում` մինչև իշխանափոխությունն էլ ունեինք դրական կարծիք Սինեմաթեք ստեղծելու վերաբերյալ, բայց հեղափոխությունից հետո կանգ էր առել գործընթացը…Հիմա ուրախ ենք, որ այն արժանացել է նոր կառավարության հավանությանը»:

Մանրամասները` տեսանյութում 

Ըստ, Հարություն Խաչատրյանի, Լիլիթ Մակունցի ստորագրությամբ ստացել են նամակ, որ վարչապետի որոշմամբ, 2020-21 թթ միջանկյալ ֆինանսավորման ծրագրերով գումար կհատկացվի գաղափարը ավարտին հասցնելու համար, ինչ վերաբերվում է իրենց, կինոգործիչների միությունն էլ այդ նպատակի համար տրամադրում է իրենց 2մլն-անոց շենքը: Այլ սինեմաթեքների են դիմել ու աջակցություն խնդրել, որպեսզի կարողանան ստեղծել ժամանակակից մեթոդներով կենտրոն:

Նա համոզված է, որ սա կառավարության եւ քաղաքապետարանի հետ համատեղ մշակութային նախագիծ է լինելու` միջազգային չափանիշներով; Ըստ շինարարական հաշվարկների, դրա համար անհրաժեշտ է 480 մլն դրամ գումար: «Շատ ուրախացրեց ինձ Լիլիթ Մակունցի նամակն այն մասին, որ նոր իշխանությունները գնահատում են նախագիծը, կառավարությունը իր հավանությունն է տվել»,- ընդգծեց Հարություն Խաչատրյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728