Լրահոս
Օրվա լրահոսը

Տիկին Մանուկյան-Սիմոնն ամենասերտ առնչությունն ուներ այն ամենի հետ, որ կոչվում է հայ ու Հայաստան. Նախագահ Սարգսյանը ցավակցել է Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան կապակցությամբ

Փետրվար 20,2019 15:07

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ազգային գործիչ ու բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան կապակցությամբ:

Հեռագրում ասված է.

«Խոր կսկիծ ու ցավ ապրեցի՝ ստանալով մեր ժողովրդի արժանավոր դուստր, ազգային գործիչ ու բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան գույժը:

Այս կորուստը չափազանց մեծ է Հայաստանի, Արցախի ու աշխարհասփյուռ հայության համար, քանզի Տիկին Մանուկյան-Սիմոնն ամենասերտ առնչությունն ուներ այն ամենի հետ, որ կոչվում է հայ ու Հայաստան՝ մշտապես լինելով նրանց կողքին ու նրանց մեջ:

Որպես արժանի զավակ իր ազգանվեր ծնողների՝ Հայաստանի Ազգային հերոս Ալեք Մանուկյանի և տիկին Մարի Մանուկյանի, որպես Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ ու բարերար, նրա մատուցած ծառայությունները Հայրենիքին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և աշխարհասփյուռ հայ ժողովրդին իրապես բացառիկ են իրենց ծավալներով ու բովանդակությամբ:

Հայաստանի անկախացումից ի վեր Հայաստանն ու Արցախը դարձան նրա հայրենանվեր գործունեության թիրախը, որոնց Տիկին Լուիզ Մանուկյան-Սիմոնը նվիրված մնաց մինչև իր կյանքի վերջը: Որպես Հայկական բարեգործական ընդհանուր միության երկարամյա նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ ու պատվավոր անդամ, նա բազմաթիվ ծրագրեր նախաձեռնեց ու իրականացրեց թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Արցախում, թե՛ Սփյուռքում:

Այդ Մեծ Տիկինն իր ընդգրկուն գործունեությամբ և հեղինակությամբ դուրս է գալիս ազգային սահմաններից և մեր ժողովրդին լավագույն կերպով ներկայացնում միջազգային մակարդակով:

Համազգային կորստի այս ծանր պահին անկեղծ ու խորին ցավակցությունս եմ հայտնում Տիկին Լուիզ Մանուկյան-Սիմոնի ընտանիքին ու հարազատներին, եղբորը՝ Ռիչարդ Մանուկյանին, երեք զավակներին, զույգ թոռներին, Հայկական բարեգործական ընդհանուր միությանը, հոգաբարձուների խորհրդին և կիսում բոլորի վիշտը:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»:

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Տարբեր է անձը ուղղակի շփումով ճանչնալ և տարբեր մամուլի էջերէն;
    Այդ բախտը ես ունեցայ երբ Տիկին Լուիզ-Սիմոն- Մանուկեան,թոռնիկները առած եկած հասած էր Վենետիկ, ցոյց տալու անոնց Մխիթարեան Մայրավանքը իր մշակութային թանկագին հաւաքածոներով և ծանօթացնելու հայկական միակ վանական գործող համալիրը /300 տարիներէ իվեր/ թէ ինչու Վենետիկ կը գտնուէր ան և ոչ Հայաստան ;
    Պարտականութիւնս էր ոչ միայն կոնտոլով ցոյց տալ Վենետիկի հրաշալիքները այլ մանաւանդ թէ ինչպէս ՀԱՅԸ ցեղասպանութեան ահաւոր ոճիռէն ետք գիտէ յարութիւն առնել երկրագունտի բոլոր անկիւններուն վրայ – աշխարհիկ /ինչպէս իրենց պապը և կրօնական /ինչպէս Մխիթար Սեբաստացին/ իրենց ցայտուն օրինակով ցոյց կու տան մարդկութեան;
    Կը կարծեմ որ մասամբ յաջողեցայ ինծի յանձնուած պաշտօնին մէջ -քանի որ վանք վերադարձին -անոնք խնդրեցին կրկին այցելել այդ գանձերը և ձեռագիր մագաղաթները այս անգամ ՛՛ տարբեր աչքերով ՛՛ ;

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728