Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիրավոր ոստիկանն ասում էր՝ «օգնեք, կարող է՝ մահանամ». ՊՊԾ գնդում եղած ոստիկան

Փետրվար 20,2019 14:52

ՊՊԾ գնդի գրավման գործով հերթական դատական նիստում այսօր որպես տուժող հարցաքննվեց նաեւ Վլադիմիր Սիրեկանյանը, որը միջադեպի ժամանակ գնդում եղել է հերթապահ-ոստիկան: «Հարվածի ձայն լսեցի, մտածեցի՝ վթար է (զինված խմբի անդամները, ըստ քրեական գործի նյութերի, գնդի տարածք են ներխուժել բեռնատարով դարպասները կոտրելու միջոցով): Եկան, ձեռքերս կապեցին, տարան հանգստի սենյակում թողեցին: Մյուս ոստիկաններին էլ բերեցին: Ճնշումս բարձրացավ, ես սրտի խնդիր ունեի: Երկար ժամանակ մնացել եմ շտապօգնության մեքենայում, ինչից հետո ինձ տեղափոխել են հիվանդանոց»,-դատարանին պատմեց տուժող-ոստիկանը:

Ապա նշեց, որ տեսել է այն ժամանակ Երեւանի փոխոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին. «Երբ սենյակում էի, եկավ առանց «պագոնների», զարմացա, թե ոնց հայտնվեց… Վարդան Եղիազարյանն էլ եկավ: Օսիպյանը խնդրեց, որ ինձ թողնեն-տանեն հիվանդանոց: Ճնշումս 240 էր, բայց չէին թույլատրում տանել հիվանդանոց»:

Ապա մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանը հետաքրքրվեց, թե իրեն ինչ է հայտնի ՊՊԾ գնդի գրավման օրերին զոհված ոստիկաններից Գագիկ Մկրտչյանի վիրավորման հանգամանքների մասին: «Գագիկ Մկրտչյանն իմ լավ ընկերն է եղել: Բերեցին-նստեցրին, արյուն էր գալիս ձեռքից եւ որովայնի հատվածից…կլինի՞ էլ չասեմ այդ մասին, հիշում եմ՝ հուզվում եմ»,-դատարանին խնդրանք հղեց Վլադիմիր Սիրեկանյանը: Այնուամենայնիվ, հարցերը հնչեցին, որոնց ի պատասխան ոստիկանը հայտնեց. «Ձեռքից վիրավոր էր, շատ արյուն կար: Զգում էի, որ արնաքամ է լինում: Ասում էր՝ «մի բան արեք», բայց ձեռքերս կապած-նստած էի, ի՞նչ կարող էի անել…: Ասում էր՝ «օգնեք, կարող է՝ մահանամ»: Ինձ համար պարզ էր, որ իր վրա կրակել էին: Կես ժամ էլ չմնաց այդ սենյակում, տարան»:

Ոստիկանը նաեւ տեղեկացրեց, որ ՊՊԾ գնդի տարածքում կայանված իր մեքենայում 114 հազար դրամ է եղել, որի ճակատագրի մասին տեղեկություն չունի: Գնդի տարածքում թողել է նաեւ «Այֆոն» հեռախոս, որից եւս տեղյակ չէ: Դատավոր Մեսրոպ Մակյանը հայտնեց, որ 114 հազար դրամի վերաբերյալ այս գործով որեւէ անձի մեղադրանք չի առաջադրվել, ուստի նյութական վնասի մասին պահանջ չի կարող լինել: «Դե, թող գնա-կորի»,-նետեց տուժող-ոստիկանը:

Վլադիմիր Սիրեկանյանը կարծիք հայտնեց նաեւ «Սասնա ծռերի» հանդեպ համաներման կիրառման մասին եւ ասաց, որ դեմ է:

https://www.facebook.com/aravot.am/videos/596790670734085/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728