Լրահոս
Օրվա լրահոսը

Տուժող-ոստիկանը չառարկեց «Սասնա ծռերի» համաներման դեմ

Փետրվար 20,2019 14:03

ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով հերթական դատական նիստում այսօր որպես տուժող հարցաքննվեց Վիգեն Մարտիրոսյանը, որը 2016թ.-ի դեպքերի ժամանակ աշխատել է պետական պահպանության ծառայությունում՝ որպես ավագ ոստիկան: Նա դատարանին հայտնեց, որ իր ծառայության շրջանակներում մոտեցել է գնդի տարածքին, որտեղ իրեն «դիմավորել» են զինված խմբի անդամները. «Ինքնաձիգն ուղղեցին ինձ վրա, հարցրին, թե ուր եմ գնում, ասացի, որ աշխատանքի: Գրպաններս ստուգեցին, վերցրին բջջային հեռախոսներս, ապա հրահանգեցին մտնել հսկիչ-անցագրային կետ: Այդտեղ տեսա Վալերիյ Օսիպյանին, Վարդան Եղիազարյանին եւ մյուս ոստիկաններին»:

Ըստ տուժողի՝ այնուհետեւ նա իմացել է տեղի ունեցած հրաձգության մասին. «Օսիպյանից իմացանք, որ ոստիկանության աշխատակիցները փորձել են վերադասավորվել, ինչի ընթացքում տղաները մտածել են, թե հարձակվում են, եւ հրաձգություն է սկսվել, որի հետևանքով ոստիկաններ են վիրավորվել: Հետո Օսիպյանն ու Պավել Մանուկյանն ասացին, որ բանակցությունների արդյունքում մեկին պետք է բաց թողեն, եւ ինձ բաց թողեցին: Մոտ երեք ժամ եմ եղել այնտեղ»: Թե ովքեր էին իրեն հսկիչ-անցագրային կետ տարած զինված անձինք, տուժողը տեղեկացրեց՝ Մարտիրոս Հակոբյանը ու Արեգ Կյուրեղյանը:

Մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանը հարցրեց՝ «ձեր ձեռքերը կապե՞լ են»: Ոստիկանը բացասական պատասխան տվեց: Մեղադրյալներից Սեդրակ Նազարյանը հարցրեց՝ «դուք ձեզ տուժող համարո՞ւմ եք»: «Այո»,-պատասխանեց Վիգեն Մարտիրոսյանը: Թե ինչու է նա իրեն տուժող համարում, այսպես բացատրեց. «Մոտ երեք ժամ եղել եմ տարածքում, ազատ տեղաշարժվել չեմ կարողացել, բացի այդ՝ հոգեբանական ճնշման պահը…»: Մեղադրյալ Պավլիկ Մանուկյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը հարցրեց՝ «ձեր հանդեպ ոչ բարյացակամ վերաբերմունք եղե՞լ է, ձեզ վիրավորե՞լ են»: «Ոչ»,-պատասխանեց Վիգեն Մարտիրոսյանը: Նա այդպես էլ չկարողացավ նկարագրել, թե հոգեբանական ճնշում ասելով՝ ի՞նչ ի նկատի ունի:

Ինչ վերաբերում է «Սասնա ծռերի» համաներմանը, Վիգեն Մարտիրոսյանն ասաց, որ չի առարկում:

https://www.facebook.com/aravot.am/videos/415001969044141/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728