Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ տարան Վովա Գասպարյանի եւ Կուտոյանի մոտ, հարցրին՝ «կարո՞ղ ես էլի մտնել գունդ». ՊՊԾ գնդում եղած շտապօգնության վարորդ

Փետրվար 20,2019 12:42

ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով հերթական դատական նիստում այսօր որպես տուժող հարցաքննվեց Լյուդվիգ Չալաբյանը, որը 2016թ.-ի այդ դեպքերի ժամանակ աշխատել է որպես շտապօգնության վարորդ: Նա նախ դժվարացավ նկարագրել գնդում տեղի ունեցած դեպքերը: «Ո՞նց ասեմ, պարոն դատավոր, խառնաշփոթ էր, էլի…գնում գալիս էին, զինված էին, վիրավորներ կային: Մեր բրիգադի բժիշկները՝ Հովհաննես Հովհաննիսյանն ու Անահիտ Ենգիբարյանն օգնություն էին ցույց տալիս: Մեկի սիրտն էր վատացել, մյուսի ճնշումն էր բարձր: Ես էլ սպասում էի, դրսում ծխում էի, երբ տեսա, որ դարպասները վնասված էին: Վնասված «Կռազ» կար»,-պատմեց Լյուդվիգ Չալաբյանը: Նա այլ մանրամասներ դժվարացավ հիշել, անգամ ասաց, որ դեպքերը տեղի էին ունեցել մայիս ամսին: Դատախազ Պետրոս Պետրոսյանն ուղղեց նրան՝ հիշեցնելով, որ ՊՊԾ գնդի գրավումը հուլիսին էր:

Պետրոս Պետրոսյանը հետաքրքրվեց, թե ինչ խոսակցություններ է լսել Լյուդվիգ Չալաբյանը: Նա ասաց. «Զինված անձինք Վալերիյ Օսիպյանին եւ Վարդան Եղիազարյանին պահանջներ էին ներկայացնում»: Ապա դատախազը հետաքրքրվեց՝ եթե վարորդը ներսում չի եղել, ինչպե՞ս է իմացել այդ մասին: Չալաբյանը պատասխանեց. «Դե, ջուր եւ ծխախոտ եմ ուզել տղաներից»:

Դատախազը նաեւ հետաքրքրվեց՝ «Ձեզ արգելե՞լ են տեղաշարժվել»: Վարորդը հայտնեց. «Ասացին՝ կգնաք, երբ ձեզ փոխարինող բրիգադ կգա»:

Ապա մեղադրյալներից Գագիկ Եղիազարյանը հարցրեք՝ «Դուք ձեզ տուժող համարո՞ւմ եք»: Վարորդը բացասական պատասխան տվեց:

Լյուդվիգ Չալաբյանը մեկ այլ ուշագրավ դրվագ պատմեց: Ըստ նրա՝ երբ ինքը որոշ ժամանակով դուրս է եկել հսկիչ-անցագրային կետից, ոստիկաններն իրեն ուղեկցել են բարձրաստիճան պաշտոնյաների մոտ. «Ինձ տարան Էրեբունու ոստիկանության պետի, ապա՝ Գասպարյան Վովայի մոտ: Հարցրին՝ «հո չե՞ս վախեցել»: Ասացի, որ ոչ, որ տղաներն ինձ բան չեն արել: Հարցրին՝ «հո չէի՞ն նեղում ձեզ»; Ասացի՝ ոչ: Վովան նկարներ ցույց տվեց, հարցուփորձ արեց: Հետո տարան Կուտոյանի (նկատի ունի այդ ժամանակ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանին) մոտ, էլի հարցուփորձ եղավ: Հարցրին՝ «որ հիմա պետք լինի, կարո՞ղ ես նորից գունդ մտնես»: Ասացի, որ այո, վախենալու բան չկա: Նորից ինձ տարան Էրեբունու ոստիկանություն, որտեղ Ալեք Ենիգոմշյանն էր: Հարցրին՝ «Կարո՞ղ ես նրան գունդ ուղեկցել»: Ասացի, որ այո, մտցրեցի նրան գունդ, որից հետո մենք հեռացանք, որովհետեւ փոխարինող բրիգադ էր եկել»:

Ինչ վերաբերում է այս գործով մեղադրյալների համաներմանը, շտապօգնության վարորդն ասաց, որ չի առարկում: Դատարանը նրա պատասխանն ընդունեց ի գիտություն:

Դահլիճից դուրս գալուց Լյուդվիգ Չալաբյանը սեղմեց մեղադրյալներից Արմեն Բիլյանի ձեռքը:

https://www.facebook.com/aravot.am/videos/314868592504322/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728