Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Սարգսյանի կողմից կամավոր պետությանը 18.5 միլիոն դոլար գումար վերադարձնելու փաստը միանշանակ չի ընդունվել. «Ժամանակ»

Փետրվար 20,2019 12:27

Ալեքսանդր Սարգսյանի փաստաբան Միհրան Պողոսյանը չցանկացավ մեկնաբանել իր վստահորդի կողմից գումար վերադարձնելու փաստը՝ դա համարելով նախաքննական գաղտնիք։ «Այս պահին հաշվի առնելով, որ քրեական գործը գտնվում է քննության փուլում, ոչինչ չեմ կարող ասել։ Ո՛չ կարող եմ հաստատել, ո՛չ հերքել։ Ով որ այդ տեղեկությունը տարածել է, բոլոր հարցերը կարող եք ուղղել նրան»,- ասաց նա՝ հրաժարվելով պատասխանել նաև այն հարցին՝ արդյո՞ք այդ գումարի վերադարձը Սարգսյանին առաջադրված քրեական գործի շրջանակներում է, թե՞ ոչ։

Հարցմանը՝ ի՞նչ է ենթադրում այս պրոցեսը, արդյոք սրանով նա ազատվո՞ւմ է պատասխանատվությունից, կամ այդ փաստը մեղմացնո՞ւմ է նրան մեղսագրվող արարքը, Պողոսյանը նույն պատասխանը տվեց, որ նախաքննության շահերից ելնելով՝ չի կարող պատասխանել հարցերին։

Պողոսյանը, սակայն, նշեց, որ Ալեքսանդր Սարգսյանը միանշանակ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Սարգսյանը, հիշեցնենք, մեղադրվում է Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի հատկանիշներով՝ խարդախության համար։ Խափանման միջոց է ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին։ Ալեքսանդր Սարգսյանը հարցաքննվել էր որդու՝ Նարեկ Սարգսյանի կողմից Մարտիրոս Սարյանի 14 գծանկարների հափշտակության մասին մեղադրանքների առնչությամբ:

Ալեքսանդր Սարգսյանի կողմից կամավոր պետությանը 18.5 միլիոն դոլար գումար վերադարձնելու փաստը, սակայն, միանշանակ չի ընդունվել հանրության շրջանում։ Մի մասը գոհ է, մի մասի համար հասկանալի չէ, թե ինչի արդյունքում և ինչի համար է այդ գումարը փոխանցվել պետությանը։

Փաստը հասկանալի չէ նաև ԱԺ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի համար։ «Դա թափանցիկ պրոցես չէ։ Ես չեմ հասկանում, օրինակ, թե ինչու է այս գումարը վերադարձրել։ Քրեական գործ կա, բայց պարզ չէ՝ դատարա՞նն է բռնագանձել, թե՞ ոչ։ Պրոցեսը պետք է թափանցիկ լինի։ Հնարավոր է, որ ոչ թե 18.5 միլիոն պետք է վերադարձներ, այլ 50։ Ես ողջունում եմ, որ գումար է վերադարձրել, բայց նաև ուզում եմ հասկանալ, թե դա ինչ պրոցեսի արդյունք է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Մարուքյանը։ Վերջինս դեմ չէ նաև գումարը վերադարձնելուց հետո պետության կողմից նրանց ներում շնորհելուն, բայց այդ պրոցեսն էլ բացարձակ թափանցիկություն է պահանջում, ըստ ընդդիմադիր պատգամավորի. «Ես ներմանն էլ դեմ չեմ, բայց պետք է հասկանանք՝ ինչպես, ինչի համար։ Պետությունը պետք է հարց տա հասարակությանը՝ կո՞ղմ եք, որպեսզի այդքան գումար վերադարձնելու արդյունքում այդ նախկին պաշտոնյաները ներվեն։ Այո, պետք է լինի տոտալ թափանցիկություն»։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728