Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը հայտնաբերվել է ԵՊՀ-ում կատարված մի շարք չարաշահումներ

Փետրվար 20,2019 11:53

Նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ համացանցում առկա հրապարակումների իսկությունը ստուգելու նպատակով ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողներն իրականացրել են համապատասխան ստուգումներ: Այդ ընթացքում ՀՀ գլխավոր դատախազությունից ոստիկանություն են ուղարկվել պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի պետական համալսարանում իրականացված ուսումնասիրությունների նյութերը: Նյութերում առկա են եղել համալսարանում կատարված առանձնապես խոշոր չափերի չարաշահումների վերաբերյալ տեղեկություններ: Այդ տեղեկությունները ստուգելու նպատակով ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերի ընթացքում հայտնաբերվել են մայր բուհում կատարված մի շարք չարաշահումներ:

Պարզվել է, որ համալսարանի 18 աշխատակից 2015-2018 թվականներին տարբեր ամիսների փաստացի չեն հաճախել աշխատանքի՝ երկար ժամանակով բացակայելով Հայաստանից: Պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և խմբային շահերից ելնելով, աշխատակիցների բացակայությունները ոչ միայն չեն արձանագրել աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում, այլև պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ են արձանագրել: Այս ամենի հետևանքով փաստացի աշխատանքի չհաճախած անձանց անվամբ որպես աշխատավարձ դուրս գրված շուրջ 18.000.000 դրամը հափշտակվել է:

Պարզվել է նաև, որ Երևանի պետական համալսարանի տարածքում վարձակալական հիմունքներով տնտեսվարող սուբյեկտներից մեկի 2008-2012 թվականներին տված վարձավճարները մասնակի են մուտքագրվել համալսարանի հաշվեհամարին: Այս ապօրինության հետևանքով էլ յուրացվել է 9.200.000 դրամ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն են հրավիրել Երևանի պետական համալսարանի հետ համագործակցած ընկերություններից մեկի փաստացի ղեկավարին: Գլխավոր վարչությունում տրված հաղորդման համաձայն՝ ընկերության փաստացի ղեկավարը համալսարանի ղեկավար պաշտոնատար անձի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել շինարարական աշխատանքների կատարման պայմանագիր կնքելու վերաբերյալ: Մասնավորապես, բուհի ղեկավար պաշտոնատար անձը ընկերության ղեկավարից որպես կաշառք ստացել է 10.000 դոլար ընդհանուր արժողությամբ գույք: Այլ կերպ ասած՝ ընկերության ղեկավարը մասնակի վերանորոգել է նրա բնակարանը և առանձնատունը, ինչպես և ջեռուցման համակարգ է տեղադրել: Այս ամենի դիմաց բուհի ղեկավար պաշտոնատար անձը՝ 2015 թվականին ընկերության հետ շուրջ 400.000.000 դրամի շինաշխատանքների կատարման պայմանագիր է կնքել:

Դեպքերի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել խոշոր չափերի յուրացման կամ վատնման, պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու և կաշառք տալու հատկանիշներով:

Քրեական գործը ոստիկանությունից ուղարկվել է քննչական կոմիտե:

Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728