Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխող կուսակցությունը ոչ միայն համայնքներում ճիշտ կադրային քաղաքականություն չէր իրականացրել, այլեւ որոշ դեպքերում մատների արանքով էր նայել ընտրություններին. «Հայկական ժամանակ»

Փետրվար 20,2019 11:30

Հայաստանի 24 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ինչ-որ իմաստով անսպասելի էին. իշխող կուսակցության ներկայացուցիչները հաղթեցին ընդամենը երկու համայնքում, եւ սա՝ այն դեպքում, երբ ընդամենը երկուսուկես ամիս առաջ տեղի ունեցած համապետական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը ստացել էր ավելի քան 70 տոկոս։ Իհարկե՝ ՏԻՄ ընտրություններն իրենց բովանդակությամբ եւ ներքին մեխանիզմներով էապես տարբերվում են խորհրդարանական ընտրություններից, բայց սա չխանգարեց, որ ընդդիմությունը շտապի այդ արդյունքները ներկայացնել որպես իշխող քաղաքական ուժի եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի կտրուկ անկման ապացույց։

Ինչո՞ւ այնուամենայնիվ այդպիսի արդյունքներ արձանագրվեցին։ Իշխանություններն, իհարկե, դեռ համապատասխան վերլուծություններ կանեն ու կփորձեն հասկանալ պատճառները, բայց երկու առանցքային հանգամանք կարելի է առանձնացնել արդեն հիմա։ Ընդ որում, դրանցից մեկը խոսում է իշխանությունների օգտին, մյուսը՝ իշխանությունների դեմ։

Սկսենք երկրորդից։ Ըստ երևույթին իշխող կուսակցությունը ոչ միայն համայնքներում ճիշտ կադրային քաղաքականություն չէր իրականացրել, այլեւ որոշ դեպքերում մատների արանքով էր նայել ընտրություններին՝ համարելով, որ թեկնածուի միայն կուսակցական պատկանելությունը բավական է առանց դժվարությունների հաղթանակ ապահովելու համար։ Արդյունքները ցույց տվեցին, որ դա սխալ էր, եւ իշխանությունները պիտի լուրջ հետեւություններ անեն։

Հիմա՝ իշխանությունների օգտին խոսող հանգամանքի մասին։ Ինչո՞ւ էին նախկինում ՏԻՄ ընտրություններում հաղթում հիմնականում ՀՀԿ ներկայացուցիչները, կամ ավելի ճիշտ՝ ինչո՞ւ էին ընտրողները ձայն տալիս հանրապետական թեկնածուին՝ հաճախ անգամ պատկերացում չունենալով այդ կուսակցության գաղափարախոսության մասին (շատ հաճախ սա վերաբերում էր նաեւ անձամբ թեկնածուներին)։ Իհարկե՝ նաեւ տարատեսակ ճնշումներ կային, բայց հիմնական պատճառն այն հստակ համոզմունքն էր, որ եթե հանկարծ գյուղապետը ՀՀԿ-ից չլինի, մարզպետի հետ լավ հարաբերություններ չունենա ու իշխող կուսակցության կողմից ընկալվի որպես թշնամի կամ առնվազն օտար, համայնքը դրանից մեծապես կտուժի՝ ճանապարհները չեն նորոգվի, պետական աջակցությունը կնվազի եւ այլն։ Ընդ որում՝ հանրապետական գյուղապետները բաց տեքստով հենց այդպես էլ ասում էին, եւ ոչ առանց հիմքերի։ Հիմա, երբ համայնքներում մարդիկ գնում ու «դուխով» ընտրում են իրենց նախընտրած թեկնածուին՝ առանց հետեւանքներից վախենալու, սա վկայում է այն մասին, որ նրանք վստահ են, եւ ոչ առանց հիմքերի, որ իշխանություններն այսպես թե այնպես կառաջնորդվեն համայնքների շահերով եւ «վնաս չեն տա»։ Սա ամենակարեւոր հոգեբանական գործոնն է եւ վստահաբար՝ էականորեն ազդել է ընտրությունների արդյունքների վրա։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728