Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվի ղարաբաղյան հաշվարկները խառնվել են

Փետրվար 20,2019 14:00

Սկիզբը՝ այստեղ

Ադրբեջանի իշխանությունները մատի փաթաթան են դարձրել ՀՀ իշխանությունների ձեւակերպումները

Հայաստանի իշխանությունների կողմից ինտենսիվորեն բանակցային գործընթացում Արցախի մասնակցությունը պաշտոնական Բաքուն «վարպետորեն» նենգափոխեց, եւ հիմա այնպիսի տպավորություն է, որ հայկական կողմի պահանջը բխում է պաշտոնական Բաքվի շահերից:

Նախ, պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, եւ որ կձեռնարկի հնարավոր ջանքերը երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար: Անցյալ շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Real TV-ի հետ զրույցում ասել էր. «Այսօր Ադրբեջանը առավելություն ունի թե՛ բանակցային սեղանի շուրջ, թե՛ մարտի դաշտում: Միջազգային հեղինակավոր կառույցներից շատերը մեր դիրքորոշումն են պաշտպանում: ԼՂ-ն Ադրբեջանի անբաժանելի մասն է», եւ Բաքուն երբեք չի համակերպվի «իր տարածքների օկուպացիայի» հետ:

Ալիեւը նաեւ անդրադարձել է ՀՀ իշխանությունների հայտարարություններին, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային գործընթաց. «Հայկական կողմի այդ դիրքորոշումը աջակցություն չի ստացել ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Այսօր հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ, որոնք արդեն մի քանի հանդիպում են ունեցել»:

Վերջին ամիսներին Ադրբեջանի իշխանությունները խիստ ոգեւորված նշում էին ղարաբաղյան գործընթացում մեծ տեղաշարժերի հնարավորությունների մասին, սակայն վերջին օրերին պատկերը որոշակիորեն փոփոխվեց: Կողմերը, կարծես, միմյանց ներկայացնում են սեփական դիրքորոշումների ամրությունը: Ադրբեջանի ԱԳՆ-ն արդեն կոչ էր արել չսրել իրավիճակը եւ նախադրյալներ ստեղծել խաղաղ գործընթացի համար:
«Մի կողմից Փաշինյանը հայտարարում է խաղաղ պայմաններ ստեղծելու կարեւորության մասին, մյուս կողմից՝ փորձում է փոխել բանակցային ձեւաչափը, փորձում է մեղադրել Ադրբեջանին «ագրեսիվ հռետորաբանության մեջ», իբրեւ թե Բաքուն իր բնակչությանը նախապատրաստում է պատերազմի, ոչ թե խաղաղության»,- օրեր առաջ նշել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաեւան:

«Որքան շուտ Հայաստանի վարչապետը հասկանա, թե ինչ օգուտներ կբերի հակամարտության կարգավորումը տարածաշրջանին եւ հատկապես իր երկրին, այնքան շուտ նա կկարողանա իրականացնել Հայաստանի բնակչությանը տված «տնտեսական հեղափոխության» վերաբերյալ խոստումը», -այնուհետեւ հավելել է Լ.Աբդուլաեւան:

Հետաքրքրական է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի անդրադարձը Հայաստանի վարչապետի եւ նրա խոսնակի մոտեցումներին: Աբդուլաեւան նշել է, որ ՀՀ վարչապետի խոսքերը բանակցություններին ԼՂ ադրբեջանական համայնքի մասնակցության վերաբերյալ, «ինչպես նաեւ նրա մամուլի քարտուղարի կողմից մարզի հայկական համայնքի ներկայացուցիչներին որպես Ադրբեջանի քաղաքացիներ ներկայացնելը ճիշտ մոտեցում է»: Նա հավելել է, որ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ ԼՂՀ ադրբեջանցի բնակչությունը մասնակցում է բանակցային գործընթացին եւ նրանց ներկայացնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հարկ է համարել շեշտել, որ «միջազգային հանրությունը ընդունում է, որ ԼՂ-ն եւ մերձակա շրջանները Ադրբեջանի բաղկացուցիչ մաս են»:

Պաշտոնական Բաքուն, ինչպես ասում են, մատի փաթաթան է դարձրել ՀՀ իշխանությունների՝ Արցախի հետ բանակցելու թեման աշխուժացնելը, եւ հիմա՝ թող Ալիեւը հանդիպի, բանակցի արցախցիների հետ պաշտոնական Երեւանի արձանագրումը Բաքվում ներկայացվում է մոտավորապես այսպես՝ «դե լավ է, որ դուք էլ եք համարում, որ Ղարաբաղի հայերը հանդիսանում են Ադրբեջանի քաղաքացիներ»։ Այսինքն, Ադրբեջանի իշխանություններն ամբողջությամբ փոխում են բանակցային գործընթացի էությունը:

Ի դեպ, հատկանշական է, որ վերջին շրջանում չի խոսվում Արցախի միջազգային ճանաչման, ինքնորոշման իրավունքի մասին: Ավելին՝ ըստ էության Հայաստան-Ադրբեջան բանակցություններում մոռացվել են մադրիդյան սկզբունքները, կողմերը հայտնում են իրենց ցանկությունները, դիրքորոշումներն են հրապարակայնացնում, կարծես, այդկերպ փորձելով բանակցային օրակարգ ձեւավորել:

Սկիզբը՝ այստեղ

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,20.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728