Լրահոս
Օրվա լրահոսը

Կալաշնիկովը չթաքցրեց, որ Ռուսաստանում տարբեր տրամադրություններ են առկա Հայաստանում տիրող իրավիճակի մասին. «Ժողովուրդ»

Փետրվար 20,2019 11:10

Ռուսական պատվիրակության այցի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Լեոնիդ Կալաշնիկովի հետ՝ ամփոփելով այցի արդյունքները։ Նախ ընդգծենք, որ Կալաշնիկովը կարեւորեց Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առկայությունը՝ ընդգծելով որ նախորդ գումարումների խորհրդարանում գործում էր միայն եվրոպական ինտեգրացիայի հարցերով հանձնաժողով, ինչը սխալ էր։ Միեւնույն ժամանակ, Կալաշնիկովը չթաքցրեց, որ Ռուսաստանում տարբեր տրամադրություններ են առկա Հայաստանում տիրող իրավիճակի մասին, եւ իրենք եկել էին այդ ամենը հասկանալու համար։

«Ես դրական եմ համարում առաջին հերթին այն առումով, որ ՌԴ-ում, չհասկանալով թե իրականում ինչ է կատարվում Հայաստանում, սկսում են հետեւություններ անել, խոսել լավ ու վատ սպասելիքների մասին։ Մենք չենք կարող չիմանալ մեր գործընկերներին, նրանց պատկերացումները եւ այդ պատճառով էլ եկել էինք»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ խորհրդարանական մեծամասնությունն ու իշխանությունն այժմ փնտրում են ուղիներ՝ Հայաստանի հետագա զարգացման համար։ «Դա բազմաթիվ փաստերով է պայմանավորված, օրինակ՝ նոր թիմով, նոր կառավարությամբ։ Եկել են նոր մարդիկ, նրանցից ոմանք ընդհանրապես չեն հասկանում խորհրդարանական աշխատանքը, մյուսները գիտեն եւ սերտել են»,- հավելեց նա։

Հետաքրքիր է, որ Լեոնիդ Կալաշնիկովը բացի խորհրդարանականների հետ հանդիպումներից հանդիպել է նաեւ արտախորհրդարանական երկու ուժի՝ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ։ «Չնայած նրանք տարբեր են իրենց ուղղվածությամբ, սակայն, ամեն դեպքում, ազդեցիկ ուժեր են Հայաստանում, այդ պատճառով ցանկանում էի նաեւ նրանց հետ զրույցներ ունենալ։ Իհարկե, իրենց տեսակետները երկրի զարգացման առումով տարբեր էին, եւ այդ պատճառով էլ նրանք տարբերվում են։ Սակայն ես հարգանքով եմ վերաբերվում բոլոր ուժերին, եթե նրանք ցանկանում են միայն լավը Հայաստանի համար։ Ես նրանց հետ շփվել եմ նաեւ նախկինում եւ իմ պարտքն եմ համարում շփվել նաեւ այժմ»,- ընդգծեց նա։

Դիտարկմանը՝ այդ կուսակցությունները շա՞տ են բողոքել ներկայիս իշխանություններից, Կալաշնիկովը նկատեց. «Ես չեմ ցանկանում Ձեզ փոխանցել մեր զրույցի մանրամասնությունները, քանի որ ինձ դա ոչ ոք չի երաշխավորել, եւ դա կոռեկտ չի լինի»։

Ամեն դեպքում, հետաքրքիր պատկեր է ստացվում. հայկական կողմի, ավելի շուտ՝ կոնկրետ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հրավերով նրանք գալիս են Հայաստան, սակայն հանդիպում են նաեւ այժմ արդեն ընդդիմադիր ուժերին՝ իհարկե չշրջանցելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին եւս։

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728