Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում Սահմանադրության փոփոխության նոր օրակարգն ու դրա շուրջ քննարկումները որակապես պետք է տարբերվեն նախորդ բոլոր փորձերից. «Ժամանակ»

Փետրվար 20,2019 11:04

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 19-ին հայտարարել է, որ կողմ չէ կիսանախագահական կառավարման համակարգը վերականգնելուն: Ըստ նրա՝ պետք է առաջ գնալ և աշխատել խորհրդարանական կառավարման համակարգը կայացնելու ուղղությամբ: Սա, անկասկած, ողջունելի և համարժեք մոտեցում է, որն արտացոլում է Հայաստանում քաղաքական զարգացման տրամաբանությունից բխող հրամայականներն ու առաջնահերթությունների վեկտորը: Այստեղ, սակայն, ՀԱԿ հայտարարություն-կոչից հետո բարձրացված թեման արժե դիտարկել թերևս նաև մեկ այլ համատեքստում:

Խորհրդարանական կառավարման մոդելը, անշուշտ, պետք է կայացնել, և ԱԺ նախագահն այդ առումով միանգամայն իրավացի է, մյուս կողմից, սակայն, հնչում են հարցադրումներ, թե արդյո՞ք հնարավոր է անել դա առանց «սուպերվարչապետական» լիազորությունը նվազեցնելու: Քննարկման ենթակա է, իհարկե, այդ առնչությամբ ամեն ինչ, բոլոր դետալները և մանրուքները, սակայն մի բան թերևս կարևորագույնն է, որ հենց ամեն ինչ քննարկվի բաց և հանգամանալի, թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը չփորձեն կենտրոնանալ մեկ հանգամանքի վրա, արդեն իրենց քաղաքական մարքեթինգի տեսանկյունից: Ի վերջո, հարկ է արձանագրել, որ հենց նույն մարքեթինգային տրամաբանությունն էր գերակա դեռևս Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում «սուպերվարչապետության» շուրջ քննարկումներում:

Մինչդեռ, այդ հարցը պետք է դիտարկել լայն համակարգային համատեքստում, ոչ թե հակառակը՝ համակարգային հիմնարար հարցերը բերել նեղացնել մեկ խնդրի՝ մարքեթինգային տեսանկյունից աշխատող խայծի, սակայն քաղաքական տեսանկյունից համընդհանուր թակարդի հեռանկար ունեցող հանգամանքի վրա: Հայաստանում Սահմանադրության փոփոխության նոր օրակարգն ու դրա շուրջ քննարկումները որակապես պետք է տարբերվեն նախորդ բոլոր փորձերից, մեծ հաշվով դրանց գործընթացը ինքնին պետք է իր որակով և բովանդակությամբ դառնա ոչ պակաս կարևոր, քան նպատակը:

Վերջին հաշվով, ոչ թե ընդունվող Սահմանադրության որևէ տարբերակ պետք է գեղեցկացնի մեր քաղաքական կյանքն ու հարստացնի քաղաքական միտքը, այլ հակառակը՝ Սահմանադրության վերափոխման շուրջ քննարկումներն իրենց որակով և բովանդակությամբ պետք է ձևավորեն այն քաղաքական մշակույթը, որը և պետք է բերի նոր Սահմանադրության շուրջ կոնսենսուսի:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728