Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյան. «Ընդդիմությունը չի կարող որևէ պարագայում կողմ քվեարկել մեծամասնության ծրագրին հենց այն պարզ պատճառով, որ նա ընդդիմություն է»

Փետրվար 20,2019 10:38

Ազգային Ժողովում Կառավարության ծրագրին դեմ քվեարկեցին ընդդիմադիրները: Որևէ արտառոց բան սրանում չկա: Սակայն աչքի զարնեց ընդդիմադիրների կողմից իրենց քաղաքական դիրքորոշումը հիմնավորող երկու մեկնաբանություն:

Առաջինը այն էր, որ ընդդիմությունը գտնում էր, որ Կառավարությունը պարտավոր էր հնարավորություն ստեղծել ծրագիրը վաղօրոք (մինչ ԱԺ լիագումար նիստում քննարկելը) քննարկել խմբակցությունների հետ՝ պատգամավորների առաջարկությունները լսելու համար , ապա նոր ներկայացնել Ազգային Ժողովի դատին:Նույնիսկ նիստի ընթացքում հնչեց Վարչապետի առաջարկը ծրագրի վերաբերյալ առաջարկությունները քննարկելու պատրաստակամության մասին: Լավ էր, որ հետո (հավանաբար ԱԺ քարտուղարության հուշումով) հայտարարվեց, որ Սահմանադրությունը նման հնարավորություն չի նախատեսել:

Եվ իրոք, Սահմանադրությունը ոչ միայն նման հնարավորություն չի նախատեսում, այլև ծրագրի մշակման համար Կառավարչությանը նախատեսում է ընդամենը 20 օր: Ակնհայտ է, որ այդ ժամկետում ենթադրել և՛ ծրագրի մշակում և՛ մի հատ էլ դրա նախնական քննարկումներ և՛ ծրագրի լրամշակում՝ ուղղակի անհնար է: Հետևաբար` հարց է առաջանում՝ ինչու՞ է սահմանադիրը այդչափ սահմանափակ ժամկետ նախատեսել ծրագրի մշակման համար:

Բանն այն է, որ սահմանադիրը ելել է այն քաղաքական իրողությունից, որ Կառավարությունը, որը ձևավորվել է ընտրություններում հաղթանակաց քաղաքական ուժի կողմից, պետք է իր ծրագրում ամբողջությամբ արտացոլի իր նախընտրական ծրագրում ամրագրված թեզերը, որոնք արժանացել են հանրության հիմնական մասի հավանությանը, որոնց իրականացման համար էլ հանրությունը վստահել է այդ ուժին ձևավորել իշխանություն, հետևաբար և Կառավարություն: Ուստի Կառավարության ծրագրի կազմումը, ըստ էության, պետք է լինի զուտ տեխնիկական խնդիր՝ նախընտրական ծրագիրը վերածել գործունեության հնգամյա ծրագրի՝ նախընտրական խոստումների կատարումը հավաստող չափելի ամփոփիչ ցուցանիշերով: Այնպես որ այդ փաստաթուղթը այլ ուժերի հետ և նրանց առաջարկություններն ընդգրկելու նպատակով վաղօրոք քննարկումների կարիք չունի և չի էլ կարող ունենալ: Դա հանրության առջև քաղաքական մեծամասնության պատասխանատվությունը արձանագրող իրավաքաղաքական ակտ է:

Երկրորդ մոլորությունը դա ընդդիմության դեմ քվեարկելու քաղաքական մեկնաբանությանն է վերաբերում: Ընդդիմության քվեարկությունը՝ թե՛ նրա կողմից և թե՛ լրատվամիջոցների ու փորձագետների կողմից որակվում է, որպես անհամաձայնություն մեծամասնության՝ ծրագրում ամրագրված քաղաքականությանը: Բոլորովին չվիճելով սույն պնդման հետ, այդուհանդերձ կարո՞ղ ենք ենթադրել, որ եթե ծրագրում Կառավարությունը ընդգրկի ընդդիմության առաջարկները կամ դրանցից ամենաանկյունաքարայինները, ապա ընդդիմությունը պետք է (կարող է) կողմ քվեարկել ծրագրին: Եթե անգամ տեսականորեն դա ենթադրելի է (իսկ վերը բերված մեկնաբանությունները այդ են վկայում), ապա կնշանակի, որ ընդդիմությունը կարող է ստանձնել հանրության առջև քաղաքական մեծամասնության ծրագրի կատարման հետևանքների քաղաքական պատասխանատվությունը ևս: Մի բան, որը քաղաքագիտական առումով աբսուրդ է:

Հետևաբար` Կառավարության ծրագրին ընդդիմության դեմ քվեարկելու քաղաքական իմաստը մեծամասնության ծրագրի համար հանրության առջև քաղաքական պատասխանատվություն չստանձնելն է: Ընդդիմությունը չի կարող որևէ պարագայում կողմ քվեարկել մեծամասնության ծրագրին հենց այն պարզ պատճառով, որ նա ընդդիմություն է:

Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ նախկին վարչապետ

ԱԺ նախկին նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728