Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Իրականում ուզո՞ւմ են վերադառնալ

Փետրվար 20,2019 10:00

2001 թվականի մայիսին Գլենդեյլում էի։ Կազմակերպվել էր մեր՝ խմբագիրներիս, հանդիպումը «սփյուռքահայության» հետ, որին ոչ մի «դասական» սփյուռքահայ չկար, բոլոր մասնակիցները 90-ականներին Հայաստանից գնացածներն էին։ Նրանց «հարցերն» էլ հարցեր չէին, այլ ելույթներ՝ «դուք չե՞ք կարծում, որ…» ու գնաց մենախոսությունը։ Բնականաբար, ելույթների թիրախը Քոչարյանն էր եւ այն ժամանակվա իշխանությունը։ «Թուրք» եւ «դավաճան» որակումներն ամենամեղմն էին։ Շատերը թե՛ այդ ելույթների եւ թե՛ առանձին զրույցների ժամանակ խոստանում էին՝ «հենց որ Քոչարյանին հեռացնեն (դարձյալ մեղմ, հայերեն բայ եմ օգտագործում – Ա. Ա.), ես կվերադառնամ հայրենիք»:

Հաջորդ 17 տարիների ընթացքում ես նախկին հայաստանցիներից լսել եմ բազմաթիվ բանավոր եւ գրավոր հավաստիացումներ առ այն, որ իրենց՝ օտարության մեջ գտնվելու միակ պատճառը Ռոբերտ Քոչարյանի, իսկ այնուհետեւ՝ Սերժ Սարգսյանի «ռեժիմներն» են: Այսինքն՝ այնպես չէ, որ նրանք Հայաստանից գնացել են մի կտոր հացի համար՝ նրանք գաղափարի մարդիկ են, իրենց հայրենիք վերադառնալուն խանգարում էր անարդարությունն ու բռնապետությունը: Եթե դա իսկապես այդպես է, ուրեմն նման պնդումների բոլոր հեղինակները պետք է այս 9 ամսվա ընթացքում վերադառնային հայրենիք եւ լծվեին Նոր Հայաստանի կերտմանը: Որովհետեւ մեր երկրում այլեւս բռնապետություն չկա, ժողովրդավարություն է, անարդարություն չկա, կոռուպցիա չկա, մենաշնորհ չկա, օլիգարխներ նույնպես չկան: Բայց փոխանակ գան եւ վայելեն այդ բոլոր բարիքները, նրանք շարունակում են թերահավատորեն հարցնել՝ «էդ ձեր երկիրը դզվե՞լ ա»: Եթե դա ձեր երկիրը չի, ուրեմն՝ թույլ տվեք կասկած հայտնել ձեր սրտացավության եւ մտահոգությունների առթիվ:

Բայց արտերկրում ապրող մեր հայրենակիցների մեծ մասը մարդիկ են, որոնք դատարկ խոսակցություններ չեն վարում, իրենց «ազգային գործիչ» չեն համարում եւ ընդհանրապես չեն սիրում ճառեր արտասանել: Նրանց հետ պետությունը պետք է աշխատի, եւ դա անի ոչ այնպես, ինչպես անում էր վերջին 28 տարվա ընթացքում: Միասնության կոչերը, միջազգային ասպարեզում ջանքերի միատեղման ցանկությունները՝ այդ ամենն, իհարկե, հրաշալի է, բայց այս բնագավառում պետական քաղաքականության հիմնական խնդիրը, կարծում եմ, պետք է լինի հայրենադարձությունը: Կարեւոր չէ, թե ինչպես է կոչվելու այն պետական կառույցը, որը դրանով կզբաղվի. այդ կառույցի գործառույթը ես պատկերացնում են այսպես՝ կազմել Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցների տվյալների տեղեկատվական բանկը, համադրել այն մեր պետության հնարավորությունների հետ (նաեւ աշխատատեղերի առումով), կապեր հաստատել բոլոր պոտենցիալ հայրենադարձների հետ եւ աշխատել բերել նրանց Հայաստան: Դա, իհարկե, ահռելի աշխատանք է, բայց ջանքերը, վստահ եմ, կփոխհատուցվեն արդյունքներով:

Հընթացս, ի դեպ, կպարզվի, թե ով էր իրականում ուզում հայրենիք վերադառնալ, իսկ ով՝ պարզապես խոսում էր օդի մեջ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (15)

Պատասխանել

  1. henri says:

    Վերլուծումը շատ տեղին է – գործադրութիւնը պէտք էր յանձնուած ըլլար ՍՓԻՒՌՔԻ ԱՅՆՊԻՍԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆ մը որ չսպաղեր դպրոցներու դասագիրքերով -պատանիներու բանակումներով , համահայկական մարզական խաղերով ուսուցիչներու կազմաւորումով և նման կազմակերպչական հարցերով որոնք կը պատկանին աւելի ԿՐԹՈՒԹԵԱՆ, ԼԵԶՈՒԻ,՛՛ՍՊՈՐՏԻ՛՛ , ԶԲՕՍԱՇՐՋԻԿՈՒԹԵԱՆ նախարարութիւններու և ՍՓԻՒՌՔԻ նախարարութիւնը /որուն կարեւորութիւնը էական է հզօր Սփիւռք ունեցող ազգի մը համար/ հիմնականօրէն պէտք էր ջանալ սիրաշահիլ տասնեակ հազարաւոր ՀԱՅ ուսանողութիւնը օտար համալսարաններու-հոն գործող գիտական-մտաւորական հայրենակիցներու ներուժով- Մայր Հողին վրայ զանոնք ընդունելու հողը պատրաստելով – հայրենասիրութիւնը շատ լաւ է երիտասարդ
    սերունդին համար,բայց անոնց ծնողները որ ընտանիք կը պահեն և զաւակներ կը մեծցնեն – իրենց անցեալը անտեսելու համար, բան մը աւելի պիտի սպասեն ;Այս գետնի վրայ մեզի օրինակ կրնայ ծառայել նոյն խնդիրներ ունեցող երկիրը ;
    Չեմ կարծեր որ Վարչապետ Փաշինեան նման ՛՛Սփիւռքի Նախարարութեան ՛՛ մը դէմ հանդիսանայ ;

    • Հ.Շ. says:

      Վարչապետ Փաշինեանն ալ, Հայաստանի ուրիշ ոեւէ ղեկավար ալ, կամ ընդհանրապէս ոեւէ հայաստանցի, դասական Սփիւռքով հետաքրքրուած են մէկ բանի համար միայն՝ նիւթական օժանդակութիւն: Ուրիշ ոչինչ: Մնացեալ ամէնը դատարկ խօսքեր են – ուրիշ բան չըսելու համար – : Եւ բոլորն ալ լաւ գիտեն ինչ թելերու վրայ պիտի խաղան, վարպետօրէն, որպէսզի այդ ներդրումը առաւելագոյն չափով տեղի ունենայ:

      «Մի քիչ փո՛ղ ուղարկեցէք» !

  2. Artur Lazarian says:

    Վերնագրի պատասխանն է՝ ՈՉ:
    Հայ հասարակութիւնը պատրանքներ ունի, թէ արտագաղթած հայերը վերադառնալու են: Նման բան չի լինում, որ բարեկեցիկ կեանքը թողնեն ու հայրենասիրական մղումներից դրուած վերադառնան: Նոյնիսկ 1946-ի ներգաղթեալները, որ Եղեռնի մազապուրծներն էին, հնար ունենային Խորհրդային միութիւնը կը լքէին: Երբ Սերժ Սարգսեանը խօսում էր 4-միլիոնանոց Հայաստանի մասին, բոլորը քարկոծում էին, իսկ երբ նոյն բանը Նիկոլ Փաշինեանն է կրկնում՝ բոլորը ծափ են տալիս:

    Ժողովրդագրութեան առումով Հայաստանը երեք մեծ խնդիր ունի՝ (1) կանգնեցնել արտագաղթը, (2) խթանել ծնելիութիւնը եւ (3) կազմակերպել ներգաղթ: Սրանցից ոչ մէկը մօտակայ տարիներին նոյնիսկ չի նշմարւում:
    (1)-ի մասով ասեմ, որ ցաւալիօրէն շարունակուելու է նաեւ «ուղեղների արտահոսքը»: Հայաստանը ունի շատ լաւ բակալաւրիատ: Բայց դրանից յետոյ զրո է: Այսինքն բակալաւրիատում լաւ սովորածը, ոչ մի շահագրգրուածութիւն չունի Հայաստանում մնալու: Իսկ Արեւմուտքը նման մարդկանց խնդրում է:
    (2), (3)-ի կէտերի մասով միտքս մէկ անգամ էլ յստակ կրկնեմ՝ քանի դեռ Հայաստանում բարեկեցութեան պայմանները բաւարար չլինեն, անիմաստ յոյսեր չփայփայէք, որ վերադառնալու են կամ էլ 3-4 հատ երեխայ են ունենալու:

    Ինչ վերաբերում է Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններին կամ աւելի ճիշտ ինչո՞վ Սփիւռքը կարող է օգտական լինել Հայաստանին: «Կթու կովի» մտածելակերպը պէտք է մի կողմ դնել եւ մտածել փոխշահաւէտ համագործակցութեան մասին, որովհետեւ Սփիւռքն իրօք ահռելի տնտեսական, գիտակրթական, մարդկային ներուժ ունի:

    Ասում էք տուեալների շտեմարան ստեղծենք: Իսկապէս լաւ գաղափար է: Բայց մինչ այդ եկէք տեսնենք, թէ նախորդ նման փորձն ինչ եղաւ, երբ վարչապետը նոյեմբերին յայտարարեց, որ ցանկացողները ինքնակենսագրականներ ուղարկեն: Վերջերս լուր եղաւ մամուլում, որ 2300 դիմումատուից միայն 50-ն են ընտրուել: Այդ 50-ն էլ ոչ թէ գործ են ստացել, այլ ներառուել են շտեմարանում: Ասել է, թէ կարող է ամիսներով/տարիներով սպասեն, թէ երբ մի օր իրենց կը կանչեն: Անլուրջ է, չէ՞:

    Անլրջութիւնն իմ օրինակով բացատրեմ: Նամակ (այն էլ մի քանի անգամ) գրել սկսել եմ ոչ թէ նոյեմբերից, այլ մայիսից: Մի քանի անգամ լզողուած պատասխանել են՝ «շնորհակալութիւն մեզ նամակ գրելու համար»: Նամակներում յստակ նշել եմ, որ ինձ պաշտօնը, մեծ աշխատավարձը չի հետաքրքրում: Ես ունեմ գաղափարներ, ծրագրեր եւ համոզուած եմ որ մեծ օգուտ կարող եմ տալ Հայաստանին: 2018-ի վերջին ինստիտուտս փոխելու եմ: Եթէ ձեզ հետաքրքիր է, խնդրում եմ պատասխանել, որ նոր գործի չանցնեմ:
    Բնականաբար պատասխան չեղաւ եւ ես էլ «ստիպուած» նոր գործ սկսեցի: Հիմա եթէ պատասխանեն (ինչն անհաւանական է), պարզ է, որ մերժելու եմ: Գուցէ համաձայնեմ, եթէ որոշեն նոյն կարգի աշխատավարձ տալ, ինչ որ հիմա եմ ստանում (իսկ դա տարեկան կտրուածքով վեցանիշ թիւ է՝ եւրոներով) 🙂

    Հիմա եթէ այդ 50 ընտրուածները լուրջ մարդիկ են, նրանցից քանի՞ հոգի ամիսներով կառավարութեան շտեմարանում «լռվցնելուց» յետոյ կը համաձայնի վարչապետի առաջարկած գործին: Լուրջ մարդիկ պարապ նստած չեն չէ՞: Պէտք է գործողութիւնների յստակ ծրագիր լինի, որ բոլորը կողմերն իրենց անելիքն ըստ ժամանակացոյցի յստակ իմանան:

    Ի դէպ, եթէ լրագրող լինէի, անպայման կը հետաքրքրուէի, թէ այդ 2300 եւ համապատասխան 50 ընտրեալներից քանիսն են Սփիւռքից եւ քանիսը Հայաստանից:
    ***
    Քանի որ այս նախաձեռնութիւնս չյաջողուեց, հիմա մտածում եմ փոքր-միջին կարգի բիզնես հիմնել Հայաստանում: Բարեբախտաբար այս անգամ կառավարութեան «օգնութեան» կարիքը չունեմ: Նրանց միակ օգնութիւնը կը լինի երկրում օրէնքի գերակայութիւն, արդարադատութիւն, անկախ դատարաններ, ազատ մրցակցութիւն հաստատելը: Կ’ապրենք, կը տեսնենք՝ այս հարցում լո՞ւրջ են, թէ՞ հերթական կենացն է 🙂

    Ամէն դէպքում ես յաջողութիւն եմ ցանկանում բոլորիդ: Պարզապէս ուզում եմ ասել, սիրելի՛ կառավարութիւն, մի գործ սկսելիս մանրակրկիտ ծրագրէք ձեր անելիքները, ձեր քայլերը, որպէսզի գործը լաւ արդիւնք ունենայ, ոչ թէ կենացների մակարդակում մնայ:
    Հաճելի օր բոլորիդ,,

  3. Քաղաքացի says:

    Սփուռքահայությունը շատ բազմաշերտ է: Դասական սփյուռքը, դա այն մարդիկն են, որոնցից շատերը Հայաստանը չեն էլ տեսել: Նրանց համար հայաստանցիները այլմոլորակայիններ են, իսկ Հայաստանը՝ լավագույն դեպքում, «մի վեհ գաղափար»: Նրանց ինտեգրումը Հայաստան շատ խնդրահարույց կլինի իրենց համար և դա բնական է, նրանք ապրել և ձևավորվել են այլ պայմանների, այլ համակարգի, այլ մշակութային մթնոլորթի ներքո: Մշակույթը միայն երգն ու պարը չէ: Մշակույթը աշխարհայածք է, արտաքին աշխարհի հետ հարաբերվելու որոշակի հմտություն: Սակայն նրանց մեջ կան այնպիսիները, որոնք հայրենասիրական մղումներից դրդված, թողնելով իրենց բարեկեցիկ կյանքը լծվել էին Հայրենիքին ծառայելու գործին: Անցյալ դարասկզբին Հայաստանի իշխանությունների հրավերով մտավորականների շարքում էին Ալեկսանդր Սպենդիարյանը, Ալեկսանդր Թամանյանը, Կոստան Զարյանը և այլոք: Նրանք և նրանց ընտանիքները շատ մեծ փորձությունների միջով անցան այստեղ: Ի շնորհիվ նրանց մենք ունենք այսօր Երևանը, ունենք «Ալմաստ» օպերան, ունենք «Նավը լեռան վրա» վեպը: Մարդկային զգացմունքները, ընդհանրապես, հաշվառկի առարկա չեն կարող լինել, այստեղ չկան կանոններ: Հայրենասիրությունը, ինչպես և ցանկացած սեր, հիվանդության պես մի բան է, երբ փաստարկները և տրամաբանությունը չի աշխատում: Երբ տեսնում ես միայն այն, ինչը որ ուզում ես տեսնել:
    Վերջին տասնամյակների արտագաղթը պայմանավորված է ոչ միայն սոցիալական ծանր պայմաններով, այլև արդարության խիստ դեֆիցիտով: Մարդիկ կան, որոնց համար՝ մի կտոր հաց, բայց իր երկրում: Կան այնպիսիները, որոնք հույսները կորցրած, ապահովություն են փնտրում օտարության մեջ, կան այնպիսիները, որոնց համար դոլարի նշանը սրբապատկերի պես մի բան է և շատ ու շատ այլ մարդկային աշխարհներ: Հեռուստատեսությամբ ցուցադրում են մի փաստագրական հաղորդաշար, որտեղ Նահանգներից եկած մի երիտասարդ շրջում է, երբեմն հեծանիվով, Հայաստանով մեկ՝ սարերով, ձորերով, մտնում գյուղերը, հետաքրքրվում գյուղացու կյանքով, հետաքրքրվում իրենց բիզնեսներով, քնում անտառում ՝ բացահայտում է իր նախնիների երկիրը: Հանդիպումներից մեկում խոսքի է բռնվում մի երիտասարդ աղջնակի հետ, որը պատրաստվում է գնալ Նահանգներ ուսանելու: Ասում է «Գնա, հաջողություն եմ ցանկանում, բայց ապրելու տեղ չէ: Ես կուզեյի լեռներում ապրել …» Ինչպես չհիշես այստեղ Վիլյամ Սարոյանին… Ոչ մի գնացողի չեմ դատապարտում, դա նույնիսկ ծիծաղելի է: Երկիրը պետք է գրավիչ լինի, որ մարդիկ ցանկանան վերադառնալ: Բոլորը չեն կարող Մոնթե և Թամանյան լինել։

    • Հ.Շ. says:

      Իսկ եթէ Մոնթեն ողջ մնար, վստա՞հ էք որ կը մնար Հայաստան:
      Զօրավար Անդրանիկը իսկ նախընտրեց ուրիշ տեղ վերջացնել իր կեանքը…
      Մոնթեն աւելի շուտ ազատեցաւ… Գոնէ չտեսաւ, գալիքը…

      Իսկ դասական Սփիւռքի շատ մը հայեր չեն ուզեր Հայաստան հաստատուիլ, ոչ թէ որովհետեւ հայկական մշակոյթի իրենց ծանօթութեան եւ ըմբռնութեան մակարդակը, Հայաստանի բնակչութեան հետ բաղդատած, տկար կամ մակերեսային է, այլ որովհետեւ աւելի բարձր է:

      Սարսափելի յուսախաբութիւն է, հայ հողի վրայ, Հայաստան կոչուող երկրի մը մէջ, տեսնել այդքան մեծ թիւով անձեր որոնք այդքան քիչ յարգանք կամ հետաքրքրութիւն ունին հայկական զուտ մշակոյթի նկատմամբ: Հայոց Պատմութենէն իսկ գրեթէ ոչ մէկ բան գիտեն:

      Օտարութեան մէջ, բնական է, անդիմադրելի է օտարների հետ ձուլումի ազդակը: Սակայն ինչպէ՞ս բացատրել, կամ հանդուրժել, Հայաստանի մէջ ազգային գիտակցութեան պակասը, կամ – կամաւոր ու խանդավառ – այլասերումի երեւոյթը, օտարների նկատմամբ ստորակայութեան բարդոյթը: Երիտասարդներ ունիք այդտեղ որ կարծէք ամաչում են որ հայ են, Հայաստանի բնիկներ են: Եւ ամէն ջանք թափում են հակառակը ապացուցելու համար: Մեծ յաջողութեամբ, շնորհաւորութիւն:

  4. Ruben says:

    ԽՍՀՄ փլուզումից հետո, 20-րդ դարում երկրորդ անգամ, հայերս ստացանք հնարավորություն վերականգնել Հայքի պետականությունը:
    1988-1990 թթ-ին ազգային-ազատագրական պայքար էր անկախ պետականության վերականգնման համար: Ազատագրելով Նախիջեւանը, շարժվել դեպի հյուսիս-արեւելք եւ վերադարցնել Փոքր Սյունիքը (Արցախը ներառյալ): Սպանվեցին ԱԻՄ-ի Մովսես Գորգիսյանը (Երասխավան-Սարդարակ), ՀՀՇ-ի Վիտյա Այվազյանը (ում տեղը զբաղեցրեց Վազգեն Սարգսյանը) եւ Գեղազնիկ Միքայելյանը (ում տեղը զբաղեցրեց Մանվել Գրիգորյանը) (Երեւանում):
    Լեւոն Տ-Պետրոսյանը կոմունիստներից ստանալով իշխանությունը (թավշյա «հեղաշրջում»), իր մեղսակից պատգամավորների հետ «մոռացան» անկախության եւ պետականության վերականգնման մասին ու հայտարարեցին նորածին «պետության» ստեղծման մասին: Նա արգելեց ինչ-որ բան ձեռնարկել Նախիջեւանի ուղղությամբ եւ լծվեց Արցախի (եւ ոչ միայն) տեղահանման երիտթուրքական ծրագրերին:
    Սկսվեց զանգվածային արտագաղթ: Ազատ բիզնեսը փախնում էր ԼՏՊ-ի ռեժիմից՝ նազիր Վանո Սիրադեղյանից ու վեզիր Վազգեն Սարգսյանից:
    Առաջին անբարոյական ընտրությունները կազմակերպեց (հիմքը դրեց) նա իր նազիրների ու վեզիրների հետ: Դէ «ռազվեդչիկ» Սերոժին ու «ալբանացի» Ռոբիկին կարելի է վերադառնալ ավելի ուշ:

    Զզվելի փաստ՝ Նախիջեւանում բանակցություններ են ընթանում Ռոբերտ Քոչարյանի ու Հեյդար Ալիեւի միջեւ: Միեւնույն ժամանակ ավերվում էր Ջուղայի գերեզմանոցը:

    «…պետական քաղաքականության հիմնական խնդիրը, կարծում եմ, պետք է լինի հայրենադարձությունը:»
    Այո, բայց ինչպե՞ս:
    Հանրապետությունում ազատ (պետական/կառավարության) տարածքներ չկան:
    Չկա պետական բանկ:
    Բացակայում է ազգային (ինքնիշխան) արժույթը:
    Նորածինն արդեն պարտք ունի:
    Լոգիստիկայի համար ճանապարհներ չկան:
    Չկա կառավարության սոցիալ-տնտեսական կոնկրետ ծրագիր:
    Չկա… Չկա… Չկա…
    Ունենք միայն խաբեության շրջանակ՝ Լեւոն Տեր Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ Նիկոլ Փաշինյան:
    Կբերեն հաջորդին «թավշյա հայրենադարձություն» կարգախոսով:

  5. Քաղաքացի says:

    Հարգելի Ռուբեն,
    “Կբերեն հաջորդին «թավշյա հայրենադարձություն» կարգախոսով”
    խնդրում եմ պատասխանեք, ո՞վ կբերի․

  6. Լավատես says:

    Ա Դասական ու ոչ դասական սփյուռքի գործը պետք է լինի հայ երեխաների դաստիարակությունն ու ուսումը, երեխաները պետք է իրենց ծնողների ընտանիքը դրամով ապահովեն իրենց լավ փութաջան սովորելով՝ նման բան կար էն մութ ու ցուրտ տարիներին, երբ երեխաները մասնավոր դրամափոխանակման գործի մեջ էին, բոլոր երեխաներին անխտիր տալ ուսումնական թոշակ՝ երեխաները դասարանով իրենք իրենց մեջ պետք է բաժանեն գումարն ըստ առաջադիմության՝ մրցույթներ անցկացնելով, դասարաններն էլ իրար հետ են մրցում, դպրոցներն էլ իրար հետ, այդպես դեպի վեր, իսկ վերեւից սփյուռքի տված փողն է իջնում ու արդար տարածվում մինչեւ յուրաքանչյուր երեխան:
    Բ Այսօրվա սփյուռքի դերն է՝ միավորվել հայ վերպետական կառույցի մեջ, ստեղծել բոլոր երեք ուժերը՝ ուժային, քաղաքական ու տնտեսական, դառնալ այդ վերպետական կառույցի քաղաքացի, ստեղծել սրբություններ, որ քաղաքացին թացը չորից տարբերի ու հավաքագրի դրանք կրոնի տեսքով: Մեր սփյուռքը պետք է շատ ավելի հզոր ուժ լինի, որը ունակ կլինի արդյունավետ կռիվ տալ այսօրվա ու վաղվա վերպետական կառույցների հետ: Ոչ մի պետություն ինչքան էլ հզոր լինի, ի վիճակի չէ կռիվ տալ վերպետական կառույցի դեմ:

  7. Հ.Շ. says:

    Դասական Սփիւռքի շրջանակներուն մէջ, որոշ ժամանակ մը, խօսքեր կային – նորէն շատ չէին, բայց կային -, դէպի Հայաստան «հայրենադարձութեան» մասին: Հետզհետէ այդ խօսքերը անգամ նուազեցան ու նուազեցան: Այժմ շատ հազուադէպ է որ այն մասին (ընդհանրապէս յուզումի կամ գինովութեան ազդեցութեան տակ) խօսքեր մը իսկ արտայայտուին:

    Դասական Սփիւռքը լաւապէս հասկցաւ որ լինելու է յարատեւ, եւ այդ կերպով է օժանդակելու, որքան որ կարող է, Հայաստանին եւ Արցախին: Ի դէպ, շատ մը գաղութներու մէջ, գրեթէ որեւէ հաղորդակցութիւն, շփում իսկ չկայ, դասական Սփիւռքի եւ իրենց երկիրը լքած հայաստանցիների միջեւ:

    Հայաստանի մէջ, ջանացէք գոնէ այնպէս մը ընել, որ հարկադրաբար այդտեղ տեղափոխուած Միջին Արեւելքի հայերը, մնան այդտեղ… Միւս «հայրենադարձներու» մեծամասնութիւնն ալ արդէն այդտեղ է, քանի որ դրսում բան չունէր կորսնցնելիք… Անձնական իրենց վիճակը բարելաւեցին, Հայաստան հաստատուելով:

  8. Հ.Շ. says:

    Եթէ Պարոն Փաշինյանը իսկապէս, պահ մը միայն իսկ, հաւատաց թէ մեկնած հայաստանցիները ետ պիտի վերադառնան տուն, մէյ մը որ ինք յաջողի վերջ դնել ղարաբաղցիներու տիրապետութեան, ուղղակի վախնալիք է որ ամբողջ երկրի մը ղեկը՝ այս աստիճան միամիտ անձի մը ձեռքը անցաւ: Եւ նաեւ, ինք ուրեմն այսքան քի՞չ կը ճանչնայ, իր իսկ ժողովուրդը: Ես, որպէս դրսեցի, շարքային աւանդական սփիւռքահայ, որպէս կարգին ախպար, իրեն կրնայի հաւաստիացնել որ իր այդ մէկ ակնկալութիւնը մանաւանդ՝ լոկ երեւակայութիւն էր: Ի միջի այլոց:

  9. Քաղաքացի says:

    Հարգելի Ռուբեն,
    քանի դեռ ապագա հովիվի տեղը թափուր է, փորձեք Ձեր ուժերը։

  10. Քաղաքացի says:

    Անկախ նրանից, թե ինչքանով ենք մենք կիսում միմյանց տեսակետները տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ և ընդհանրապես, պարզվում է շահը մեկն է՝ Հայաստանը: Անընդունելի է բաժանարար գծեր դնել մեկ ժողովրդի տարբեր հատվածների միջև՝ ախպարներ, ղարաբաղցիներ, հայաստանցիներ: Եվ ի դեպ, դա շատերին է հատուկ դասական Սփյուռքում: Որպես հայաստանցի, փաստում եմ, որ Հայաստանում նման բան չկա: Այսօր ոչ մեկի մտքով անգամ չի անցնում նույնացնել Քոչարյանին կամ Սարգսյանին Ղարաբաղի հետ: Ոչ մեկի մտքով չանցավ պարզել 2016-ի ապրիլին իրենց կյանքի գնով սահմանը պահած մեր երեխաներից քանիսն էին հայաստանցի, կամ ղարաբաղցի, իսկ եզդի ժողովրդին առանձնահատուկ շնորհակալություն իրենց երեխաների համար: Նրանք ոչ մեկին լավություն չէին անում և ոչ մեկից երախտագիտություն չէին սպասում՝ նրանք պարզապես պաշտպանում էին իրենց հողը:

    “Սարսափելի յուսախաբութիւն է, հայ հողի վրայ, Հայաստան կոչուող երկրի մը մէջ, տեսնել այդքան մեծ թիւով անձեր որոնք այդքան քիչ յարգանք կամ հետաքրքրութիւն ունին հայկական զուտ մշակոյթի նկատմամբ: Հայոց Պատմութենէն իսկ գրեթէ ոչ մէկ բան գիտեն:”

    Ի դեպ, բոլորովին չի բացառվում, որ այդ տղաները Հայոց պատմությունը այդքան էլ լավ չգիտեին. Այս աշխարհում ամեն ինչ չէ, որ միանշանակ է և ամեն ինչի բացատրությունը կարելի է գտնել, եթե ցանկանաս: Ցավում եմ այդ հիասթափության և Ձեր կորսված գումարների համար:

    “Իսկ դասական Սփյուռքի շատ մը հայեր չեն ուզեր Հայաստան հաստատուիլ, …….. որովհետեւ աւելի բարձր է:

    Միգուցե…Բարով մնաք Ձեր բարձրունքում:

    • Հ.Շ. says:

      « Անընդունելի է բաժանարար գծեր դնել մեկ ժողովրդի տարբեր հատվածների միջև՝ ախպարներ, ղարաբաղցիներ, հայաստանցիներ: Եվ ի դեպ, դա շատերին է հատուկ դասական Սփյուռքում: Որպես հայաստանցի, փաստում եմ, որ Հայաստանում նման բան չկա: »
      ………………………………………………….
      ասիկա կատակ է, չէ՞… թեկուզ ոչ ծիծաղելի, ձախող կատակ…

      Սփիւռքի մէջ մենք շատ ներազգային խնդիներ, բաժանումներ ունեցած ենք, ճիշդ է

      սակայն Հայութեան այն ներքին պառակտումը որ այժմու Հայաստանը արտադրեց, աննախընթաց է, համայն Հայութեան լրիւ Պատմութեան մէջ…

      Անկախութեան առաջին տարիներէն արդէն սկսաւ այս ահաւոր պառակտումը, իսկ վերջին տասը ամիսներուն, հասաւ նոր գագաթնակէտի

      վերջին ամիսներու պարագային, ուղղակի արիւն եթէ հոսէր, այսքան ծանր ու ահաւոր չէր ըլլար, այդ ակնյայտ իրականութիւնը

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728