Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Ալիեւը հրաժարվում շփվել Արցախի իշխանությունների հետ

Փետրվար 20,2019 12:00

Պաշտոնական Երեւանը բանակցություններում Արցախի մասնակցության բարդ խնդրի վրա է կենտրոնացել

Անցյալ շաբաթ Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին շեշտեց, թե մեզ համար չափազանց կարեւոր է, որպեսզի Արցախը ունենա վճռորոշ նշանակություն սեփական ճակատագրի որոշման գործում:

Դեռ անցյալ տարվա մայիսին, վարչապետ ընտրվելու հաջորդ օրը նա Ստեփանակերտում հայտարարեց, որ որպես Հայաստանի վարչապետ՝ կարող է, պատրաստ է եւ պետք է բանակցի Հայաստանի անունից, սակայն չի կարող բանակցել Արցախի անունից, եւ ընդգծելով, որ «Հայաստանի Հանրապետությունը ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը: ԱԺ-ում նա որոշակի հստակեցում մտցրեց. «Բանակցային գործընթացում մեր կարեւորագույն խնդիրներից եւ բանակցային շփումների մեր կարեւորագույն խնդիրներից մեկը Արցախի լիարժեք ներգրավումն է բանակցային գործընթացում: Այս պատմությունը եւ այս մոտեցումը նոր չէ, եւ սա ունի նախկինից հայտնի մի քանի զարգացումներ՝ կարեւոր զարգացումներ, եւ այս ընթացքում ձեւավորվել է որոշակի բովանդակություն»:

ԱԺ-ում Փաշինյանի ելույթից հայտնի դարձավ այդ բովանդակությունը, այն է՝ Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացում եղել է այս ընթացքում մեր քննարկումների կարեւորագույն կետերից մեկը: «Եվ նախկինից էլ հայտնի է, որ ադրբեջանական կողմը ամեն անգամ Արցախի՝ բանակցային գործընթացում ընդգրկվելու առաջարկներին եւ թեմաներին արձագանքում է հետեւյալ կերպ՝ որ եթե հայկական կողմը բանակցություններում ներգրավի Արցախին՝ որպես բանակցային կողմ, ադրբեջանական կողմը իր հերթին կներգրավի Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին»: Նա հավելեց, որ այդ դիրքորոշումը պարզաբանումների կարիք ունի: «Ամբողջ հարցն այն է, որ Ղարաբաղի ադրբեջանական համայնքը այս ընթացքում միշտ մասնակցել է եւ այսօր էլ մասնակցում է բանակցային ողջ գործընթացին, եւ, ըստ էության, տեղի չի ունեցել անգամ մի բանակցային խոսակցություն, որին ԼՂ-ի ադրբեջանական համայնքը ներկայացված չլինի եւ մասնակցություն չունենա: Ինչպե՞ս: Այն պարզ պատճառով, որ Ղարաբաղի ադրբեջանցիները, Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքը մասնակցում է Ադրբեջանի նախագահական, խորհրդարանական ընտրություններին, նրանք հանդիսանում են Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, եւ հետեւաբար՝ Ադրբեջանի նախագահը ընտրված է նաեւ Ղարաբաղի ադրբեջանական համայնքի կողմից, եւ հետեւաբար՝ Ադրբեջանի նախագահը եւ Ադրբեջանի կառավարությունը, Ադրբեջանի խորհրդարանը ունեն մանդատ՝ ներկայացնելու նաեւ այդ մարդկանց», -մանրամասնեց Փաշինյանը:

Այդ դիրքորոշումը ղարաբաղյան բանակցային գործընթացի տեսանկյունից որքան էլ շեշտում է Արցախի գործոնը, այնուամենայնիվ, հեշտությամբ Բաքվի կողմից նենգափոխվում եւ բոլորովին այլ տրամաբանության մեջ է ներկայացվում, ինչում կհամոզվենք վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները դիտարկելով:

Ուշագրավն այն է, որ պաշտոնական Երեւանն Արցախի մասնակցության հարցում հայկական կողմի դիրքորոշումը հրապարակայնացնելու հարցում արդեն Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքի առնչությամբ մոտեցումներ է ներկայացնում: Ըստ Փաշինյանի՝ «Ադրբեջանի դիրքորոշումը, որ եթե հայկական կողմը պնդում է Ղարաբաղի լիարժեք մասնակցության վրա, Ադրբեջանը, իր հերթին, կպնդի Ղարաբաղի ադրբեջանական համայնքի մասնակցության վրա, մի շարք հարցեր է առաջացնում», մասնավորապես՝ «եթե Ադրբեջանի ղեկավարությունը լիազորված չէ ներկայացնել ամբողջ Ադրբեջանը եւ Ադրբեջանի ժողովրդին, ի՞նչ մանդատով է այդ կառավարությունը ընդհանրապես մասնակցում բանակցություններին»:

Նա կրկին շեշտեց. «Մեր կառավարությունը շատ ուղիղ է ասում, ասում է՝ մենք չունենք մանդատ եւ լիազորություն ներկայացնել Ղարաբաղը եւ Ղարաբաղի ժողովրդին՝ այն պարզ պատճառով, որ Ղարաբաղը եւ Ղարաբաղի ժողովուրդը մեր ընտրություններին չեն մասնակցում: Նրանք ունեն իրենց կառավարությունը, իրենց խորհրդարանը եւ իրենց ներկայացուցիչները բանակցություններում: Եվ ես այս քննարկումները իրականում, որոնք տեղի են ունենում Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում Ղարաբաղի ներկայացուցիչների ներգրավման վերաբերյալ, իրականում համարում եմ բավականին լուրջ առաջընթաց, որովհետեւ ես տեսնում եմ շատ կոնկրետ եւ ձեւեր, եւ մեթոդներ, թե ինչպես կարող է Ղարաբաղը, ԼՂՀ-ն ներգրավվել բանակցային գործընթացում, եւ մենք հիմա այդ ձեւերի եւ մեթոդների քննարկման մեջ ենք, այդ թվում՝ էդ մեթոդները կքննարկենք նաեւ միջազգային մեր գործընկերների հետ»:

Ըստ ամենայնի, Փաշինյանն էլ գիտակցում է, որ Ադրբեջանի մերժողական դիրքորոշումը ի վերջո կհանգեցնի փակուղային իրավիճակի բանակցային գործընթացում, որն էլ իր հերթին կմեծացնի պատերազմի վերսկսման վտանգը: Թերեւս, հենց այդ վտանգն էլ գիտակցելով՝ Փաշինյանը շարունակում է. «Եթե Ադրբեջանն իր ժողովրդին պատրաստում է պատերազմի, մեր արձագանքը կլինի համարժեք»: Նա պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին այն մասին, թե ինչ է ենթադրում «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստել» արտահայտությունը, նկատել էր. «Այդ բնորոշմանը պետք է առանցքային ուշադրություն դարձնել: Եթե մի երկրի կառավարություն իր ժողովրդին չի պատրաստում խաղաղության, հակամարտության կողմ հանդիսացող կամ բանակցային սեղանի մյուս կողմում գտնվող երկրի կառավարությունը չի կարող իր ժողովրդին պատրաստել խաղաղության: Այսինքն, սա չի կարող միակողմանի լինել»: Ապա հստակեցրել էր. «Եթե մեր հարեւանն իր ժողովրդին պատրաստում է պատերազմի, մեր արձագանքը կլինի համարժեք: Հուսանք, որ մեր հարեւանը կհրաժարվի այդ գործելակերպից»:

Փետրվարի սկզբին գերմանական «Դոյչե Վելլե»-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներն այժմ աշխատում են երկու երկրների առաջնորդների հանդիպումը նախապատրաստելու վրա: Խոսելով բանակցային գործընթացից՝ Հայաստանի վարչապետն ասել էր. «Անհնար է հակամարտությունը կարգավորել՝ չլուծելով որոշ հստակ հարցեր: Օրինակ, ես մեկ անգամ չէ, որ հայտարարել եմ՝ կարող եմ բանակցություններ վարել ՀՀ անունից, սակայն հակամարտությունն առնչվում է ԼՂ-ին: Այդ պարագայում ո՞վ է ներկայացնելու Լեռնային Ղարաբաղը»: Նա հիշեցրել էր, որ ԼՂ-ում կան ընտրությունների արդյունքում ձեւավորված իշխանություններ, մյուս կողմից՝ ԼՂ-ում բնակվող մարդիկ չեն մասնակցում Հայաստանի ընտրություններին. «Նրանք ինձ իրենց որեւէ տեղ ներկայացնելու մանդատ չեն տվել: Լեռնային Ղարաբաղի բնակիչներն ունեն իրենց ներկայացուցիչները, ովքեր էլ պետք է բանակցային գործընթացում ներկայացնեն իրենց»: Նույն հարցազրույցում Փաշինյանը պնդել է՝ ղարաբաղյան հակամարտությունը չի կարելի համեմատել որեւէ այլ խնդրի հետ՝ բերելով կոնկրետ օրինակներ. «Աբխազիայի բնակիչներն, օրինակ, կարող են անարգել մեկնել Թբիլիսի, մինչդեռ ադրբեջանցի սահմանապահները, հայկական ազգանունով փաստաթղթեր տեսնելիս ուղղակի արգելում են մտնել Ադրբեջան»:

Ինչպես նկատում ենք, Փաշինյանը շարունակաբար ընդգծված պաշտոնական Երեւանի դիրքորոշումն է շեշտում՝ Արցախի ձայնը կարեւորելով: Հայկական դիվանագիտությունն ակնհայտորեն նպատակ է հետապնդում Արցախի՝ բանակցային գործընթացում մասնակցությունը դարձնել Փաշինյանի գլխավոր հնարավոր ձեռքբերումը: Բայց արդյոք դա կհաջողվի…

Մեկ շաբաթ առաջ պաշտոնական Երեւանը չի բացառել, որ որոշ պայմանների ապահովման դեպքում Արցախի հարցով բարձրաստիճան հանդիպում տեղի կունենա։ Sputnik Արմենիա ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը նշել է նախ, որ առաջիկայում երկու երկրների արտգործնախարարների հանդիպման պարագայում պարզ կլինի` կհանդիպե՞ն Փաշինյանն ու Ալիեւը, թե` ոչ:

Այնուհետեւ նա հավելել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ որեւէ փաստաթղթի շուրջ բանակցություններ դեռեւս չկան. «Առաջիկայում երկու երկրների արտգործնախարարների հանդիպման պարագայում պարզ կլինի` կհանդիպեն Փաշինյանն ու Ալիեւը, թե ոչ։ Հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է իր մոտեցումներն ու սկզբունքային դիրքորոշումը, որոնց նկատմամբ ադրբեջանական կողմից կան ոչ հստակ արձագանքներ։ Եթե մի փոքր մոտեցվեն իրենց դիրքորոշումները մեր կարծիքներին, կարծում եմ` դա ինչ-որ չափով կդյուրացնի առաջիկա հանդիպման վերաբերյալ պայմանավորվածությունը»։

Ըստ ՀՀ վարչապետի մամլո խոսնակի՝ այս փուլում, սակայն, որեւէ կոնկրետ լուծման մասին չի խոսվում. «Հայկական կողմի հստակ դիրքորոշումն է, որ Արցախը պետք է մաս կազմի բանակցություններին։ Մեզ համար տարակուսելի է, թե ինչու է Ադրբեջանի նախագահը համառորեն հրաժարվում շփվել Արցախի իշխանությունների հետ։ Վարչապետ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ինքը իրավասու է եւ ներկայացնելու է Հայաստանի Հանրապետությունը, փոխարենը` չի կարող ներկայացնել Արցախը բանակցություններում։ Հետեւաբար, կարծում եմ, շատ տրամաբանական է, որ ուղիղ շփում լիներ Արցախի եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ։ Այս փուլում միգուցե մենք դեռ չենք հասել այդ իրավիճակին, բայց կարծում եմ, որ փնտրտուքներն ու դիրքորոշման հստակեցումն, անպայման, օգնելու է դրան»:

Իսկ ինչ վերաբերում է Մադրիդյան սկզբունքներին, ապա դրանց մասին, Վլադիմիր Կարապետյանի խոսքով, ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, ոչ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները չեն խոսում, ինչից էլ, նրա համոզմամբ, կարելի է համապատասխան եզրակացության հանգել։

Այսպիսով, պաշտոնական Երեւանն արձանագրում է, որ նախ՝ Մադրիդյան սկզբունքներն այլեւս ակտուալ չեն: Սա նշանակում է, որ բանակցող կողմերը նոր մոտեցումներ են ներկայացնում, եւ գոնե արտգործնախարարների մի քանի հանդիպումները, որոնք բավական երկարատեւ են եղել՝ մի քանի ժամ են տեւել, հենց այդ մոտեցումների ճշգրտման փուլում են գտնվում:

Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական կողմի գնահատականները լայնորեն մեկնաբանվում են, իհարկե, իրենց պատկերացումների ու շահերի տեսանկյունից: Թե ինչպես է՝ ուղիղ շփում Արցախի եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ պահանջը մանիպուլացվում պաշտոնական Բաքվի կողմից՝ հաջորդիվ:

Նշենք, որ փետրվարի 16-ին Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը Մյունխենում Անվտանգության 55-րդ համաժողովի շրջանակում հանդիպել են, որի ընթացքում քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ու երկկողմ օրակարգը: «Տեղի է ունեցել մտքերի փոխանակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների շուրջ: Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի կարեւորությունը», – ասված է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության հաղորդագրությունում: Իսկ ՀՀ ԱԳՆ լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրության համաձայն՝ նախարարները քննարկել են երկու երկրների դաշնակցային հարաբերություններին, ինչպես նաեւ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, մտքեր փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ, անդրադարձ կատարել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:

Հավելենք նաեւ, որ առաջիկա օրերին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն տարածաշրջան: Մյունխենում Մնացականյան-Մամեդյարով հանդիպում չի կայացել. «Մենք չէինք ծրագրել առանձին հանդիպում։ Մենք կարող ենք հանդիպել, դեռեւս առիթ չենք ունեցել, եթե միջանցքում հանդիպենք, մենք խնդիր չունենք ԱԳ նախարար Մամեդյարովի հետ շատ հանգիստ միասին ոտքի վրա հանդիպել, բարեւել եւ եթե ինչ-որ բան ունենք փոխանակելու… Բայց առանձնահատուկ չէինք ծրագրել։ Ծրագրված չի եղել, ինչը չի նշանակում, որ խոսելու բան չունենք, ուղղակի աշխատանքը շարունակվում է: Հանդիպման նպատակներից մեկը՝ աշխատել այն ուղղությամբ, որ որքանով կկարողանանք պատրաստել համապատասխան դաշտ մեր ղեկավարների հանդիպման համար։ Կշարունակենք աշխատել։ Չհանդիպելը չի նշանակում, որ ինչ-որ խնդիր կա, պատճառ չկա հանդիպելու»,- Մյունխենում լրագրողներին ասել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

Ամփոփումը՝ այստեղ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,  19.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728