Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանի ենթակայությամբ գործող որոշ դպրոցների կարիքների համար «Սննդի փաթեթի» ձեռքբերման գործով երկու մեղադրյալների գործը բեկանվել է

Փետրվար 20,2019 13:30

Հարություն Գուլոյանի վերաբերյալ քրեական գործի մասին «Առավոտն» անդրադարձել էր «Վկայի ցուցմունքը նույնությամբ արտատպվել է որպես մեղադրյալ հարցաքննության արձանագրության մեջ» 12.07.2018թ. հրապարակմամբ: Գործն այդ ժամանակ Կենտրոնի դատարանում էր, դատավոր Մնացական Մարտիրոսյանի վարույթում:

Երեկ վերաքննիչ քրեական դատարանից պաշտպան Արմինե Ղասաբողլյանը ստացել էր հունվարին ավարտված քրեական գործով դատարանի որոշումը: Հիշեցնեմ, որ Հարություն Գուլոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին իրավունք վերապահող փաստաթղթեր օգտագործելու նպատակով խմբի կազմում «Սոս-97» ՍՊԸ տնօրենի որդի Արտյոմ Մարգարյանի հետ նախնական համաձայնությամբ եւ միասնական դիտավորությամբ պատրաստել են իրականությանը չհամապատասխանող. կեղծ «Առուվաճառքի եւ ապրանքների մատակարարման» պայմանագրեր ու դրանց հանձնման-ընդունման արձանագրություններ, որոնք Հարություն Գուլոյանը օգտագործել է` ներկայացնելով Երեւանի քաղաքապետարան:

Պաշտպանական կողմը բողոք էր ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով ամբողջությամբ բեկանել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Հարություն Գուլոյանի ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 3-րդ մասով տուգանք` 800.000 ՀՀ դրամի չափով վերաբերյալ դատավճիռը, գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության, կամ բեկանել, կայացնել նոր դատական ակտ:
Պաշտպաններ Արմինե Ղասաբողլյանի, Հրանտ Անանյանի եւ Գեորգի Ագաջանյանի վերաքննիչ բողոքները դատարանը բավարարել է մասնակիորեն:

Դատարանը, դատավոր Ա. Ազարյանի նախագահությամբ, որոշել է Հարություն Գուլոյանի եւ Արտյոմ Մարգարյանի վերաբերյալ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2018թ. հուլիսի 19-ի դատավճիռը բեկանել եւ գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

Դեռ նախաքննության փուլում պաշտպանական կողմն ահազանգել էր, որ կորզվել է թվով 6 ցուցմունք, որից երեքը որպես վկա հարցաքննության արձանագրությամբ: Այն է՝ մեղադրանքի հիմքում դրվել էին անթույլատրելի ապացույցներ:

Նշվել էր, որ որպես ապացույց գործում դրվել են փորձաքննության եզրակացությունները: «Առաջին փորձաքննության եզրակացությունը կատարվել է դատավարական նորմերի խախտումներով, այն է՝ պաշտպանյալս զրկվել է փորձաքննությանը մասնակցելու իր բացառիկ իրավունքն իրականացնելու հնարավորությունից, ինչպես նաեւ փորձագետին հարցեր առաջադրելու, իր ցանկությամբ փորձագիտական հիմնարկ ընտրելու եւ փորձաքննությունն այնտեղ իրականացնելու իրավունքից, Գուլոյանից չեն վերցվել ազատ ստորագրության նմուշներ, դրանով իսկ խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 274 հոդվածի պահանջը: Թեպետ դատարանի որոշման մեջ հիշատակված էր ամբաստանյալներին փորձաքննության կատարմանը մասնակից դարձնելը, այնուամենայնիվ, դատարանի որոշման պահանջը չի կատարվել, այդ կերպ կրկին զրկելով վերջիններին իրենց իրավունքն իրականացնելու հնարավորությունից»,-«Առավոտին» հայտնել էր պաշտպան Ա.Ղասաբողլյանը:

Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել էր, որ Հարություն Գուլոյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2015թ. սեպտեմբերի 1-ին «Սոս-97» ՍՊ ընկերության տնօրեն Սոսիկ Մարգարյանի հետ կնքել են ծառայությունների մատուցման պայմանագիր՝ Երեւանի քաղաքապետարանի կողմից հայտարարվող գնման գործընթացին մասնակցելու համար. «Չի ունեցել իր անվամբ բացված ընկերություն, դրա համար իր ծանոթ Արտյոմ Մարգարյանին, որը Սոսիկ Մարգարյանի որդին է, խնդրել է թույլատրել նրա ընկերությունով մասնակցել այդ գնումների մրցույթին։ Նրանց կողմից իրեն տրված պայմանագրի հիման վրա Երեւանի քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթին մասնակցելու համար անհարժեշտ բոլոր փաստաթղթերը կազմել է ինքը եւ ներկայացրել է Երեւանի քաղաքապետարան։ Երբ Արտյոմին խնդրել է, որ թույլ տան իրենց ընկերությունով մասնակցի՝ Արտյոմն իրեն ասել է, որ ինքը չի հասկանում այդ գործընթացներից։ Արտյոմին ասել է, որ ամբողջն ինքը կանի։ Բոլոր փաստաթղթերը կազմել եւ ներկայացրել է ինքը, իսկ երբ պետք է եղել այս կամ այն փաստաթղթի վրա կնիք դնել, այդ ժամանակ վերցրել է «Սոս-97» ՍՊԸ-ի կնիքը, տարել, կնիքել է փաստաթղթերը եւ կնիքը վերադարձրել նրան»։

2015 թվականի հոկտեմբերին, երբ Երեւանի քաղաքապետարանը հայտարարել է սննդի մատակարարման վերաբերյալ մրցույթ, այդ ժամանակ «Սոս-97» ՍՊԸ-ի անունով ներկայացրել է համապատասխան փաստաթղթերը եւ 2015թ. նոյեմբերին պարզվել է, որ «Սոս-97» ՍՊԸ-ն ճանաչվել է 1-ին տեղ զբաղեցնող մասնակից։ Ըստ ամբաստանյալի, «Երեւանի քաղաքապետարանն իրեն «օնլայն» կարգով հայտնել է, որ պետք է 3 օրվա ընթացքում ներկայացնի որակավորման չափանիշները հիմնավորող փաստաթղթերը։ Այդ ժամանակ ինքն առանց որեւէ մեկին ասելու, տվյալ պահին Ա/Ձ «Էդուարդ Առուստամյանի» անվամբ իր վարձակալած գրասենյակում, իր համակարգչով «գնումներ.ամ» կայքից ներբեռնել է արձանագրությունների տիպային օրինակներ, իսկ «գուգլ»-ից տիպային պայմանագրեր, որոնց վրա կատարել է անհրաժեշտ փոփոխություններ, այսինքն` առանց որեւէ մեկի օգնության կազմել է ապրանքների մատակարարման վերաբերյալ առուվաճառքի պայմանագրեր եւ հանձնման-ընդունման արձանագրություններ, որոնք ներկայացրել է «օնլայն» կարգով Երեւանի քաղաքապետարան` գործընթացների համար»։

Այս գործով որպես վկա դատակոչվել էր Միքայել Զալինյանը, որը 2013 թվականի օգոստոսից մինչեւ 2017 թվականի մայիսն աշխատել է Երեւանի քաղաքապետարանի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ, համակարգել է գնումների գործընթացը։ Նա հայտնել էր, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մրցույթներում հաղթող մասնակից որոշելը իրականացվել է տվյալ ընթացակարգի գնահատող հանձնաժողովի կողմից, իսկ ինքն ապահովել է մրցույթներին վերաբերող փաստաթղթաշրջանառություններից` մասնակիցների ծանուցումը, հրավերի հրապարակումը, մասնակիցների կողմից ներկայացված որակավորման փաստաթղթերի համապատասխանության հարցը։

«Սոս -97» ՍՊԸ-ի հետ կապված` նա հայտնել էր, որ 2015թ.-ին Երեւանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվել է գնման գործընթաց` 2016 թվականի ընթացքում Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող որոշ դպրոցների կարիքների համար «Սննդի փաթեթի» ձեռքբերման նպատակով։

Փաստաթղթերը մասնակիցը հավաքել էր իր համակարգչով եւ տպել այդ ժամանակվա իր տպիչ սարքով։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

19.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728