Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանում թանաք չկար

Փետրվար 20,2019 13:00

Օրերս մեր կազմակերպություն դիմած 64-ամյա թոշակառու Հասմիկ Մամբրեյանը հայտնել է, որ 2017 թվականի մարտ ամսից ինքը ներգրավված է թիվ ԵՇԴ/3473/02/17 քաղաքացիական գործում (դատավոր՝ Նաիրա Հովսեփյան) որպես պատասխանող: Ծանոթանալով հայցապահանջին՝ պարզել է, որ հայցվոր Սոֆյա Սողոմոնյանը դիմել է դատարան եւ պահանջել բնակելի տան մի հատվածի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով (ՀՀ քաղ. օրենսգրքի 187 հոդված) ճանաչել իր սեփականության իրավունքը:

Ծանոթանալով դիմումին եւ կից ներկայացված փաստաթղթերին՝ պարզվել է, որ վեճի առարկա հանդիսացող բնակելի տունը սեփականության իրավունքով պատկանում է դիմումատու Հասմիկ Մամբրեյանին: Վերջինս մշտապես հաշվառված կարգով իր ընտանիքի անդամների հետ միասին բնակվել է այդ տանը եւ երբեք չի բացակայել տնից: Կատարել է բոլոր անհրաժեշտ մուծումները եւ վճարները, պահպանել է գույքը, օրինական կերպով տիրապետել է այն որպես սեփական գույք:

Տիկին Հասմիկը հայտնել է նաեւ, որ «հայցվորն իր հարազատ աղջիկն է, որին միշտ օգնել է թե նյութապես, թե բարոյապես: Նրան է հատկացրել իր տան մի մասնաբաժինը, որպեսզի ավելորդ տեղը տան վարձ չտա եւ իր երեխաների վրա ծախսի այդ գումարը, կարողանա յոլա գնալ եւ պահել երեխաներին: Օրերից մի օր էլ, չբավարարվելով այդ օգնությունից, դատի է տվել իրեն, պահանջելով իր տան մի մասը»:

Հարցի բարոյական կողմը թողնելով մի կողմ՝ անցնենք գործի իրավական կողմին: Կարդալով հայցը եւ ուսումնասիրելով որոշ փաստաթղթեր՝ կարելի է հստակորեն եզրակացնել, որ դատարանը շուրջ երկու տարի «քննում է» ակնհայտ անհիմն հայցի վրա հիմնված դատական գործ:

Ինչ է քննում դատարանը, ինչպես է քննում, դժվար է կռահել, բայց սույն քաղաքացիական գործով արդեն երկրորդ անգամ վճիռ կայացնելու օր է նշանակվում, սակայն վճիռ չի կայացվում: 2019 թվականի հունվարի 26-ին դատարանի կողմից նշանակված վճռի կայացման օրը հետաձգվել է՝ «դատարանը որոշել է նիստը հետաձգել», իսկ 2019 թվականի փետրվարի 14-ին նշանակված վճռի կայացման օրը հետաձգվել է՝ «դատարանում թանաք չկա» դատավորի մեկնաբանություններով:

Հետեւությունը թող մնա ոլորտի պատասխանատուներին:

Մինչ այդ 64-ամյա թոշակառու պատասխանողը պարտաճանաչ կերպով թող գնա ու գա դատարան, կամ կկայացվի վճիռ, կամ էլ…

ԽԱՉԻԿ ՄԱՐՈԶՅԱՆ

«Իրավաբանների եւ

հոգեբանների միջազգային

ասոցիացիայի» նախագահ

«Առավոտ» օրաթերթ, 

19.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Դատարանը 14.02.2019թ-ի վճռով մերժել է Սոֆյա Սողոմոնյանի հայցը՝ կայացնելով հիմնավոր և օրինական դատական ակտ՝ հօգուտ իմ վստահորդ Հասմիկ Մամբրեյանի:
    Դատարանի վճիռը ստացել ենք 20.02.2019թ-ին: Բոլոր դեպքերում գործին մասնակցող փաստաբանի հետ կապ հաստատելը խրախուսվում է:
    Շնորհակալություն

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728