Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախագահ Մակրոնը իր հովանավորության տակ է վերցրել «UFAR20+»-ի դրամահավաք-հանգանակությունը

Փետրվար 20,2019 12:30

Թումոյի հետ համագործակցության արդյունքում մշակված «UFAR20+» նախագծի միջոցով Հայաստանում Ֆրանսիական համալսարանը ցանկանում է նորարարական դասավանդման մեթոդները բերել բարձրագույն կրթության ոլորտ ու կրթությունը մշտապես ներդաշնակել շուկայի պահանջներին: Նախագիծը կյանքի կոչելու համար 3 մլն եվրո հայթայթելու դրամահավաք-հանգանակություն է սկսվել: Ի դեպ, Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնն իր հովանավորության տակ է վերցրել «UFAR20+» նոր կամպուսի նախագծի համար կազմակերպվող միջազգային դրամահավաք-հանգանակությունը: Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստը «Առավոտի» հետ զրույցում նշում է, որ Հայաստանում Ֆրանսիական համալսարանը ֆրանսախոս համալսարան է Կովկասում, իսկ ֆրանսախոսությունն ու ֆրանկոֆոնիան Հայաստանի համար կարեւոր են բազմաթիվ առումներով: Նա ընդգծեց, որ անցյալ տարվա հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը կայացավ, ու համատեքստում Հայաստանում Ֆրանսիական համալսարանը շատ կարեւոր ներկայություն ունի ինչպես հայ երիտասարդներին կրթելու, այնպես էլ Հայաստանի տնտեսական զարգացումը ուղեկցելու առումով:
Ժան-Մարկ Լավեստն ասում է, որ այն ժամանակվանից ի վեր, ինչ ինքը պաշտոնավարում է համալսարանում, նկատել է, որ Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների ոլորտը շատ կարեւոր է տնտեսության համար: «Այս ոլորտը կզարգանա երկու պայմանով. առաջին հերթին, եթե հայկական եւ օտարերկրյա ձեռնարկությունները ներդրում կատարեն ոլորտում, եւ հատկապես, եթե բարձրագույն կրթության բոլոր հաստատությունները կարողանան լավ կադրեր պատրաստել: Բարձրագույն կրթությունը ժամանակ է պահանջում, այսինքն՝ այն պահից սկսած, երբ մենք սկսում ենք ուսանողներ կրթել՝ մինչե այն պահը, երբ իրենք տնտեսության մեջ ներդրում են ունենում: Իսկ բարձրագույն կրթությունը նշանակություն եւ իմաստ ունի միայն այն դեպքում, երբ որակյալ է: Չորս տարվա ընթացքում Հայաստանում Ֆրանսիական համալսարանն իր ուսանողների թիվը կկրկնապատկի: Եվ դա է պատճառը, որ հենց այս պահից ուզում ենք կանխատեսել, թե մեզ ինչ է անհրաժեշտ, որ կարողանանք պլանավորել այդ կրկնապատմումը եւ պատրաստ լինել դրան»,- նշեց մեր զրուցակիցը: Նաեւ հավելեց, որ կան որոշ ոլորտներ եւ մասնագիտացումներ, որոնք սկսել են, գործընկերային հարաբերություններ, որ դեռ պետք է սկսեն, իսկ բոլոր գաղափարները կյանքի կոչելու համար իրենց անհրաժեշտ է մեծացնել համալսարանի տարածքը, ունենալ նոր կամպուս՝ մասնաշենք: «Կենտրոնացած այս նպատակի վրա՝ բազմաթիվ նոր համագործակցություններ ենք սկսել հատկապես Սիմոնյան կրթական հիմնադրամի եւ Թումոյի հետ: Վերջինիս հետ փորձում ենք ուրվագծել համալսարանը, որը գրավիչ կլինի ոչ միայն հայերի համար, այլեւ օտարերկրացիների համար»,- մանրամասնում է ռեկտորը: Նաեւ հիմնավորում, թե ինչու հենց Թումոյի հետ են շարժվել առաջ. «Թումոն շատ մեծ որակ ունի նախագծերի ղեկավարման առումով, համագործակցություններ ունեն ամբողջ աշխարհի լավագույն մասնագետների հետ եւ ավանդույթ՝ ուսանողներին ակադեմիական մակարդակից տանելու նախագծային մակարդակի, որպեսզի ուսանողները կարողանան նաեւ նախագծերի կառավարում իրականացնել: Որպեսզի ցանկացած ուսանող հենց առաջին կուրսից կարողանա ընդգրկվել նախագծի կառավարման մեջ՝ ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա մասնագիտության գծով բակալավրիատն ավարտելիս, իր դիպլոմը պատրաստելու ընթացքում մոտ 300 նախագծի մասնակցած կլինի, որոնք իրական կյանքի հետ կապ ունեն»: Գաղափարի կյանքի կոչելու վերջնարդյունքում դառնալով Հայաստանի ապագա Սիլիկոնային հովտի ֆրանկոֆոն բեւեռը՝ Ֆրանսիական համալսարանը կստանա առաջատար դիրք հայկական բարձրագույն կրթության ոլորտում, միջազգային տեսանելիություն եւ համբավ:

Ինչ վերաբերում է նախագահ Մակրոնի՝ գաղափարը հովանու ներքո առնելուն, ռեկտորը նշեց. «Երբ դրամահավաք հանգանակություն է սկսվում, դրա կարեւոր տարրերից մեկն այն է, որ գործընկերները նախագծի նկատմամբ վստահություն ունենան, ինչը մոտիվացման գրավական է: Իսկ միջպետական համաձայնագրով ստեղծված համալսարանի պարագայում, եթե երկու երկրների ղեկավարներից մեկն ասում է, որ այս նախագիծը կարեւոր է, դա արդեն լուրջ գրավական է: Բացի այդ, Ֆրանսիայի նախագահը չէր ներգրավի այս նախագծի մեջ, եթե չհամարեր, որ սա կարեւոր է Ֆրանսիայի համար, եւ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման համար: Մենք հպարտ ենք, որ նախագահ Մակրոնի երկու կարեոր հայտարարություններից մեկը վերաբերում է նրան, որ ապրիլի 24-ը դառնում է Հայոց ցեղասպանության հիշատակի օր Ֆրանսիայում եւ երկրորդը, նրան, որ իր հովանավորությունը բերում դրամահավաք-հանգանակությանը: Դա վկայում է այն մասին, որ ֆրանսիական կառավարությունը ուշադրությամբ է հետեւում է այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանում Ֆրանսիական համալսարանում: Գիտեմ նաեւ, որ Հայաստանի կառավարությունն էլ է ուշադիր մեր համալսարանի հանդեպ, որովհետեւ Հայաստանում Ֆրանսիական համալսարանը համատեղ նախագիծ է: ՀՀ կառավարությունը միշտ աջակցել է այս նախագծին, եւ երբ ես Ֆրանսիայում եմ լինում, անպայման բարձրաձայնում եմ այդ մասին: Հայաստանում Ֆրանսիական համալսարանը չի կարող զարգանալ առանց Ֆրանսիայի կամ առանց Հայաստանի կառավարության աջակցության:

Այն փաստը, որ դրամահավաք- հանգանակության մեկնարկը տրվել է Ֆրանսիայի նախագահի կողմից՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման հայկական խորհրդի ընթրիքի ժամանակ, արդեն կարեւոր ուղերձ է Ֆրանսիայի հայկական համայնքի համար: Մենք կազմակերպելու ենք երեք գալա-ընթրիք Ֆրանսիայում մինչեւ հունիս ամիսը՝ Փարիզում, Լիոնում եւ Մարսելում»: Ժան-Մարկ Լավեստը փաստեց, որ վերջերս Ֆրանսիայում տեղի է ունեցել ՀԲԸՄ 90-րդ Ընդհանուր ժողովը, որին մասնակցել են հայեր աշխարհի բոլոր անկյուններից, որոնցից ոմանց հետ եւս առիթ են ունեցել խոսելու «UFAR20+»-ի թեմայով:

«Ունենք մի շատ կարեւոր ներդրում՝ Իլ դը Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսը, որը Հայաստան էր եկել մի քանի շաբաթ առաջ, հայտարարել է, որ նախագիծը կֆինանսավորի շատ մեծ չափով: Վալերի Պեկրեսը տարիներ առաջ Ֆրանսիայում եղել է բարձրագույն կրթության եւ գիտության նախարար եւ նա է, որ 2008 թ. բոլոր ֆրանսիական համալսարանների բարեփոխումներն է իրականացրել: Կարծում եմ, որ նա գիտակցում է Ֆրանսիական համալսարանի դերը Հայաստանի զարգացման գործում, ինչպես նաեւ ֆրանս-հայկական հարաբերությունների զարգացման համատեքստում: Մենք հարաբերություններ ենք սկսում նաեւ այլ շրջանների՝ Օվերն Ռոն Ալպերի հետ: Այդ շրջանի նախագահը Հայաստան կգա 2019-ի երկրորդ կիսամյակում: Սպասում ենք նաեւ Պրովանս Ալպ Կոտ Դը Ազյուր շրջանի նախագահին, որը Հայաստան է գալու հունիս ամսին: Եվ այս մարդիկ, որոնք Ֆրանսիայի ղեկավարության ներկայացուցիչներ են, շատ ուշադիր աչքով են հետեւում Ֆրանսիական համալսարանի գործունեությանը: Հատուկ ուզում եմ շեշտել, որ նախագծի դրամահավաքին առաջին ներդրում կատարողը հայ է եղել: Պահանջվող գումարը մեծ է, բայց այն հաղթահարելի է, եթե ցանկացած մարդ անգամ 1000 դրամով իր ներդրումն ունենա եւ մաս կազմի նոր կամպուսի կառուցմանը»,- վստահ է մեր զրուցակիցը:

Ռեկտորը նշում է, որ կրթության մեջ արված ներդրումների արդյունքները տարիներ հետո են երեւում, բայց դրանք անհամեմատ ավելին են լինում իրենց նշանակությամբ եւ սպասելիքների արդարացման առումով: Նա վստահ է՝ ոչ մի երկիր չի զարգանում առանց բարձրագույն կրթության զարգացման, որովհետեւ դա մի ամբողջ շղթա է: Որակյալ կրթություն ստացած շրջանավարտները կունենան լավ աշխատանք, ընտանիք կկազմեն ու կապրեն Հայաստանում, արտագաղթի ծավալներն էլ կկրճատվեն:

Ժան Մարկ Լավեստը հաճախ է կրկնում, որ համալսարանի նպատակը ոչ թե զուտ դիպլոմ, այլ համապատասխան ունակություններ տալն է, ինչը երիտասարդների հաջողակ կարիերայի առաջին քայլն է: Նաեւ հավելում է՝ համալսարանը յուրատեսակ կապ է ուսանողների ունակությունների եւ հետագայում՝ երկրի քաղաքացիների միջեւ, որը հիմքում ունի սոցիալական շատ մեծ պատասխանատվություն. «Ծնողներն իրենց 18 տարեկան երեխաներին մեզ են վստահում, մենք պետք է 4-6 տարի նրանց պահենք, ուժեղացնենք մասնագիտական որակները: Պատկերավոր ասած՝ կարծես պայմանագիր ենք կնքում ծնողների հետ, որը եւ ֆինանսական, եւ բարոյական պայմանագիր է: Եվ եթե այդ բարոյական պայմանագիրը հաջողվում է, ուսանողն ընկնում է տնտեսական հասուն կյանք՝ որպես լիարժեք քաղաքացի, որն ունի իր աշխատանքը, ուրեմն համալսարանը կատարել է երկիրը զարգացնելու իր առաքելությունը: Դրա համար համալսարանը պետք է բաց լինի տնտեսական, քաղաքական աշխարհի առաջ, հետեւի աշխարհաքաղաքական գործընթացներին, համալսարանը պետք է կանխատեսի կառուցվածքային փոփոխությունները, որպեսզի կարողանա կրթել այն երիտասարդներին, որոնց կարիքը պետությունն ունի: Այսօր համալսարաններից պահանջվում է լինել տեղեկացված եւ ճկուն, որպեսզի կարողանա արագ փոփոխվել՝ համապատասխան երկրի զարգացման պահանջների: Այսօր Հայաստանում էլ մեծ արագությամբ են փոփոխություններ տեղի ունենում, ինչին պետք է պատրաստ լինեն համալսարանները: Ես մեծ վստահություն ունեմ Հայաստանի ապագա տնտեսական զարգացման հանդեպ, գիտեմ, որ ճանապարհը դժվար է, բայց հաղթահարելի, քանի որ Հայաստանի ամենամեծ հարստությունը իր երիտասարդությունն է, որի պոտենցիալի վրա պետք է հիմնվել: Պատահական չէ այն միտքը, որ անգամ եթե ամեն ինչ կորցրել ես, ստացածդ կրթությունը երբեք քեզանից չեն կարող վերցնել»: Մի խոսքով, այս նախագիծը բոլորի նախագիծն է, ով աջակցելու է այն իրականացնելիս:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

19.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728