Արամ Սիմոնյանն այսօր հրավիրել է ԵՊՀ գիտխորհրդի արտահերթ նիստ, որի ժամանակ ԵՊՀ ռեկտորը հայտարարել է գործադրվող ճնշումների մասին:
Նիստի մեկնարկին ԵՊՀ ռեկտորը նախ շնորհավորեց բոլորին Հովհաննես Թումանյանի 150-ամյակի կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ ֆակուլտետներում ըստ արժանվույնս միջոցառումներ կազմակերպվում են:
Այնուհետև ԵՊՀ ռեկտորը պարզաբանեց, որ վերջին շաբաթների ընթացքում տեղի են ունեցել որոշակի գործընթացներ, որոնց մասին ցանկանում է պատմել ԵՊՀ գիտխորհրդի անդամներին. «Վստահ եմ, որ դրանց մասին կլսեք այլ աղբյուրներից և տարբեր մեկնաբանություններով: Ուզում եմ, որ հենց ինձնից լսեք»:
ԵՊՀ ռեկտորի հավաստմամբ, համալսարանի ղեկավարության և անձամբ իր վրա վերջին շրջանում շատ մեծ ճնշում է գործադրվում: Նա հիշեցրեց, որ ամառվանից սկսվեցին ՊՎԾ-ի կողմից իրականացվող լայնածավալ ստուգումները, որոնք դեկտեմբերի վերջին ավարտվեցին իր մամուլի ասուլիսով: Ռեկտորը հիշեցրեց, որ մինչ այդ՝ ստուգումները դեռ չավարտած՝ հայտարարություններ եղան այն մասին, որ 800 մլն դրամի չափով չարաշահումներ են իրականացվել համալսարանում, արձանագրվել են խախտումներ և այլն:
«Հիմա, երբ այդ ծառայության ներկայացուցիչներին լրագրողները հարցնում են, թե ինչ փուլում են գտնվում ստուգումները այլ բուհերում, ստանում են պատասխան, որ մինչև դրանք չավարտվեն, ոչինչ չեն կարող ասել: Նկատեք, թե տրամադրությունների ինչ տարբերություն է տիրում: Մեր դեպքում ստուգումները դեռ չավարտված՝ հայտարարում էին 800 մլն դրամ չարաշահումների մասին, իսկ այժմ շատ զգույշ ասում են, որ դրանք պետք է ավարտվեն»:
Արամ Սիմոնյանն ասաց, որ ինքն այն կարծիքին է, թե դա կոնկրետ իր դեմ ուղղված որոշակի գործընթաց է, որն ունի նաև քաղաքական ենթատեքստ. «Բոլորիդ հայտնի է, որ ես ՀՀԿ անդամ եմ, ու հավանաբար այդ փաստը դերակատարություն է ունեցել: Եղել եմ ոչ ցանկալի անձնավորություն, ու բնականաբար ոմանց մոտ համալսարանի ղեկավարությունը փոխելու միտք է հղացել»:
ԵՊՀ ռեկտորի պնդմամբ, համալսարանում այս ընթացքում եղել են բազմաթիվ ստուգումներ. «Ստուգվել է ԵՊՀ ֆինանսական ամբողջ գործունեության 10.5 մլրդ դրամ շրջանառությունը: Սկզբում հայտարարված 800 մլն դրամի չափով արձանագրված չարաշահումներից իջան մինչև 500 մլն դրամ, հետո դրանից էլ պակասեցրին, այնուհետև մեր բացատրություններով պարզաբանեցինք, որ դրանք բացառապես վարչական կամ աշխատանքային թերություններ են, կանոնակարգային ինչ-ինչ թերացումներ, որոնք ոչ մի կապ չունեն քրեածին կամ քրեական գործընթացների հետ»:
Արամ Սիմոնյանը ԵՊՀ գիտխորհրդի անդամներին պատմեց, որ մոտավորապես մեկ շաբաթ առաջ ՀՀ ԿԳ նախարարը զրույց է ունեցել իր հետ և հորդորել է հրաժարական տալ. «Ես այս ամիսների ընթացքում խոսել եմ այն մասին, որ մոտենում է ԵՊՀ 100-ամյակը, և պետք է կառավարական հանձնաժողով կազմել, բայց ինձ բացատրեցին, որ այն չի ստեղծվում, որովհետև չեն ուզում ինձ հետ նշել այդ տոնը, այլ ուրիշ ռեկտորի հետ: Այդպես ասաց մեր նախարարը»:
«Ես ասացի, որ հրաժարական չեմ տալու, մինչև այս պղտորը չպարզվի, մինչև այս ստուգումների արդյունքները չպարզվեն, քանի որ դա կնշանակի, որ ես ընդունում եմ, որ կեղծարարություններ եմ արել, և ես դրա գլխավոր մեղսակիցն եմ: Այսինքն՝ ընդունում եմ այն բոլոր մեղադրանքները, որոնք հնչել են համալսարանի ղեկավարության հասցեին»,- պարզաբանեց ԵՊՀ ռեկտորը:
Արամ Սիմոնյանը պատմեց, որ նույն օրը՝ ԿԳ նախարարի հետ հանդիպումից հետո, Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության 4 ներկայացուցիչ եկել է համալսարան. «Նրանցից երկուսը աշխատել են ԵՊՀ հաշվապահություն, իսկ մյուս երկուսը՝ Մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունում: Մի քանի օր աշխատել են, որից հետո կազմել այն հարցերի շրջանակը, որը, ըստ իս, ինչպես նաև ըստ իրավաբանների, որոնց հետ ես աշխատում եմ, թույլ կտա գործընթացը տանել դեպի քրեական գործի հարուցում: Ես սա համարում եմ շանտաժի միջոց, ճնշում իմ և համալսարանի ղեկավարության դեմ: Սա սպառնալիք է համալսարանի ինքնավարությանը, ակադեմիական ազատությանը, վարչական ինքնուրույնությանը»:
Արամ Սիմոնյանի կարծիքով, այս գործընթացը չի ղեկավարվում վարչապետի կողմից, քանի որ վերջինս հստակ հայտարարել է, որ բուհերի կառավարումը բուհի ներքին գործն է, և որ ինքը մտադիր չէ խառնվել այդ գործընթացներին. «Ուրեմն մեր նախարարությունը և ինչ-ինչ մարդիկ ինչպես դրսից, այնպես էլ համալսարանի ներսից, այո, ցավով եմ փաստում, որ մի շարք համալսարանականներ ևս, ներգրավվեցին այս ընթացքում ի հայտ եկած ինտրիգների մեջ՝ հանդիպումներ ունենալով այն փոքրաթիվ ուսանողների հետ, որոնք առաջ էին քաշում ինչ-ինչ պահանջներ, կոչերի մեջ էլ անունս փոքրատառով գրում՝ կարծելով, որ հարված են հասցնում ինձ: Այդ մարդիկ տեղեկատվական խողովակներով հոդվածներ ապահովեցին մեր դեմ: Նրանց զգալի մասին ես լավ գիտեմ, թող չկարծեն, թե ես տեղյակ չեմ նրանց արարքներից: Մեր այդ գործընկերների պահվածքն ինձ մոտ առաջացնում է ոչ միայն բազմաթիվ հարցեր, այլև ակնհայտ զզվանք»:
«Ես հասկանում եմ, որ պաշտոնը քաղցր է, որին, ի դեպ, ես կառչած չեմ, բայց ես ընտրված ռեկտոր եմ, ունեմ պաշտոնավարման ժամկետ: Ինձ ընտրել է համալսարանի Հոգաբարձուների խորհուրդը: Նման պայմաններում այդ մարդկանց ինտրիգներն ինձ համար առավել քան տարօրինակ են. այդ անհամբերությունը, այդ պատրաստակամությունն արագ հարցերը լուծելու՝ առանց սպասելու, որ մինչև 2020 թվականը ես իմ գործառույթներն իրականացնեմ: Դրանից հետո թող իրենք պաշտոնավարեն, ես միայն կողջունեմ նրանց գործունեությունը, եթե դա լինի՝ ի շահ համալսարանի: Կրկնում եմ՝ ես կառչած չեմ այս աթոռին, և իմ ընտանիքը դեռևս մայիսին ինձ խորհուրդ է տվել և խնդրել, որ ես հրաժարական տամ: Բայց եթե ես հրաժարական տայի, կնշանակեր ցուցաբերել փոքրոգություն, կնշանակեր մենակ թողնել համալսարանը և իմ գործընկերներին: Անբացատրելի կլիներ, թե ինչու եմ ես ստուգումների ժամանակ թողնում ու հեռանում: Դա կնշանակեր, որ ես որպես ռեկտոր, որպես անուն ունեցող մարդ, որը վաստակել է այդ անունը, և որպես համալսարանի կառավարիչ, որը պատասխանատու է համալսարանի գործունեության համար, խուսափում եմ իմ գործառույթներից»,- ասաց Արամ Սիմոնյանը:
ԵՊՀ ռեկտորը պատմեց, որ Հոգաբարձուների խորհրդի նոր նախագահի հետ նա ունեցել է զրույցներ՝ կապված համալսարանի և դրա ապագայի հետ. «Ես լավ հասկանում եմ, որ Հոգաբարձուների խորհրդի և դրա նախագահի վրա էլ կարող են ճնշումներ գործադրել կամ առաջարկել ռեկտորին անվստահություն հայտնել: Բայց դա դժվար է, որովհետև ըստ կանոնակարգի՝ միայն մի դեպքում կարելի է դա անել, եթե ռեկտորի աշխատանքը գնահատվի անբավարար: Մինչդեռ հունվարին իմ աշխատանքը միաձայն դրական է գնահատվել: Ես չեմ պատկերացնում, կամ ավելի ճիշտ պատկերացնում եմ, թե որ դեպքում վստահություն կորցնելու խնդիր կարող են առաջ քաշել և այդկերպ ազատվել համալսարանի ռեկտորից ու կազմակերպել նոր նշանակում, ապա նաև նոր ընտրություն»:
Արամ Սիմոնյանը պատմեց, որ Ոստիկանության 6-րդ վարչության կողմից նախապատրաստված քրեական գործը երկու թեզ է պարունակում. «Առաջինը վերաբերում է բուֆետներին՝ վարձերի չվճարում կամ քիչ վճարում: Մենք հաշվապահական փաստաթղթերով ապացուցել ենք, որ այնտեղ քրեական ծագմամբ որևէ գործընթաց չկա, քանի որ վարձավճարների պարտքեր չկան: Հարցաքննվել է մեր գլխավոր հաշվապահը: Նրանք ստացել են նաև մեր գրավոր պատասխանները: Մյուս թեզը վերաբերում է համալսարանի 19 դասախոսներին, որոնց աշխատանքի չներկայանալը ծածկվել է ամբիոնի վարիչների կամ դեկանատների կողմից: Խոսքն առավելապես հուլիսի ու օգոստոսի վերջին մի քանի օրերի և հունվար ամիսներին կիսամյակային քննության բացակայությունների մասին է: Այդ մարդիկ չգիտեն, որ համալսարանում դասախոսը վարձատրվում է՝ ըստ իր ծանրաբեռնվածության աստիճանի: Ինչքան փորձեցինք համոզել, չստացվեց»:
«Մյուս կողմից՝ բացակաները կոծկելը տգեղ երևույթ է, թեև կան դասախոսներ, որոնք բացակայելու համար հարգելի պատճառներ ունեն: Սա այն թեզը չէ, որի հիման վրա կարելի է այդպիսի գործ հարուցել»,- ասաց Արամ Սիմոնյանը:
Ռեկտորը հայտարարեց, որ ինքը քրեական գործից չի վախենում. «Եթե այդպիսի բան է արվել կամ արվելու, ես, բնականաբար, պայքարելու եմ օրինական բոլոր եղանակներով, որ մաքրեմ իմ անունը և տարիների աշխատանքը նմանօրինակ մեղադրանքներից»:
«Ես աշխատում եմ իրավաբանների և փաստաբանների խմբի հետ, որն ուսումնասիրում է մեր գրած բոլոր պատասխանները և այն մեղադրանքները, որոնք ժամանակին ներկայացրել է ՊՎԾ-ն: Նրանց գործողություններն արվել են՝ առանց մեզ պաշտոնապես տեղեկացնելու: Նրանք մեղադրանքներն ուղարկել են դատախազություն՝ մեզ տալով միայն անստորագիր մի նախնական սևագրություն, որի հիման վրա մենք կազմել ենք մեր պատասխանները: Ես երբևէ որևէ շանտաժի չեմ ենթարկվելու: Սա ես հայտարարում եմ ԵՊՀ գիտական խորհրդի առջև: Ես թույլ չեմ տա, որ իմ և ԵՊՀ-ի հետ խոսեն շանտաժի կամ սպառնալիքի լեզվով»:
Արամ Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին իրեն լսելու համար և ավելացրեց, որ ինչ էլ լինի, ԵՊՀ-ն իր հարյուրամյակը տոնելու է. «Կուզենա՞ կառավարական հանձնաժողովը տոնել, թե՞ ոչ, մենք արդեն հրավերներ ուղարկել ենք մեր գործընկերներին և ստացել ենք մասնակցության հաստատումներ»:
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, դատապարտելով նմանօրինակ վերաբերմունքը ԵՊՀ-ի հանդեպ, նշեց, որ պատկան մարմինները նմանօրինակ գործողությունները պետք է անել հանդարտ, խնամքով և իրավական գործընթացների շրջանակներում:
«Պատահական չէ մեր վարչապետի ակնարկն ԱԺ-ում, որ ժամկետից շուտ դատավճիռներ են կարդում, ձևակերպումը հստակ չեմ հիշում, իմ ընկալմամբ, վերաբերում էր ՊՎԾ ղեկավարին և համալսարանի շուրջ ստեղծված իրադրությանը»,- ասաց Հայկ Սարգսյանը:
Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը, նշելով, որ պետք է հստակ տարանջատել վերաբերմունքը ռեկտորի և ԵՊՀ-ի վերաբերյալ, ճշգրտեց՝ արդյոք հնարավոր է, որ կառավարական հանձնաժողովի մակարդակով համալսարանին նվիրված միջոցառումները տեղի չունենան զուտ այն պատճառով, որ ռեկտոր այդ պահին մնալու է Արամ Սիմոնյանը:
Ռեկտորը հաստատեց, որ իրեն հասկացրել են՝ մինչև հիմա չի կազմվել հանձնաժողով, որովհետև ինքն է ռեկտորը:
«Ինձ հորդորել են հրաժարական տալ, որ սկսվեն հարյուրամյակի տոնակատարությունները, բարեփոխումները, որոնք ես իբրև թե չեմ անում: Կա այսպիսի կարծիք, որ ես, համալսարանի ղեկավարությունն իբր թե լճացել ենք և չենք կատարում բարեփոխումներ, մինչդեռ ամենամեծ բարեփոխումները կատարվում են հենց համալսարանում, և մենք զարգացման ծրագիր ունենք, որով կետ առ կետ առաջնորդվում ենք: Եթե ուշադրություն դարձնեք համաշխարհային մասշտաբով վերջին ամիսներին կրթության բնագավառի տոնայնությանը, ապա կտեսնեք, որ բոլոր երկրները մտահոգված են. կրթությունն է այն հիմքը, որի վրա այսուհետ պետք է զարգանա մարդկային քաղաքակրթությունը: Անգամ տնտեսական բարդ կացության մեջ գտնվող երկրները մեծ գումարներ են ծախսում կրթության և գիտության ոլորտում, որովհետև լավ հասկանում են, որ համալսարաններն են շարժիչ ուժերը: Հայաստանում բարեփոխումներից խոսում են առանց գումարներ տրամադրելու: Բազային ֆինանսավորման վերացման հետ կապված համալսարանականների դժգոհությունները հասան երկրի ղեկավարությանը, և մեր տեսակետն ընդունվեց: Եթե համալսարանը չպաշտպաներ իր գիտաշխատողներին, ես չգիտեմ, թե ինչ կլիներ», – նշեց ռեկտորը:
Հաջորդը խոսեց Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:
«Համալսարանը նախ ազգային արժեք է, և առաջին հերթին պետք է հաշվի առնվեն համալսարանի շահերը, խնդիրները: Այսօր, ըստ էության, այդ ամենն անտեսվում է: Պաշտպանում և ճիշտ եմ համարում ռեկտորի տեսակետը: Եթե կան խնդիրներ, ապա դրանք պետք է իրավական հարթության վրա լուծել: Չի կարելի ամեն մի հարց ամբոխավարությամբ լուծել կամ ուսանողությանն օգտագործել խնդիրներ լուծելու համար: Մենք պետք է մեր դիրքորոշումն արտահայտենք այս հարցում»,- ասաց Էդիկ Մինասյանը:
Իրավագիտության ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը նշեց, որ պետական բարձրաստիճան այրի կողմից արված նման հայտարարությունը հարված է համալսարանի և առավել ևս պետության վարկին: Անձի գործոնով պայմանավորված պետության չմասնակցելը համալսարանի հարյուրամյակին նվիրված պետական միջոցառումների կազմակերպմանը չմտածված քայլ է: Համալսարանը պետք է հանդես գա նախաձեռնությամբ, որտեղ պետք է նշվի Կառավարության, լիազոր մարմնի և համալսարանի կոլեկտիվի պարտականությունները մայր բուհի հանդեպ:
Գագիկ Ղազինյանը նաև հավելեց. «Մենք անձի խնդիր չենք դնում, և կարծում ենք, որ ռեկտորի մնալ չմնալու հարցի շահարկումը, չի կարելի օգտագործել համալսարանը վարկաբեկելու համար:
Յուրաքանչյուր համալսարանական պաշտոնյա` լինի դա ռեկտոր, թե դեկան, պարտավոր է հեռանալ, եթե դա է պահանջում համալսարանի շահը: Այս պարագայում ես խիստ կասկածում եմ նշված շահի առկայության հարցում:
Ցանկացած նախորդ և այսօրվա իշխանություն հայտարարել է գիտությունահենք, կրթությունահենք հասարակության կառուցման մասին, սակայն իրականությունը, ինչպես տեսնում ենք բոլորովին այլ է:
Նման գործելաոճի դեպքում ԵՊՀ-ն վարկաբեկվում է և կորցնում հեղինակությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:
Մենք սխալ ենք վարվել՝ չլինելով պահանջատեր համալսարանի շահերից բխող մեր իրավունքների նկատմամբ: Մենք ընդամենը եղել ենք իշխանություններին լսողի և չհակառակվողի դերում: Երրորդ Հանրապետության առաջին իսկ տարիներից համալսարանը անշեղորեն կորցրել է իր երբեմնի բարձր հեղինակությունը, ինչը հնարավորություն է տվել բոլոր իշխանություններին իրենց ցանկացած ձևով վարվելու համալսարանի հետ: Համալսարանի ունեցած խղճուկ բյուջեով համալսարանը ի պատիվ իր կոլեկտիվի կարողացել է ոչ միայն գոյատևել, այլ նաև որոշակի զարգացում ապահովել, ինչը գնահատելու և համալսարանին օժանդակելու փոխարեն, այն վարկաբեկվում է:
Անգամ անուններ են շրջանառվում, կանոնակարգ փոխելու լուրեր կան, միայն թե ցանկալի մարդ լինի այդ պաշտոնում: Առաջարկս ուժի մեջ է՝ ներկայացնել առաջարկներ նշվածս սուբյեկտներից յուրաքանչյուրի կողմից համալսարանի նկատմամբ ունեցած պարտավորությունների վերաբերյալ» ,- ամփոփեց Գագիկ Ղազինյանը:
Ռեկտորը հիշեցրեց, որ ըստ միջազգային ռեյտինգային սանդղակ Վեբոմետրիքսի՝ ԵՊՀ-ն աշխարհի լավագույն համալսարանների 10%-ի մեջ է՝ անգամ այսպիսի խեղճ ֆինանսավորման պարագայում:
«Այս դեպքում անգամ մարդիկ շարունակում են վատաբանել, ասել, որ համալսարանը վատն է, հետամնաց է, չկա նորմալ բարձրագույն կրթություն և այլն: Հարց է առաջանում, թե մարդիկ ինչ նպատակ են հետապնդում՝ մամուլում և սոցիալական ցանցերում վատաբանելով համալսարանը: Համալսարանը խամաճիկ չէ, այն լուրջ կրթական, գիտական կենտրոն է»,- ասաց ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը, հարցնելով, թե արդյոք իրեն նկատի ուներ ռեկտորը, երբ խոսում էր ուսանողական որոշ խմբերի հետ քննարկումներ անցկացնելու մասին և ստանալով ռեկտորի կողմից դրական պատասխան հիշեցրեց, որ տարիներ առաջ՝ մարտի 1-ից հետո, երբ ուսանողները ցույցեր էին անում, մեծ ջանասիրությամբ դատապարտում էին այդ երևույթը:
«Այդ ժամանակ հնչեց մի միտք, թե՝ բա ինչ պետք է լինի, եթե ուսանողների հետ զբաղվում է Նիկոլ Փաշինյանը: Այդ նույն Նիկոլ Փաշինյանն այնքան զբաղվեց, որ երկրում իրավիճակ փոխվեց, և դրա հետ հաշվի նստեց Սերժ Սարգսյանը և ոչ միայն: Ես հիշեցի, որ Մոսկվայի քաղաքապետ Լուժկովը պաշտոնից ազատվեց վստահության կորստի պատճառով: Ես կարծում եմ, որ պետք է հանդիպել բոլոր ուսանողների հետ, որովհետև բոլորն էլ մերն են: Ես կրկնում եմ այն, ինչ ասել եմ, երբ հավաքվել էին ուսանողական առաջին ցույցերի ժամանակ: Խնդիրն այն է, որ եթե հունվարին Հոգաբարձուների խորհրդին հաշվետվություն եք տվել, ինչո՞ւ հիմա չեք հրավիրում նիստ և բարձրացնում վստահության խնդիր: Շատ է խոսվում ՊՎԾ-ի մասին: Մենք տեղյակ չենք ո՛չ նրանց, ո՛չ Ձեր գրածներից, բայց ներքաշվում ենք այդ խոսակցության մեջ: Մենք աբսուրդ վիճակում ենք, ես դատապարտում եմ իրավիճակը, մեզ չի կարելի դնել խամաճիկի տեղ, բայց որոշողը մենք չենք: Եկեք այս վիճակից այլ կերպ դուրս գանք: Դիմենք խորհրդին, շատ է ձգվում այս թեման, այս անորոշությունը: Կա՛մ այս կողմ, կա՛մ այն կողմ: Ես չեմ սպասում Ձեր հրաժարականին, ես սպասում եմ իրավիճակի հանգուցալուծմանը, որ կարողանանք առաջ գնալ»,- ասաց Վահրամ Դումանյանը:
Ռեկտորը նշեց, որ բացի գործընթացի հետ անմիջական կապ ունեցող պրոռեկտորներից, հաշվապահից և մի քանի վարչության պետերից՝ ուրիշ ոչ ոք չի ներքաշվել գործընթացի մեջ, քանի որ իր համար շատ կարևոր է ուսումնագիտական մթնոլորտի պահպանումը: Ռեկտորը հավելեց, որ իրավասու չէ Հոգաբարձուների նիստ հրավիրելու և որևէ խնդիր բարձրացնելու: Ըստ կանոնակարգի՝ նախատեսված չէ ռեկտորին անվստահություն հայտնել, եթե նրա հաշվետվությունը միաձայն դրական է գնահատվել:
Անդրադառնալով ուսանողների որոշ խմբերի հետ հանդիպումներին՝ ռեկտորը նշեց, որ պետք է հաշվի առնել, որ նրանք ոչ մի կառուցողական քննադատությամբ հանդես չեն գալիս:
«Դուք տեսաք, որ համացանցում տարածվեց, որ նրանց Սորոսի երևանյան գրասենյակը գումար է հատկացրել համալսարանում վարչական վերահսկողության համար: Այստեղ ոչ ոք միամիտ չէ: Ես պատմաբան եմ, ես այս ամենը շատ լավ հասկանում եմ և գիտեմ՝ ինչ է արվում ու ինչպես: Մենք պետք է հանդիպենք նաև մնացած ուսանողների հետ, ոչ թե որոշ հատվածների: Նրանց տարածած նամակներն ընթերցել ու պատասխանել եք, որ պետք է քննարկել, սակայն այստեղ է քննարկման, քննադատման տեղը: Եկեք ու ասեք՝ արժանի չես, որովհետև սա պետք է այսպես անել: Ինչո՞ւ եք երկչոտ դառնում: Ամբողջ ուսանողության կարծիքը 20 հոգի՞ են արտահայտում: Ամեն ոք իրավունք ունի կարծիք արտահայտելու»,- ասաց ռեկտորը՝ հավելելով, որ պատրաստ է և փորձում է լսել բոլորին:
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը նշեց, որ իրեն նախևառաջ հուզում է համալսարանի պատիվը:
«Համալսարանը ոչ միայն գիտության, կրթության օջախ է, այլև հասարակական-քաղաքական մտքի զարգացման կենտրոն: Չարաշահումների, կոռուպցիայի մասին պետք է ոչ թե հայտարարել, այլ ստուգումների ավարտից հետո պատժել մեղավորներին: Այն շոուն, որ ստեղծվում է համալսարանի շուրջ, վարկաբեկում է համալսարանը: Ինձ համար ցավ է, որ մինչ օրս մենք չունենք կառավարական հոբելյանական հանձնաժողով: Մենք պետք է դիմենք ԱԺ-ին, արտախորհրդարանական քաղաքական ուժերին, Սփյուռքի մեր քաղաքական ուժերին՝ օգնելու պատվով կազմակերպել և անցկացնել ԵՊՀ-ի հարյուրամյակը: Եկեք միասնական լինենք համալսարանի անունն ու պատիվը փրկելու համար»,- ելույթով հանդես եկավ Մարատ Գրիգորյանը:
Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանը հիշեցրեց, որ չգիտես ինչու համալսարանը միշտ հայտնվել է քաղաքական ինտրիգների կիզակետում:
«Համալսարանի հարյուրամյակը կարելի է նշել շատ ճոխ նաև մեր ֆակուլտետներում: Խնդիրը, վերջիվերջո, հարյուրամյակը չէ: Արդյո՞ք համալսարանը՝ որպես ազգային կրթօջախ, կպահպանի իր դեմքը, թե՞ դառնալու է շարքային բուհերից մեկը»,- ասաց Ալեքսան Բաղդասարյանը:
Կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Հարությունյանն ասաց. «Քառասուն տարուց ավելի է, որ աշխատում եմ համալսարանում: Մեր բոլոր ռեկտորները եղել են ամենաբարձր մակարդակ ունեցող մարդիկ»:
Նա մտահոգություն հայտնեց ԿԳ նախարարի գիտական վաստակի վերաբերյալ՝ նշելով, որ իր վստահությունը նախարարը չի վայելում:
Վահրամ Դումանյանը կոչ արեց բաց խաղալ, ներքին քննարկումների փոխարեն հանդիպել մեդիայի ներկայացուցիչների հետ՝ հանրայնացնելով սեփական դիրքորոշումները և տեսակետները:
Գագիկ Ղազինյանը, անդրադառնալով անհատական շփումներին, առաջարկեց գիտխորհրդի անունից հայտարարություն տարածել:
65 կողմ, 3 ձեռնպահ ձայների քվեարկությամբ որոշվեց ստեղծել հանձնաժողով, որը կազմելու է գիտխորհրդի հայտարարությունը և հինգշաբթի ներկայացնելու է գիտխորհրդի հաստատմանը:
Քնար Միսակյան
Մարի Ռաֆյան
Երեւանի պետական համալսարան
Ցավալի է, որ իմ սիրելի բուհը դարձել է «բոստան»: Ինչ ունենք մենք հիմա, ուղղակի աղետալի է` կոնսերվատիվ ղեկավար դեմքեր, որոնց համար տարիներ շարունակ ոչինչ՝ նույնիսկ գիտության բնագավառում չի փոխվում, ճահճացում և շարունակական դեգրադացիա: Համեմատության համար նշեմ, նույն հիմքերով դասավանդում մոտ հիսուն տարվա վաղեմության դասախոսություններով հանդերձ, քաղաքականացված մի կառույց` հիշենք «հհկանացումը», երիտգվարդիայի ձևավորում (ուսխորհուրդների անվան տակ) ճնշելու համալսարանում ամեն տիպի ազատություն… Եվ հանկարծ պարոն ռեկտորը խոսում է իր մեծ ներդրուման, գիտական վաստակի ու զարմանալիորեն իր շրջապատը (գիտխորհուրդ) ճառեր են ասում՝ հանգիստ թողեք համալսարանը: Չէ, չէ, սա իսկական աբսուրդ է, ուշքի եկեք սիրելիներս…Ձեզանից շատերին ես ճանաչում ու հարգում եմշ սակայն չեմ ընդունում ձեզ պարտադրված կարծիքը: Ռեկտոր Արամ Սիմոնյանին ընտրել է ՀՀԿ- ն իդեմս Սերժ Սարգսյանի… Արժանի էր թէ ոչ, հիմա ինձ, կամ իմ նման շատ ալմամաթերներին չի հուզում, բայց ես բարձրաձայնում և պահանջում եմ- նման ռեկտորը պետք է հեռանա: Պարոն Սիմոնյանը շատ է սիրում շահարկել, որ ԵՊՀ-ն աշխարհի լավագույն բուհերի տաս տոկոսի մեջ է: Բերում եմ ամենացայտուն օրինակը, որն իսկապես աղետալի է (ըստ տեղի դասակարգում):
2632 Yerevan State University
1447 University of Ghana
2192 Universidade Eduardo Mondlane – Մոզամբիկ