Լրահոս
Օրվա լրահոսը

Թատրոն է, էլի, ով չգիտի, որ սա շինծու գործ է. Բարսեղ Բեգլարյանը՝ իր մեղադրանքի մասին

Փետրվար 19,2019 19:30

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում այսօր ընթացավ «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի և «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հրայր Հովսեփյանի գործով դատական նիստը։

Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին`բռնության գործադրմամբ, դրա գործադրման սպառնալիքով ինքնիրավչության համար։

Լրագրողները Բարսեղ Բեգլարյանին հիշեցրին՝ տուժողն ասում է, որ Բարսեղ Բեգլարյանի ցուցումով են իր նկատմամբ բռնություն կիրառել, Բարսեղ Բեգլարյանը պատասխանեց.  «Է…դու էլ ասա, ասում է , էլի էշ-էշ խոսում է էլի, ամեն ինչի հավատո՞ւմ ես, բալա ջան: Թատրոն է, էլի, եկել մասնակցում ենք. մի քանի տեսարան է, մի քանի մասից կարող է բաղկացած լինել»:

Բարսեղ Բեգլարյանն ասաց՝ մատներին նայում, մեղադրանք են առաջ քաշում ու հայտարարեց. «Ո՞վ չգիտի, որ սա շինծու գործ է Քննչական կոմիտեի ու դատախազության կողմից»:

Լրագրողների հարցին՝ ի՞նչ նպատակ ունեն, Բարսեղ Բեգլարյանը պատասխանեց. «Շատ լավ գիտեք՝ ինչ ունեն, ինձ թվում է փակագծերի տակ լավ գիտեք` Բարսեղ Բեգլարյանն ով է, ում բարեկամն է ու ում ընկերն է»:

Հարցին՝ հեղափոխությունից հետո իր բիզնեսին խոչընդոտե՞լ են, չի՞ վախենում, որ իրեն դուրս կմղեն դաշտից, Բարսեղ Բեգլարյանը պատասխանեց. «Չեն խոչընդոտել: Ինչի՞ց վախենամ: Մենք այնպիսի հրաշալի վարչապետ ու կառավարություն ունենք, որ ինչի՞ց պիտի վախենանք: Մենաշնորհ չի եղել ու չի լինելու»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ վերջին անգամ ե՞րբ է հանդիպել Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանը կատակեց՝  դա գումար արժի, վճարեք, կասեմ. բիզնես մոտեցում եմ ցուցաբերում, հետո էլ շարունակեց. «Չեմ հիշում: Սիրելիներս, Աստված պահապան և օգնական ձեզ, դուք ձեր գործը պատշաճ ձևով արեք, ես ձեր ջանին մեռնեմ: Ասացի՝ թատրոն է, թատրոնի մասնակիցներից մեկն էլ դուք եք: Իսկ թե ով է բեմադրել, ինձնից լավ գիտեք, համենայն դեպս, ռեժիսորը ես չեմ»:

Դառնալով մասնագիտական հարցերին՝ Բարսեղ Բեգլարյանը հայտնեց, որ բենզինի գները չեն նվազելու, հակառակը, միջազգային գները շատ ուժեղ բարձրանում են, և մոտ տասն օրվա ընթացքում համարյա յոթանասուն-ութսուն դոլարով բարձրացել են և, անպայման, բարձրանալու են:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728