Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

2 մարզաուսումնական հաստատություններում ընդհանուր 32.4 մլն․ դրամի վատնում կատարելու առերևույթ դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր

Փետրվար 19,2019 19:07

Գյումրի քաղաքի երկու մարզաուսումնական հաստատություններում առերևույթ նույնաբովանդակ կոռուպցիոն չարաշահումների փաստերի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել են քրեական գործեր։

Մասնավորապես ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի  և Կումայրի բաժիններում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ համապատասխանաբար Գյումրի քաղաքի Բռնցքամարտի և Շախմատի մանկապատանեկան մարզադպրոցների տնօրենները, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, համայնքային ենթակայության նշված մարզադպրոցների տարբեր հաստիքներում աշխատանքի են հրամանագրել իրենց մտերիմներին, ովքեր իրականում ընդհանրապես աշխատանքի չեն հաճախել, սակայն ստացել են իրենց անվամբ հաշվարկված աշխատավարձերը։

Երկու դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր: Դրանց ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ մասնավորապես Բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենը 2013-2018թթ ՀՈԱԿ-ում աշխատանքի է ընդունել 7 քաղաքացու, նրանց հրամանագրելով որպես փոխտնօրեն, մարզիչ /2 քաղաքացու/, հավաքարար, բանվոր /2 քաղաքացու/, պահակ։ Վերջինների անվամբ 2013 թվականից մինչ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը, տարբեր ժամանակահատվածներում, հաշվարկվել և վճարվել է ընդհանուր 23.080.700 ՀՀ դրամ գումարի աշխատավարձ։

Ըստ նախապատրաստված նյութերով ձեռք բերված տվյալների՝ նույն եղանակով «Շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենը 2010-2018թթ. ընթացքում աշխատանքի է ընդունել 5 քաղաքացու՝ նրանցին 4-ին հրամանագրելով որպես մարզիչ-մանկավարժ, մեկին՝ բանվոր։ Վերջիններիս կողմից 2013-2018թթ․տարբեր ժամանակահատվածների կտրվածքով աշխատանքի չհաճախելու պայմաններում նրանց անվամբ հաշվարկվել և վճարվել է ընդհանուր 9.305.696 ՀՀ դրամ գումար։

Նկատի առնելով, որ նախապատրաստված նյութերով ձեռք բերված փաստական տվյալները երկու դեպքում էլ առերևույթ պարունակել են պաշտոնական դիրքի օգտագործմամբ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու հատկանիշներ՝ Շիրակի մարզի դատախազի տեղակալների որոշումներով նշված փաստերի առթիվ հարուցվել է 2 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը։

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728