Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ստեղծվել է մի իրավիճակ, երբ կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը անհասկանալի պատճառներով չի զբաղվել լրատվականների հավատարմագրմամբ և այդ գործն օտարվել է մասնավոր մի ընկերության». Մեդիա Պաշտպան

Փետրվար 19,2019 18:11

Փետրվարի 16-ին, ժամը 16։00-ին Antares Media Holding և The LOFT ընկերությունները կազմակերպել էին վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան-ի «Երկրի Հակառակ կողմը» գրքի քննարկումը։ Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ՀՀ վարչապետը։

Նույն օրը՝ ժամը 18։48-ին, «5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Harutyun Harutyunyan իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ իրենց լրագրողի մուտքը միջոցառման վայր արգելվել է. «Այնպես չի, թե 5-րդ ալիքի լուրերին չեն հետաքրքրում Վարչապետի ներկայությամբ ձեռնարկները, ուղղակի նոր էլիտան հարմար չի գտնում մերոնց թույլ տալ այն լուսաբանել: Եւ դա այն դեպքում, երբ մեկ օր առաջ հեռուստաընկերությունը հավատարմագրում ես և խումբ ես ուղարկում: Խոսքը «Լոֆթում» Նիկոլի գրքի քննարկման մասին է: Նայում էի «Ազատության» ուղիղ հեռարձակումը ու մտածում էի նոր էլիտայի մասին: Դեմք եք տղերք… մեղկ եք»:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության հետ զրույցում Հարություն Հարությունյանն ասաց. «Մեկ օր առաջ հավատարմագրել էինք։ Ուղղակի այն լրագրողի անունը, որ տվել էինք, հաջորդ օրը հիվանդացել էր , չէր կարողացել գնալ, ուրիշ լրագրող էինք ուղարկել օպերատորի հետ։ Մեր լրագրողներն ունեն մեր «Press card»-երը։ Տեղում ասել էին, որ լրագրողը հիվանդ է, բայց նրանց ներս չէին թողել»։

Պրն. Հարությունյանն ասաց, որ կառավարությունից չի ցանկանում որևէ պարզաբանում խնդրել և ոչինչ չի ուզում անել։

Վարչապետի մամուլի քարտուղար Vladimir Karapetian ի սկզբանե զարմացավ, երբ նրան տեղեկացրեցինք, որ 5-րդ ալիքի մուտքը արգելվել է միջոցառմանը. «Ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ, ո՞վ է արգելել, ումի՞ց են հավատարմագրվել»։ Մեր պարզաբանումից հետո, որ Հարություն Հարությունյանը նման խնդրի մասին բարձրաձայնել է իր ֆեյսբուքյան էջում Կարապետյանն ասաց. «Դուք պետք է զանգեք «Լոֆթ»։ Մենք առնչություն չունենք, եթե մեկն էլ արգելել է, դա իրենց հետ խոսեք։ Իրանք են ցուցակը կազմել»։

«Լոֆթի» տնօրեն Արևիկ Համբարձումյանը հերքեց Վլադիմիր Կարապետյանի տրամադրած տեղեկությունը և նշեց, որ իրենք միջոցառման համար ընդամենը հարթակ են տրամադրել և հավելեց, որ իրենք լրատվականների հավատարմագրմամբ չեն զբաղվել։

«Անտարես» ընկերության տնօրեն Արմեն Մարտիրոսյանից պարզեցինք, որ ինքն է զբաղվել լրագրողների հավատարմագրմամբ։ «Հավատարմագրման ամբողջ պատասխանատվությունն իմն է։ Ես դիմել եմ այն լրատվամիջոցներին, որոնք մշակույթ են լուսաբանում։ Այդ մարդիկ (խմբ. 5-րդ ալիքը) երբեք մեր դուռը չեն ծեծել, ես իրանց չեմ ճանաչում։ Կանխակալ ոչինչ չունեմ, ուղղակի չեմ ճանաչում»,-ասաց Անտարեսի տնօրենը։

Ըստ Արմեն Մարտիրոսյանի, իրեն շաբաթ օրն առավոտյան են զանգահարել, երբ ցուցակներն արդեն ուղարկված են եղել այն մարդկանց, ովքեր լինելու էին միջոցառմանը՝ հյուրեր, լրագրողներ։ Ցուցակներն արդեն ուղարկված են եղել նաև անվտանգությանը. «Ես քնած էի, ասացին ավելի ուշ կզանգահարենք, արթնանալուց հետո, որոշ ժամանակ զանգ չստանալով ես եմ զանգահարել իրանց։ Ասացին, որ լրագրող են ուզում փոխել և նշեցին, որ հավատարմագրվել են։ Ես զարմացա, գոնե ես չգիտեի նրանց այդ հավատարմագրման մասին, բայց ենթադրեցի, որ մեր աշխատողներից մեկն է ավելացրել իրենց։ Նրանք ցանկանում էին լրագրող փոխել, քանի որ իրենց լրագրողը հիվանդացել էր։ Ես ասացի, որ անվտանգությունը և արարողակարգը մեզ զգուշացրել են, որ ցուցակները մեկ օր առաջ պետք է տրամադրենք։ Հավելեցի, որ չեմ կարծում, որ որևէ բան կարող եմ փոխել, բայց խնդրել եմ, որ իրենց լրագրողի անձնագիրը նկարեն ուղարկեն։ Ինձ դիմել են նույն հարցով այլ լրատվամիջոցներից ևս։ Ես ասել եմ, որ տեղում կգամ ու կփորձեմ լուծել հարցը, մինչ ես հասել եմ՝ մեր գլխավոր խմբագիրը արդեն անվտանգության և արարողակարգի պատասխանատուներին խնդրել էր լրատվականներից մեկի համար և այդ լրատվականին ներս էին թողել»։

Մարտիրոսյանն իր խոսքում նաև նշեց, որ այն մարդիկ, ովքեր հետևել են իր խնդրանքին ու սպասել են մինչև իրենց տեղ հասնելը, իրենք օգնել են։ «Ես ափսոսում եմ, որ մեկ մեդիա չի եղել, բայց ես եմ իրենց զանգել, որ անձնագիրն ուղարկեն, հենց հիմա իմ հեռախոսի վրա այդ նկարը կա, եթե ես շահագրգռված չլինեի, ինչո՞ւ պետք է զանգեի»։

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը անհասկանալի պատճառներով չի զբաղվել լրատվականների հավատարմագրմամբ և այդ գործն օտարվել է մասնավոր մի ընկերության, որն առհասարակ չպետք է զբաղվեր նմանատիպ կազմակերպչական աշխատանքով։

Հարց է առաջանում ինչո՞վ էր զբաղված վարչապետի մամուլի ծառայությունը։ Անփույթ է գործել նաև 5-րդ ալիք հեռուստաընկերությունը, վարչապետի և առհասարակ երկրի ղեկավարների մասնակցությամբ միջոցառումների ժամանակ, անվանման մեջ 2 տառի սխալը հիմք կարող է հանդիսանալ, որ տվյալ մարդուն ներս չթողնեն։ Իրենց աշխատանքը պատշաճ և հստակ չեն կատարել նաև վարչապետի արարողակարգը և անվտանգությունը՝ լրատվականի են ներս թողել, որը նախապես գրանցված չի եղել։

Հ.Գ. «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչված է Հայաստանում պաշտպանելու խոսքի ազատությունը և հասարակության անկողմնակալ տեղեկատվություն ստանալու իրավունքը։

Մեդիա Պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728