Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սա ոչ միայն բնապահպանական, այլև ռազմավարական և ազգային անվտանգության խնդիր է. ահազանգում են բնապահպանները

Փետրվար 19,2019 17:57

«Էկոլոգիական վիճակը Հայաստանում մտահոգությունների առիթ է տալիս, քանի որ սննդամթերքն ուղղակի սպառնալիք է դարձել մարդկանց առողջության համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայաստանի էկոլոգիական վիճակից, հանքարդյունաբերության առաջացրած խնդիրներից՝ ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը: Բանախոսի խոսքով՝ վերջերս հրապարակվել են չեխական կազմակերպության՝ Լոռիում կատարած հետազոտության արդյունքները, որոնք շատ մտահոգիչ են. սննդի մեջ հայտնաբերվել են դիոքսիններ: Դիոքսինները կարող ենք խնդիրներ առաջացնել իմունային համակարգի, հորմոնալ խանգարումների և քաղցկեղի առաջացման հետ կապված: Իսկ Սյունիքի մարզում ավելի վաղ կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բանջարեղենի և մրգերի մեջ ծանր մետաղների առկայություն կա:

«Նոր իշխանությունները համաձայնեցին մեր երեք առաջարկների հետ. հանքարդյունաբերությունը հանել երկրի զարգացման առաջայնություններից, դադարեցնել նոր լիցենզիաների տրամադրումը մետաղային հանքերի գործարկման հետ կապված, քանի որ բաց հանքերով ուղղակի ծածկել ենք տարածքները և 23 պոչամբար ունենք, որոնք հիմնականում տեղաբաշխված են Լոռիում և Սյունիքում. դրանք ուղղակի քաղցկեղի նման ծածկում են տարածքը: Առաջարկներից 3-րդը հանձնաժողով ստեղծելն ու խնդիրը ուսումնասիրելն էր: Հանձնաժողովը կար, բայց ավելի շատ ուսումնասիրում էր կոռուպցիոն, այլ ոչ թե առողջությանը վնասող ռիսկերը: Չնայած երբ մենք հանդիպեցինք նախորդ առողջապահության նախարարի հետ, պարոն Ալթունյանն ամեն ինչ ընդունեց, բայց հետո ասաց՝ քաղաքական խնդիր է, ի՞նչ անեմ»,- իր խոսքում ասաց բնապահպանը:

Բնապահպան, Հայ-ռուսական համալսարանի դասախոս Գագիկ Սուխուդյանն էլ նշեց, որ իրենք վաղուց են պայքարում անհաջող հանքարդյունաբերության դեմ: Ըստ նրա՝ մի այսպիսի երևույթ կարելի է արձանագրել և հանքարդյունաբերության, և քաղաքաշինության, և հասարակական հարաբերությունների մեջ. շահույթը առաջնային է, իսկ բնությունը գնում է երկրորդ պլան:

Տիկին Դանիելյանն էլ , ընդհատելով բանախոսին, ավելացրեց. «Ընդ որում՝ մի խումբ մարդկանց շահույթը, ոչ թե երկրի: Երբ նայում ես, տեսնում ես, որ հանքարդյունաբերության 2-3 տոկոսն է ընդամենը գնում ՀՆԱ»:

Պարոն Սուխուդյանը, շարունակելով իր խոսքը, մտահոգություն հայտնեց, որ եթե այս իրավիճակը չփոխվի, Վայոց Ձորն իրոք կմեռնի: Բանախոսը նկատեց, որ Խորհրդային Միության ժամանակ արգելվում էր բաց եղանակով օգտագործել հանքերը, նույն Սոթքը նախատեսված էր փակ եղանակով շահագործման ենթարկելու համար. սարերը, ձորերը, անտառները մնում էին:

«Երբ մենք բռնեցինք անկախության ուղին, արեցինք այն, ինչը չէր կարելի: Այսօր պատերազմական վիճակի մեջ լինելով՝ մենք վերացնում ենք մեր բարձունքները: Սա ոչ միայն բնապահպանական, այլև ռազմավարական և ազգային անվտանգության խնդիր է: Ամուլսարն ունի 3000 մ բարձրություն և գտնվում է սահմանից ոչ հեռու: Վերացնելով Ամուլսարը՝ մենք այդ առումով մերկանում ենք: Ինչ զենք ուզում է լինի, բարձունքները մնում են բարձունք: Այն ինչ պիտի աներ մեր ռազմավարական թշնամին, մենք ենք անում. պայթեցնում ենք մեր սարերը, աղտոտում ենք մեր ջրերը, տանում ենք մեր հարստությունը և կարծես նույն պատերազմն է հայտարարված, բայց Հայաստանի ներսում, որից էլ տուժում է բնակչությունը: Սա հրատապ խնդիր է»,- հավելեց պարոն Սուխուդյանը:

Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728