Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես գոհ եմ, որ հիմա դուք ձեզ կարող եք թույլ տալ այդ ազատությունը քննադատել իշխանությանը». Վլադիմիր Կարապետյանը՝ որոշ խմբագիրների

Փետրվար 19,2019 17:21

«Մեր այս քննարկմանը, այն տոնայնությունը, որով Սաթիկ Սեյրանյանը խոսում է, Հարություն Հարությունյանը, ցույց է տալիս, որ իսկապես տեղի է ունեցել հեղափոխություն: Ես չեմ տեսել մի քանի տարիներ՝ 2-4 տարի առաջ նման խիստ կեցվածք իշխանությունների նկատմամբ: Ես գոհ եմ, որ հիմա դուք ձեզ կարող եք թույլ տալ այդ ազատությունը եւ հանդես գալ նման քննադատական խոսքով իշխանությունների նկատմամբ»,- այսօր մամուլի նկատմամբ ճնշումների թեմայով քննարկմանը վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն այսպես արձագանքեց այն խմբագիրներին, որոնք քննադատել էին իշխանություններին: Մասնավորապես խոսքը «168 ժամի» գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանին, 5-րդ ալիքի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանի մասին է:

Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ 70 տոկոս աջակցություն ունեցող ուժին ԶԼՄ-ների 90 տոկոսը քննադատում է. «Դա ես չեմ համարի ողբերգություն, բայց սա մարտահրավեր է»:

«Հրապարակի» խմբագիր Արմինե Օհանյանը հարցրեց՝ ըստ ձեզ, այդ 90 տոկոսը, որ քննադատում է, գտնվում է նախկին «իշխանությունների տա՞կ», Կարապետյանը պատասխանեց, որ չի կարող ասել: Նա ասաց, որ հետհեղափոխական շրջանում ինքն էլ է նկատել որոշ դրսեւորումներ, որոնք անցնում էին հանդուրժողականության սահմանը, բայց դրանք մեղմվել են, եթե ոչ՝ ԶԼՄ-ները կարող են լինել հետեւողական. «Կփորձենք թիրախային անդրադառնալ այդ անհանդուրժողականության դրսեւորումներին, եթե համարում եք, որ դրանք կան»:

Վլադիմիր Կարապետյանն ասաց, որ այսօր մենք ունենք մի վարչապետ, որը շատ բաց է ԶԼՄ-ների համար, նույնիսկ աննախադեպ բաց է. «Դուք ունեք ոչ թե հակամարտության կողմ, այլ գործընկեր կառավարություն: Ես լինելով այս պաշտոնին, ուրախությամբ եւ հաճույքով կաշխատեմ ձեզ հետ: 2015, 2016, 2017 թվականին կառավարությունն ուներ 50-60 հարցումներ, 2018-ին՝ 130: Հունվար-փետրվարին արդեն շուրջ 50 հարցում է եկել: Շատ ուրախ ենք, որ նման ակտիվություն կա»:

Նա վստահեցրեց, որ անհանդուրժողական վերաբերմունք չկա կառավարության կողմից ԶԼՄ-ների նկատմամբ. «Եթե վարչապետը նման ոճով է աշխատում՝ բաց, այդ հանձնարարությունը տվել է նաեւ ինձ, կառավարության մյուս անդամները նույնպես պետք է նման ոճով աշխատեն»:

ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանի դիտարկմանն ի պատասխան, որ հույս ունենք իշխանության չար մտադրությունը՝ կարգավորել մամուլի դաշտը, դրան ականջալուր չեք լինի՝ Վլադիմիր Կարապետյանն ասաց, որ ասեկոսեները պետք չի քննարկել:

Միջամտեց Սաթիկ Սեյրանյանը՝ «պատգամավորը, որ գրում է, ասեկոսե՞ է, մի հատ իմանանք, էլի, կամ որ ԱԺ ամբիոնից փոխնախագահները ինչ-որ բան են ասում, դա ասեկոսե՞ է»: Վլադիմիր Կարապետյանը հակադարձեց՝ «Ի՞նչ ինչ-որ բան, այն, ինչ օրենքի սահմաններում հայտարարում են՝ լավ են անում: Ինչ վերաբերում է մամուլի դաշտը կարգավորելուն, որեւէ նման բան չկա ու անլուրջ եմ վերաբերվում անգամ քննարկել ու լուրջ վերաբերվել նման հայտարարություններին»: Սաթիկ Սեյրանյանն ասաց, որ պաշտոնը ստիպում է որոշ մարդկանց լուրջ վերաբերվել, բա ի՞նչ անենք, շատ դժվար վիճակում ենք, լո՞ւրջ ընդունենք, թե՞ ոչ՝ Վլադիմիր Կարապետյանն էլ արձագանքեց. «Դուք վերջապես ձեռք եք բերել ազատություն վերջին 9 ամսվա մեջ, ազատորեն կարող եք քննադատել»:

Բանավեճը շարունակվեց, երբ Սաթիկ Սեյրանյանն ասաց. «Ձեզ Լենին պապիի տեղը մի դրեք, թե էս լավ կյանքը դուք եք մեզ տվել, մենք ազատ էինք»: Կարապետյանն էլ ասաց, որ շատ լավ գիտի այդ ազատության սահմանը որքան է եղել առաջ ու որքան է հիմա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728