Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Եվրամիության հետ համատեղ մտադրված են Գեորգի Գյուրջիևի կենտրոն հիմնել։ Հիշեցնենք, որ աշխարհահռչակ միստիկ փիլիսոփան ծնվել ու մեծացել է Ալեքսանդրապոլում, Տիխայա՝ այժմյան Մատնիշյան փողոցի թիվ 35 տանը։ Այդ թաղամասը հայտնի է եղել որպես ուռումների՝ հունադավան հայերի թաղամաս։
Հայրը՝ աշուղ Ադաշը, հուղարկավորված է Գյումրիում։
«Շատ ենք ուզում Գյուրջիևի կենտրոն հիմնել, հիշո՞ւմ եք Մոնտալտոյին (խոսքը Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյի մասին է, Ա․ Ն․) մի շենք տվեցինք՝ Գյումրի ռեստորանի շենքի շարունակությունը, որտեղ ինքը պիտի Գյուրջիևի կենտրոն սարքեր, անհատույց վարձակալությամբ վերցրեց, բայց էդպես էլ ձայն բարբառո անապատի, մինչև հիմա ձայն չկա։
Իհարկե, մենք կստիպենք Մոնտալտոյին իր խոստումը կատարել, բայց ես հիմա մի ուրիշ շենք եմ գտել, որը ուզում ենք Գյուրջիևյան կենտրոն սարքել Եվրամիության հետ։ Հիմա այդ ծրագիրը փորձում ենք իրականացնել։ Մեր մասնակցությունը նույնպես կլինի, և մենք այդ ծրագիրը կիրականացնենք, որովհետև Գյուրջիևի անունը քաղաքին անհրաժեշտություն է։
Եթե Գյուրջիևի թանգարանը ստեղծեցինք Ռուսթավելու անվան փողոցում (խոսքը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ վերանորոգված պատմական փողոցներից մեկի մասին է Ա․Ն․), կառաջարկենք, կքննարկենք նաև այդ փողոցը Գյուրջիևի անունով անվանակոչելու հարցը։ Գիտեք, Գյուրջիևի անվան ինչպիսի հիմնադրամ կա, ինչպիսի հետևորդներ ունի, և հայրն այստեղ է թաղված։ Այս ամբողջ պատմությունը պիտի կարողանանք վեր հանել և նրա անունը բարձր պահենք, դրանով մենք կբարձրացնենք նաև մեր քաղաքի անունը, պատմությունը»,-ասաց Սամվել Բալասանյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
աշուղ Ադաշի գերեզմանը Գյումրիում։
https://www.youtube.com/watch?v=7At90F54E3E