Լրահոս
Օրվա լրահոսը

5-րդ ալիքի տնօրեն. «Միջամտությունները եղել են ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, ե՛ւ Սերժ Սարգսյանի ժամանակ, ե՛ւ Քոչարյանի ժամանակ, ե՛ւ այդ միջամտությունները կան նաեւ Նիկոլ Փաշինյանի ժամանակ»

Փետրվար 19,2019 16:30

Այսօր ՄԱԱ-ում մամուլի նկատմամբ ճնշումների, ԶԼՄ-ների եւ ներկայիս իշխանությունների հարաբերությունների մասին քննարկման ժամանակ 5-րդ ալիքի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը դժգոհեց, որ մամուլի հաղորդագրություններում գործը կարում են մարդու վրա, այնպիսի տպավորություն է, որ մեղքը հաստատվել է: Ըստ նրա, կան բաներ, որ չի կարելի ասել բաց տեքստով: Որպես օրինակ, նա նշեց Հայաստան համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի գործը, նա ասաց, որ այդ մամուլի հաղորդությունը կարդացել է ամբողջ գիշեր չի քնել: Մարդուն սեւացնում են, բա որ հետո պարզվի, որ անմեղ է. «Հաղորդագրության մեջ սկզբից գրում են, մարդուն կեղտոտում են, մրոտում են, հետո արդեն կարեւոր չի, թե ինչ կմտածեն»:

Նա հարցրեց՝ «Նիկոլ Փաշինյանը քանի ամիս է՝ վարչապետ է, մինչեւ էսօր չի պատասխանել, թե ո՞ւմ նկատի ուներ, ո՞ր հեռուստաընկերությանը, երբ ասում էր՝ հակապետական գործունեությամբ է զբաղվում: Դա մե՞զ էր վերաբերում, վարչապետը ո՞ր հեռուստաընկերությանը նկատի ուներ: Վերջին 10-20 տարիների ընթացքում երբեք այս տեսակի ճնշումներ չեն եղել»:

Նա հիշեցրեց Yerevan.today-ի խմբագրությունում խուզարկությունը, «Լոֆթում» Փաշինյանի գրքի քննարկումը. «Վարչապետի գրքի քննարկմանը չեն թողնում ԶԼՄ-ն մտնի, այն դեպքում, երբ նախորդ օրը ԶԼՄ-ն հայտ է ներկայացրել: Հասկանում ենք, վարչապետի աշխատակազմը չի թողողը, նրանք են, ովքեր կազմակերպել են քննարկումը, բայց շունը տիրոջը չի ճանաչում: Ինձ հարցնում են՝ միտումնավո՞ր է, որ ձեզ չեն թողել, ասում եմ՝ չէ, պատճառը փնթիությունն է՝ փնթի աշխատանքի արդյունք է, ես չեմ կարող մեղադրել վարչապետի աշխատակազմի աշխատողին»: Ի պատասխան՝ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հարցրեց՝ գոնե փորձե՞լ եք մեկ անգամ կապ հաստատել կառավարության լրատվականի հետ, Հարությունյանն ասաց, որ ոչ, չի փորձել:

Հարություն Հարությունյանը նաեւ ասաց, որ եթե իշխանություններին ֆեյսբուքն է ձեռնտու, ուրեմն թող փակեն բոլոր ԶԼՄ-ները, ամեն ինչ վերջանա. «Վիրավորական է, երբ պաշտոնյան դուրս է գալիս, միկրոֆոններին նայում է, աչքով ուզում է տեսնի՝ իր ցանկացած միկրոֆոնը կա՞, որ շուռ գա, հարցի պատասխանը այ էդ մի միկրոֆոնին ասի: Պարտավորվածություն է զգում այ էդ մի միկրոֆոնի մեջ խոսելու, վիրավորական է: Մենք ունենք ազատ մամուլ, հեռուստատեսություն, ռադիո, սիրուն չի, երբ ձեր բոլոր մեսիջները մի լրատվամիջոցով եք ուղարկում»:

Հարցին՝ դուք Հանրային հեռուստաընկերության ղեկավարներից եք եղել նախկինում, չի՞ փոխվել որեւէ բան, բա նախկին իշխանությունների ժամանակ ճնշումներ չե՞ն եղել՝ Հարությունյանը պատասխանեց. «Իհարկե, փոխվել է, բայց էդ որ ասում եք՝ ճնշումներ…ճնշումներ, չի՛ եղել ճնշումներ, եղել են միջամտություններ: Դրանք տարբեր բաներ են: Այդ միջամտությունները եղել են ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, ե՛ւ Սերժ Սարգսյանի ժամանակ, ե՛ւ Քոչարյանի ժամանակ, ե՛ւ այդ միջամտությունները կան նաեւ Նիկոլ Փաշինյանի ժամանակ»:

Վլադիմիր Կարապետյանը հորդորեց կոնկրետ օրինակներով խոսել. «Կասե՞ք մի քանի օրինակ Նիկոլ Փաշինյանի միջամտության, 1-2 օրինակ»: Հարությունյանը պատասխանեց. «Եթե ես իմանայի, օրինակներով կգայի»: Նա հավելեց, որ այն, որ այսօր մամուլը շատ ավելի ազատ է, քան նախկինում, դա իշխանությունների նվերը չի. «Ոչ ոք չի հերքում, որ ազատությունը կա, բայց նաեւ կա վատ վերաբերմունքը, որը հակառակ էֆեկտն է բերելու: Ո՞նց է լինում, որ 10-12 զանգ ու հայհոյանքներ ես ստանում եմ մի հեռախոսահամարից: Երբ որ իմ խմբագրություն զանգում են մարդիկ, խոսում են, մենք հասկանում ենք՝ էս մարդը հավանել է, կամ չի հավանել, բայց երբ որ ստանում ենք 10-12 զանգ մի համարից, զանգում են, աղջիկը վերցնում է ու սկսում են ամենավերջին հայհոյանքները, սա գիտե՞ք ինչ է, երակի նման մի բան է, կազմակերպում են՝ եկեք էսինչ տեղը մի հատ զանգենք, քֆրտենք»:

Վլադիմիր Կարապետյանը հարցրեց՝ դիմե՞լ եք ոստիկանություն՝ Հարությունյանը պատասխանեց. «Չէ, ինչի՞ դիմեմ ոստիկանություն, խի ոստիկանությունը չգիտի՞ էս ամեն ինչի մասին, շատ լավ գիտի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728