«Ազգային առաջընթաց», «Արդարություն», «Գործարար», «Հայք-հայկազունիներ», «Քրիստոնեադեմոկրատական վերածնունդ», «Նժդեհյան ցեղակրոն» եւ «Հայ կառուցողական» կուսակցությունները, ինչպես նաեւ՝ «Զարթոնք» նախաձեռնող խումբը, «Ժողովրդի ձայն» նախաձեռնությունը եւ «Հայ մասնագետների խորհուրդը» միավորվել են մեկ նախաձեռնության շրջանակում, որի անվանումն է «Նոր սահմանադրություն»: Ինչպես այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրին նախաձեռնության ներկայացուցիչները, նպատակը սահմանադրական փոփոխությունների քննարկման հարթակ ստեղծելն է՝ հանրության լայն շրջանակների եւ շահագրգիռ քաղաքական ուժերի ներգրավմամբ:
«Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Լուսինե Հարոյանը կարծիք հայտնեց. «Նախկինում իշխող կուսակցությունը մասնագետների էր հրավիրում, որոնք այդ պահին հարմար օրենսդրական նախագծեր էին մշակում, այսինքն, իրենց գրած սահմանադրությունը սպասարկում էր տվյալ կուսակցության շահերը: Առաջին անգամ մենք ստեղծում ենք համաժողովրդական հարթակ: Հանրային լայն քննարկումներ պետք է լինեն Սահմանադրության փոփոխությունների հարցով»:
«Հայ կառուցողական կուսակցության» ղեկավար Անդրիաս Ղուկասյանն էլ որպես օրինակ մատնանշեց, որ գործող սահմանադրությունը չի երաշխավորում անվճար բարձրագույն կրթության կամ հանգստի իրավունքները, ՏԻՄ մարմինների լիազորությունների սահմանափակման հետեւանքով էլ Երեւանն իր ներուժով գերազանցում է մյուս բոլոր համայնքներին. «Սա անարդարություն է, որը նաեւ արտագաղթի պատճառ է հանդիսանում»:
Անդրիաս Ղուկասյանը համոզված է, որ արդարադատության համակարգի խնդիրների լուծումը եւս սահմանադրական փոփոխությունների մեջ պետք է փնտրել. «Այսօր «Քաղաքացիական պայմանագիրն» իրականում լիովին վերահսկում է գործադիր եւ օրենսդիր մարմինները, մինչդեռ կարծում ենք, որ դրանց բաժանումը Սահմանադրությամբ պետք է հստակ ամրագրվի: Տարիներ առաջ Շարմազանովն ասում էր, որ իշխանությունն անցնում է Մելիք-Ադամյան փողոցով: Այսօրվա իշխանությունը նման հայտարարություն չի անում, բայց այդ սկզբունքն է գործում: Կամայականության աստիճանը շատ բարձր է, ուստի հիմա են անհրաժեշտ սահմանադրական բարեփոխումներ»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ «ձեր կարծիքով, իշխող կուսակցությունը քաղաքական կամք ունի՞ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու»: Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց. «Տեսանելի չէ այն հստակությունը, որը ցանկալի էր տեսնել: Եթե հեղափոխությունը չի բերում սահմանադրության փոփոխության, ապա դա ոչ թե հեղափոխություն էր, այլ իշխանափոխություն»: Լուսինե Հարոյանն էլ հավելեց. «Առայժմ չենք տեսնում այդ կամքը, մինչդեռ այդ կուսակցությունն իշխանության գալուց հետո ինքը պետք է նախաձեռներ մայր օրենքի փոփոխությունները»:
https://www.facebook.com/aravot.am/videos/351260518819816/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ