ՌԴ Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան եւ խորհրդարանում կայացած հանդիպումները ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը դրական է գնահատում: Այսօր լրագրողների հետ զրույցում Միքայել Մելքումյանն ասել է, որ սկզբի համար պայմանավորվածություն է ձեռք բերվել`տարին մեկ անգամ հանդիպումներ ունենալու մասին, որոնք ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցեր:
Միքայել Մելքումյանն օրախնդիր է համարում, օրինակ` մաքսատուրքերի աճը, որը ենթադրվում է երրորդ երկրներից մեքենաների ներկրման պարագայում: Այդ հարցով իր ղեկավարած հանձնաժողովն առաջիկայում աշխատանքներ է տանելու:
«Մինչեւ հիմա մեքենաներ ներկրվում էին հայտարարագրված արժեք՝ գումարած տոկոս, հիմա դա լինելու է շարժիչի հզորությունից կախված, որն էապես կբարձրացնի գինը: Մենք պետք է կարողանանք ակտիվ մտնել ԵԱՏՄ հանձնաժողով: Ղազախստանն ու Բելառուսը ակտիվ մասնակցում են մաքսատուրք իջեցնելու հարցին, ՀՀ-ն շատ պասիվ է»,- մանրամասնեց նա:
Հանձնաժողովը ակտիվ կաշխատի նաեւ Ռուսաստանում հայկական վարորդական վկայականով ավտոմեքենա վարելու արգելքը չեղարկելու ուղղությամբ: Հարցը Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության այցի ժամանակ քննարկվել է: Քննարկումներից Միքայել Մելքումյանը հասկացել է`ՌԴ-ում քաղաքական մակարդակով որոշում կա դա անելու:
Ի դեպ, այժմ, ՌԴ-ում զբոսաշրջության նպատակով այցելած ՀՀ քաղաքացիներին թույլատրվում է մեքենա վարել իրենց վարորդական վկայականով, մինչդեռ եթե ՀՀ քաղաքացին աշխատում է ՌԴ ընկերություններից մեկում եւ ունի ՀՀ կողմից տրված վարորդական վկայական, նա չի կարող վարել ավտոմեքենա: Միքայել Մելքումյանը հավաստիացնում է`ամեն ինչ անելու են այդ սահմանափակումը հանելու համար:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ