Անցած շաբաթ, Սոչիում կայացած Ռուսական ներդրումային համաժողովին, ինչպես հայտնի է, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով, մասնակցում էր նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Գագիկ Ծառուկյանն առաջարկել է Հայաստանում ԵԱՏՄ երկրների համար ազատ տնտեսական գոտի ձեւավորել: Այդ մասին այսօր հայտարարեց ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:
«Մի կողմից արդյունաբերական գոտիների հարցերի շուրջ մեր օրենսդրությունը անդամ երկրների հետ պիտի լինի համադրելի: Այդ առումով մենք պատրաստված ենք: Երկրորդ՝ այդ ազատ տնտեսական գոտիների համար Հայաստանում պետք չէ օրենք լինի, քանի որ կառավարությանը տրված է լիազորություն` տվյալ տիրույթը հայտարարել որպես ազատ տնտեսական գոտի»,- ասաց Միքայել Մելքումյանը:
Նա հավելեց, որ ազատ տնտեսական գոտին ենթադրում է, որ մաքսային սահման չի լինի, կլինի հարկերից ազատում, մտավոր սեփականության արագ գրանցում, ապահովագրություն:
Միքայել Մելքոմյանի կարծիքով, եթե Հայաստանը ԵԱՏՄ-ին լիարժեք ինտեգրվում է, ապա, ՌԴ բանկերը նույն մատչելի տոկոսադրույքներով վարկեր կարող են տրամադրել նաեւ Հայաստանում: Իսկ դա նշանակում է միասնական էներգետիկ շուկա, գազի եւ էլեկտրաէներգիայի միասնական գին՝ ավելացրած տարանցման ծախսերի եւ լոգիստիկայի համադրելիություն: «Էլ ինչի՞ համար է ինտեգրացիան: Հո՞ օդի համար չէ, որ անունը դրել ենք ինտեգրացիա, բայց չկարողանանք օգտվել միասնական շուկայի հնարավորություններից»,- ասաց Միքայել Մելքումյանը` հավելելով, որ Գագիկ Ծառուկյանի առաջարկը բավականին պրոֆեսիոնալ եւ կշռադատված է, այն իմաստով, որ Հայաստանում ստեղծում ենք մի գոտի, որտեղ ավելի նպաստավոր պայմաններ կան, քան ՌԴ, Բելառուսի կամ Ղազախստանի միջավայրում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ