Նինելին սպանել է ամուսինը: Ավտոմեքենայի համար նախատեսված երկաթե բանալիով այնքան է հարվածել կնոջ գլխին՝ մինչեւ որ նա մահացել է: Հանցագործությունը կատարելուց հետո ամուսինը զանգահարել է որդուն եւ պատմել, որ սպանել է կնոջը եւ ասել է, որ սպանելուց հետո ուզել է կնոջ դին այրել, սակայն քանի որ տանը եղել է հարսը, խղճացել է հարսին ու չի այրել:
Ընտանեկան բռնության այս եւ այլ դեպքերի մասին այսօր պատմեց իրավաբան, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամ Ստելլա Չանդիրյանը՝ «Գենդերային բռնությունը Հայաստանում. Հիմնախնդիրներ եւ իրավական կարգավորումներ» համաժողովում:
Նինելի դեպքի մանրամասները՝ տեսանյութ
Նարինեի սպանության մեջ նույնպես ամուսինն է մեղադրվել: Ստելլա Չանդիրյանի խոսքով, նրանք համատեղ ամուսնության ընթացքում 3 երեխա են ունեցել, եւ կինը ամուսնու կողմից պարբերաբար ենթարկվել է բռնության: Այդ մասին մոր սպանությունից հետո անչափահաս երեխաներն էլ են վկայել: Նարինեի ամուսինը՝ Արթուրը, կասկածներ է ունեցել, որ կինն իրեն դավաճանում է, անհեթեթ պատճառներով վիճաբանություններ է ունեցել: Երբ Նարինեն ամուսնուն հայտնել է, որ կբաժանվի, ամուսինն ասել է՝ կսպանի: Արմավիրի մարզից Երեւան վերադարձի ճանապարհին կնոջը ծեծել է, ապա խեղդել եւ դիակը նետել ջրամբարը:
Ոստիկանության քրեական հետախուզության եւ գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանի խոսքով, տարեցտարի ընտանեկան բռնության դեպքերը նվազում են, բացի այդ դիմելիությունն է բարձրացել: Եթե 2016 թվականին եղել է սպանության 66 դեպք, 14-ը կանայք են, որոնցից երեքը ընտանեկան բռնության զոհ են: 2017-ին գրանցվել է սպանության 50 դեպք, որից 7-ի դեպքում տուժող են հանդիսացել կանայք, որից 4 դեպք ընտանեկան բռնության զոհ են: Սակայն 2018-ին մեր երկրում գրանցվել է սպանության 35 դեպք, որից 6-ի դեպքում տուժել են կանայք: Նրանցից երկուսը ընտանեկան բռնության զոհ են դարձել:
Մանրամասները՝ տեսանյութում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Արմինե Թանաշյանի խոսքով, հիմնական խնդիրը ոչ թե երեւույթի քրեականացումն է, այլ կանխարգելումը:
«Կրկնակի դեպքերը ավելի քչացել են: Բռնություն կիրառողները, երբ տեսնում են, որ հաշվառված են, նրանց հետեւում են եւ հաջորդ անգամ հնարավոր է՝ խիստ միջոցառումներ իրականացվեն եւ տնից կհեռացվեն՝ ինչպես օրենքով սահմանված կարգով է, սա բավականին մեծ կանխարգելիչ նշանակություն ունի:
Ըստ կոալիցիայի անդամների, Հայաստանում կանանց նկատմամբ բռնության հետեւանքով ամեն տարի մահվան դեպքեր են լինում: Նրանց խոսքով, վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանի կանանց 2/3-ը իրենց կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ ֆիզիկական բռնության են ենթարկվել զուգընկերոջ կողմից:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ